Շուտով կլրանա Արցախյան 44-օրյա պատերազմի մեկ տարին: Պատերազմ, որ ընդհատեց հազարավոր կյանքեր և երջանկությունը հարյուր հազարավորների` կանանց, աղջիկների, մայրերի… Մեր այսօրվա զրուցակիցը Տաթև Կարապետյանն է` հերոս Արման Մեսրոպյանի կինը, Արմանի երկու որդիների մայրը:
Տաթևին ճանաչում եմ 2017 թվականից: Ես Ստեփանակերտում ազգային պարեր էի սովորեցնում, ինքն էլ մասնակցում էր դասերին: Արցախի պետական համալսարանի «Կերպարվեստ» բաժնում էր սովորում մեր խմբի գյումրեցի Տաթևը: Արցախում՝ հայաստանցի, Արցախից դուրս արցախցի էր Տաթևը, ու ես Տաթևին շատ էի սիրում:
Վերջերս ֆեյսբուքում տեսա Տաթևի էջը: Արագ թերթեցի լուսանկարները, հետո նորից, մի քանի անգամ: Լուսանկարների հերթականությունը կյանքի անժամանակ ընթացքի էր նման, որին չէի կարողանում հավատալ: Ահա իմ սիրելի Տաթևը որպես ուսանող, ընկերոջ` Արմանի հետ, լուսանկար` նշանադրության օրվանից, պսակադրություն Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, Գեղամը` Տաթևի և Արմանի առաջնեկ որդին, հետո 2020 թ.: Արմանի լուսանկարը, զինվորական համազգեստով: Արմանը զոհվել է հոկտեմբերի 15-ին՝ Ջաբրայիլում:
Արարատի մարզի Արևշատ գյուղի մուտքի մոտ ենք հանդիպում Տաթևին, Գեղամին և Տաթևի հայրիկին: Եկել են մեզ դիմավորելու: Քաշաթաղում 2 տուն կորցնելուց հետո Արևշատ ու Աբովյան գյուղերում են տներ վարձակալել: Տաթևի ձեռքին ծաղիկներ են, գերեզմանատունը հենց գյուղի մուտքի մոտ է: Գեղամը հավաքում է չորացած ծաղիկները, Տաթևը թարմ ծաղիկներ է դնում ամուսնու գերեզմանին: «Խնկի բույրը սովորական է դարձել»,- ասում եմ ինչ-որ բան ասելու համար: «Ամեն ինչ արդեն սովորական է»,- ասում է Տաթևը: Արցունքները թաքցնելու համար նայում ենք փոքրիկ Գեղամին… Լուսանակարից նայում է Գեղամի 28-ամյա հերոս հայրիկը: Գեղամը դեռ 2 տարեկան չկա:
Գնում ենք տուն: Մի քանի օր անդադար մտածել եմ` ի՞նչ հարցեր տալ… ոչինչ չեմ հիշում: Տանը մեզ դիմավորում են Տաթևի մայրը և Տաթևի ու Արմանի 2-րդ որդին` Արմանը: Մեկ ամսական, փոքրիկ Արմանը խաղաղ ժպտում է քնի մեջ, հայրն այդպես էլ չի իմացել որ նորից զավակ է ունենալու:
-Վերջին անգամ հոկտեմբերի 14-ին եմ հեռախոսազանգով խոսել Արմանի հետ: Հոկտեմբերի 15-ին իմացա, որ երեխայի եմ սպասում: Նույն օրն էլ Արմանի դեպքն է եղել, ինձ հաջորդ օրը ասացին: Երեխայի սեռը չգիտեի, բայց հենց այդ օրն եմ որոշել, որ եթե որդի ունենամ, անունը Արման պետք է լինի,- պատմում է Տաթևը:
Մի ձեռքով երեխաներին խնամում, մյուսով հյուրասիրում է մեզ ու պատմում, թե ինքը ինչպես է գնացել Արցախ, ինչպես է ծանոթացել Արմանի հետ, ինչքան երջանիկ է եղել…
-Ես մեկ տարեկան էի, երբ Ուկրաինայից գնացինք Արցախ` Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղ: 2015 թ. Մուշում դպրոցն ավարտեցի: Սեպտեմբերի 1-ին եմ ծանոթացել Արմանի հետ. ես դպրոց էի գնացել որպես հյուր, ինքը աշխատանքից էր վերադառնում: Սկսել ենք շփվել 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ: Արմանը տանից փախել, կամավոր կռիվ էր գնացել, բայց եկել, ինձ հրաժեշտ էր տվել:
Այդ հրաժեշտի ժամանակ էր, որ Արմանը Տաթևին նամակ էր տվել, գրել, որ գնում է մի տեղ, որտեղ ամեն ինչ հնարավոր է, որ գնում է ու չգիտի` էլ կկարողանա ծաղիկ բերել Տաթևին, թե՝ ոչ, և որ ինչ էլ պատահի, թող Տաթևը իրեն չմոռանա:
- Միշտ ասում էր` ես քեզ դժվարությամբ եմ հասել, ինձ շատ ես տանջել, տես ամուսնանալուց հետո ես քեզ ինչքան եմ տանջելու: Իսկապես տանջեց… Արմանն այնքան էր սիրում կյանքը: Լավ ամուսին էր, լավ հայր, ընկեր… Պատերազմի ժամանակ, երբ զանգում էր, միշտ ուրախ էր, ոգևորված, ասում էր. «Մեր գործը հանգիստ է», ու ամեն անգամ հարցնում էր` «Տղես չի՞ քայլում»: Գեղամն էդ ժամանակ չէր քայլում, բայց սկսել էր խոսել, «պապա» էլ էր ասում, հիմա ոչինչ չի խոսում:
Արմանը Ազգային անվտանգության ծառայակից էր, գաղտնապահ էր, կռվից ոչինչ չի պատմել:
-Արմանը հեռախոսով ասում էր՝ լավ կլինի: Սեպտեմբերի 28-ին մենք դուրս եկանք գյուղից, մեզ հետ ոչինչ չբերեցինք, հույս ունեինք, որ հետ կգնանք: Մինչև հիմա չեմ պատկերացնում, որ այս ամենը մեզ հետ է պատահել, երբեմն ինձ խաբում եմ, մտածում, որ Արմանը աշխատանքի է, վերադառնալու է…
Տաթևը դեռ չգիտի` տուն կգնեն, թե կշարունակեն վարձով ապրել, բայց մի բան հաստատ գիտի` կմնան Արևշատում, քանի որ Արմանն այնտեղ է հուղարկավորված:
Պատրաստեց Արաքսյա ՄԻՐԶՈՅԱՆԸ