Ներելով միայն կկարողանանք ներվել

Ներելով միայն կկարողանանք ներվել

«Որքան էլ որ բազում նեղություն և չարչարանք ցույց տվիր ինձ, դարձյալ մխիթարեցիր ինձ ու հանեցիր երկրի խոր անդունդից» (Սաղմ. 70.20):

 

Աստված պատրաստ է ներել բոլոր նրանց, ովքեր զղջում և ապաշխարում են: Եթե մեղքը գործվել է, ապա Աստված դրանից մաքրվելու հնարավորություն է տալիս մարդուն, եթե չենք օգտվում Աստծո տված այդ հնարավորությունից, ապա ողջ պատասխանատվությունը  կրում ենք ինքներս: Ուստի, ամենակարևորը դառնում է սխալի գիտակցումը ու դրա մեջ չապրելը:

 

Հաճախ, երբ մարդ սխալ է գործում, շատ ժամանակ ու զգացական ուժեր է ծախսում՝ փորձելով պարզել, թե ով մեղքի ինչ բաժին ունի դրա մեջ և արդարացնել իր ասածը կամ արածը։ Այդպես վարվելու փոխարեն, գուցե ավելի լավ կլինի, պարզապես ներողություն խնդրել, շտկել սխալը ու անցնել առաջ:

 

Մենք հաճախ լռում ենք ու չենք խոսում մեր սխալների մասին: Պատճառները շատ տարբեր են. երբեմն ամաչում ենք, երբեմն մտածում, որ դիմացինը չի հասկան մեզ, երբեմն էլ պարզապես նախընտրում ենք լռել, ու միայն Աստծո հետ կիսվել: 

 

Նման իրավիճակում յուրաքանչյուրն ինքն է ընտրում իրեն նախընտրելի տարբերակը, բայց զղջալը ու ապաշխարելը կարևոր է: Մենք հաճախ մեղադրում ենք մեզ՝ կատարած սխալների համար, բայց ոչինչ չենք անում այն շտկելու կամ գոնե ընդունելու համար: 

 

Աստված  մեր սխալների հանդեպ միշտ բարեգութ և ողորմած է, և իր մտքում ընդմիտ չի պահում մեր սխալները, Նա հասկանում է, որ մենք՝ մարդիկս, անկատար չենք և ի ծնե բազում թուլություններ ու թերություններ ունենք։ Երբ մեր Հայրը նման կերպ է վարվում մեզ հետ, մենք իրավունք չունենք այդպես չվարվելու: 

 

Երբ մենք աղոթում ենք ու ասում. «Հայր մեր, ների՛ր մեր մեղքերը, ինչպես որ մենք ենք ներում մեր պարտապաններին»: Սա նշանակում է, որ Աստծուց ներում ստանալու պայման է մեր կողմից մեզ վիրավորողներին, մեր դեմ մեղք գործածներին ներելը: Չներելու դեպքում աղոթքի խոսքից բխող եզրակացությունն այն է, որ ինքներս ներում չենք գտնի Աստծո կողմից: Հետևաբար, ներելն Աստծուց պատվիրված և Նրան հաճելի արարք է:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-11-17
×