Երբ մեզ խանգարում են մեր մեղքերը ու չենք կարողանում շարունակել մեր կյանքի ընթացքը՝ առանց դրանք խոստովանելու, ինքներս մեզ հարցնում ենք՝ ո՞ւմ առաջ խոստովանեմ:
Այդ պատճառով էլ դիմում ենք ապաշխարության խորհրդին, որ Եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է և իր մեջ ամփոփում է զղջումը կատարած սխալի համար, ինչպես նաև ուղղվելու մեծագույն ցանկությունը: «Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչ եք» (Ղուկ. 13:3),- ասված է Սուրբ Գրքում:
Քրիստոս ապաշխարության խորհուրդը կատարելու իրավունք տվել է առաքյալներին և նրանց հաջորդ եկեղեցականներին: Ապաշխարության խորհրդի պայմանները երեքն են.
Անկեղծ, ճշմարիտ և գիտակից զղջում գործած մեղքերի համար:
Գործած մեղքի ընդունում և խոստովանություն, որով էլ ստանում ենք մեղքերի թողություն: «Նախ դու խոստովանիր քո անօրենությունները, որ արդարացվես» (Եսայի 43:26):
Հատուցում, երբ պատրաստ ենք պատասխանատվություն վերցնելու գործած սխալի համար:
Ինչպե՞ս ենք ընտրում, թե ում առաջ կարող ենք խոստովանել:
Աստծո առաջ, իհարկե, միշտ է կարելի խոստովանել, ներում ակնկալել ու շարունակել ապրել, սակայն թողություն ստանալու համար անհրաժեշտ է խոստովանել մեղքերը հոգևորականի առաջ և ստանալ նրանցից խորհուրդներ ու ուղղորդումներ, կարծիք կամ էլ քաջալերում: Այժմ էլ, երբ զգում ենք մեր կատարած մեղքերի ծանրությունը, փորձենք դիմել միակ բժշկությանը՝ խոստովանությանը: Միայն այդպես ենք կարողանալու հատուցել մեր կատարածի համար, միայն այդպես ենք կարողանալու չկրկնել մեղքն ու իրապես դառնալ առ Տերը:
Աղոթենք բոլորի համար, ովքեր մեղքը գործելուց հետո գիտակցում են այն ու ապաշխարում: Աղոթենք ամենքի համար, աղոթենք մեզ համար: