Վարդապետ նշանակում է վարժապետ, ուսուցիչ: Նրանց ուսուցանած ճշմարտությունները հաստատվում էին եկեղեցական ժողովներում և որդեգրվում Եկեղեցու կողմից՝ իբրև կարևոր վարդապետական սկզբունքներ:
Այդպիսի ուսուցիչները կոչվեցին Եկեղեցու վարդապետներ: Նրանց մեջ ամենանշանավորներն են 12 տիեզերական վարդապետները, որոնց ուսմունքը ընդունվում և ուսուցանվում է բոլոր առաքելական Եկեղեցիներում: Վարդապետության միջոցով մենք ճանաչում ենք Աստծուն: Եկեղեցին սուրբ է կոչում նրանց, ովքեր ապրել են Աստծո սրբությամբ, Նրա շնորհով սրբագործվել և ազատվել են մեղքերից՝ հավաստիորեն արժանանալով փրկության: Հայ Եկեղեցում տիեզերական վարդապետների հիշատակին հատուկ տոն է սահմանված:
Քրիստոսը տվեց Աստծո խոսքը մեզ, իսկ առաքյալները Աստծո խոսքը տարածեցին ողջ աշխարհով, նրանք մեկնաբանեցին այդ խոսքերը, հիմնեցին աստվածաբանություն և աստվածաբանական դպրոցներ, ինչը կանոնավոր հիմքերի վրա դրեց եկեղեցու վարդապետությունը:
Բարսեղ Կեսարացի. Նա Պոնտոսում և Կապադովկիայում հաստատել է մենաստաններ ու եղբայրանոցներ, նրանց ղեկավարման և գործունեության համար գրել վանական կանոնադրություններ, իրավամբ համարվել արևելյան վանականության հիմնադիր և մեծ օրենսդիր: Ձեռնամուխ է եղել քրիստոնեական նոր հաստատությունների հիմնմանը, դարձել վանական և միաբանական կյանքի ստեղծողը՝ Պոնտոսում և Կապադովկիայում: Նա վանքերը վերածել է քրիստոնեական եկեղեցու կարևոր հաստատությունների, որոնք դադարել են ճգնարաններ լինելուց և փոխարկվել դաստիարակության ու արվեստի կենտրոնների: Բարսեղ Կեսարացու ժառանգության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում նրա ծիսական աշխատությունները՝ «Պատարագամատույցը», առավոտյան և երեկոյան ժամերգության կարգերը, աղոթքները:
Հովհան Ոսկեբերան. Տիեզերական Եկեղեցու ամենապայծառ դեմքերից մեկը: Երիտասարդ տարիքից նա երազում էր ամբողջովին նվիրվել Աստծուն և ապրել ճգնավորի կյանքով: 18 տարեկանում եռանդով ու հետևողականորեն սկսել է զբաղվել Սուրբ Գրքի և աստվածաբանության ուսումնասիրությամբ, ապա Անտիոքի մոտակա լեռներում` քարայրի մեջ, երկու տարի անձնատուր եղել ճգնավորական խստակեցության: Սակայն Աստծո նախախնամությամբ նա ծանր հիվանդացավ և հարկադրված թողնելով անապատը՝ վերադարձավ ծննդավայր: Այստեղ 380 թ. նա ձեռնադրվեց սարկավագ, 6 տարի անց՝ քահանա, իսկ 398-ին օծվեց Կոստանդնուպոլսի պատրիարք:
Աթանաս. 328թ-ին 33-ամյա Աթանասը դառնում է Ալեքսանդրիայի եկեղեցու քսաներորդ պատրիարքը: Իր պատրիարքության ընթացքում շարունակ հալածվել է այդ ժամանակ բյուզանդական կայսրության հովանավորությունը վայելող արիոսականներից: Իր եպիսկոպոսության 46 տարիներից 20-ը աքսորի մեջ է անցկացրել: Նրա գործերի մի կարևոր մասը հայոց ոսկեդարում թարգմանվել է հայերեն: Ս. Աթանասն իր դավանաբանական երկերով իրավամբ համարվում է տիեզերական Եկեղեցու սյուներից մեկը: