«Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը գրող, թարգմանիչ Արմինե Մուրադյանն է:
-Գրում եք, որովհետև…
-Ինձ համար այլ կերպ ապրելն ու ինքնադրսևորվելն անհնար է։ Գրելը հոգևոր պահանջ է։ Ես գրում եմ իմ ներսի, իմ սրտի արևածագերի ու մայրամուտների մասին։ Երբ երջանիկ եմ, իմ ներսում արևածագը չի ավարտվում, իսկ երբ տխուր եմ, իմ ներսում ամենասիրուն արևամուտն է։ Ես գրում եմ իմ՝ հենց այդ աշխարհի մասին։
-Ի՞նչ զգացողություններ եք ունենում թարգմանական աշխատանք կատարելիս:
-Գրականությանն ու արվեստին վերաբերող ցանկացած աշխատանք ինձ համար յուրօրինակ ծես է, և կատարելիս ես տրվում եմ մինչև վերջին կաթիլը՝ ապրում, վերապրում, սուզվում ամեն բառի ու տողի մեջ։ Թարգմանությունն էլ բացառություն չէ, և ես այդ ծեսն արվեստին մատուցում եմ մեծագույն նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ։
-Համաձա՞յն եք, որ գրականության դերն անփոխարինելի է մարդու կյանքում:
-Կարծում եմ՝ ամեն մարդ ինքն է ընտրում իր համար թանկ ու անփոխարելի երևույթների, առարկաների ու մարդկանց շարքը, բայց միանշանակ կարող եմ պնդել, որ յուրահատուկ է այն մարդը, ով գրականությունը ներառել է անփոխարինելիների շարքում։
-Ինչպիսի՞ ընթերցող է Արմինե Մուրադյանը: Ի՞նչ եք նախընտրում կարդալ:
-Ընթերցանության մեջ անկուշտ եմ, խստապահանջ ու բծախնդիր։ Հիմնականում նախընտրում եմ գեղարվեստական գրականություն՝ համեմված փիլիսոփայական տարրերով, որոնք փորձում են պատասխանել կյանքի առջև ծառացած ինչուներին, իսկ այդ առումով, գոնե ինձ համար, լավագույնը ֆրանսիական գրականությունն է։
Կարևորում եմ նաև հայ դասական ու ժամանակակից գրականության ընթերցանությունը։
-Աշխարհում կա՞ն անփոխարինելի գրքեր:
- Մի կողմ թողնենք լավագույն մրցանակների արժանացած գրքերը, քանի որ դրանք, իրապես, անփոխարինելի են: Ինձ համար, սակայն, անփոխարինելի են նաև այն գրքերը, որոնք ազդել են իմ ներաշխարհի ու աշխարհընկալման վրա: Որպես այդպիսին՝ կարող եմ առանձնացնել Ֆեոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրները»:
-Մեր հասարակությանն այսօր շատ բան է պակասում: Խոսենք թերևս ամենակարևորի մասին:
-Գիտե՞ք, թերևս այդ պակասի ու բացերի մասին խոսվել ու մատնանշվել է մեր գոյության բոլոր ժամանակներում։ Դրանք մեկը չեն, երկուսը չեն, այլ բազմաթիվ են և պատճառահետևանքային շղթայով կապված են միմյանց՝ դավաճանություն, անհեռատեսություն, որկրամոլություն, բայց թերևս ամենաանտանելին, ըստ իս, նախանձն է։ Մեր մեջ այն այնքան արմատացած է, որ երբեմն կոծկելու համար մի տարօրինակ որակում ենք տալիս՝ «բարի» նախանձ, ինչն ուղղակի ծիծաղելի է։ Նախանձի բարին ու չարը չկա, և այն հոգու քաղցկեղ է, որից ձերբազատվել է պետք։ Մեզ հենց իրար չնախանձելն ու բարի կամենալն է պակասում:
-Եվ, այնուամենայնիվ, հավատում եք…
-Հավատում եմ վերածննդին, հարությանը, վերաարժևորմանը, վերադաստիարակությանը, և ամենակարևորը՝ Աստծո մոտ վերադարձին։ Մենք մեր կյանքը վերաիմաստավորելու կարիք ունենք, ու պետք է հավատալ, որ կարող ենք։
-Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Կմաղթեմ, որ լինենք հասարակ, պարզ, ուղղամիտ, ուղղախոս ու անկեղծ։ Այնքան թեթև է ապրելը, երբ մարդն իրապես այդպիսին է։ Կմաղթեմ համբերություն, ուժ ու միասնականություն, որովհետև այլ կերպ ուղղակի անհնար է։ Ու շատ կուզեմ, որ ցանկացած հղվող մաղթանք չլինի ուղղակի բաժակաճառ, այլ ամեն մարդ ակունքը դառնա այն ամենի, ինչպիսին ուզում է տեսնել այլոց։
Պատրաստեց
Սիրանուշ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԸ