Անզուսպ բարկությունը վնասակար է

Անզուսպ բարկությունը վնասակար է

Բարկության պահեր շատերս ենք ունենում, ու հաճախ նման իրավիճակներում գործում ենք ոչ թե մտքով, այլ էմոցիաներով: Ու երբ գալիս է հանդարտվելու ու սառը գլխով դատելու պահը, հասկանում ենք, որ կային խոսքեր որոնք կարելի էր չասել, կամ գոնե ասելուց ավելի զուսպ գտնվել:

 

Ինչևէ, խոսքերն արդեն ասված են, ու հետևանքները՝ այդ պահից սկսած տեսանելի: Այժմ եկեք հասկանանք՝ ինչ է ասում Աստվածաշունչը այս մասին: Աստվածաշունչը սովորեցնում է, որ անզուսպ բարկությունը վնասակար է թե՛ այն մարդու համար, ով իր սրտում պահում է այդ զգացումը, թե՛ նրա շրջապատի մարդկանց համար.

«Անզգամ մարդը հակառակություն է գրգռում, հեզաբարո մարդը դադարեցնում է մեղքերը, իսկ բարկասիրտ մարդը խորացնում է դրանք» 

(Առակներ 29:22)։ Թեև բարկությունը երբեմն կարող է արդարացի լինել, սակայն Աստվածաշունչն ասում է, որ քո բարկության վրա արևը թող մայր չմտնի։

 

Ոչ ոք չի սիրում զայրույթը. զայրույթը հանգեցնում է դառնության ու սրտի խորքում շատ երկար ժամանակ մեղքի զգացման: Այն երբեմն հանգեցնում է վատ որոշումների, երբեմն նույնիսկ՝ չգիտակցված բռնության:

 

Չմոռանանք, որ անզուսպ բարկությունը թուլության նշան է։ Ոմանք գուցե մտածեն, որ բարկությունը ուժի նշան է, սակայն, իրականում, բարկությունը վերահսկել չկարողանալը լուրջ թերություն է. այդպիսի մարդը թույլ անձնավորություն է. «Անզգամն իր ողջ բարկությունը թափում է միանգամից, բայց իմաստունը համբերում է մեղմությամբ» (Առակներ 29:11):

 

Եվ ընդհակառակը՝ երբ բարկությունը վերահսկելու ունակություն ենք զարգացնում, ցույց ենք տալիս, որ իսկապես ուժեղ ենք և խորաթափանց. «Համբերատար մարդն օժտված է մեծ խոհեմությամբ, բայց կարճամիտը շատ է անխելք»:(Առակներ 14:29)։ Զայրույթի մասին շատ երկար կարող ենք խոսել, քանզի այն մշտապես մեզ հետևում է և չկա մի օր, որ չունենանք զայրույթի հասնող իրավիճակներ: Մեր խնդիրն է՝ ամեն անգամ նման իրավիճակներում շարժվել աստվածաշնչյան կանոներով, որպեսզի հետագայում չզղջանք ու չափսոսանք ու միշտ հիշենք հետևյալ տողերը. «Համբերատար մարդը լավ է հզորից, իմաստություն ունեցողը՝ մեծատարած հանդեր ունեցողից, իր բարկությունը զսպողը՝ մեծազոր քաղաք գրավողից» (Առակներ 16։32)։

 

Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-11-17
×