qahana.am կայքի շնորհանդես

qahana.am կայքի շնորհանդես

Այսօր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում կայացավ qahana.am վերաթարմացված կայքի շնորհանդեսը, որի պատասխանատուն է թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլիզա Մանուկյանը: Միջոցառմանը հրավիրված էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Էլիզա Մանուկյանը ներկայացնելով հարստացված կայքը, ասաց, որ 9 տարի առաջ, երբ ստեղծվում էր կայքը, համացանց եւ հոգեւորական հասկացություններն անհամատեղելի էին, բայց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ընդառաջ գնաց երիտասարդ աշխատակազմի ցանկություններին, եւ նրա օհնությամբ qahana.am-ը կյանքի կոչվեց: Կայքից հնարավոր է ներբեռնել Աստվածաշունչը՝ աշխարհաբար, գրաբար, արեւմտահայերեն եւ արեւելահայերեն: Գոյություն ունի նաեւ «Աստվածաշունչ՝ շարժական միջոցների համար» էջը, որը հնարավորություն է տալիս Սուրբ գիրքը բեռնել եւ կարդալ բջջայինում ու պլանշետային սարքերում: Կայքում բացվել են բազմաթիվ էջեր, այդ թվում՝ մանուկների , սկսնակների համար, ձայնադարան, տեսադարան եւ այլն: Ի դեպ, 2006-ին «Էլեկտրոնային բովանդակության երկրորդ համահայկական մրցույթում» Արարատյան հայրապետական թեմի Araratian-tem.am եւ qahana.am կայքերն արժանացել են 2 գլխավոր մրցանակների՝ լավագույն դիզայն եւ էլեկտրոնային ներգրավվածություն անվանակարգերում: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ասաց, որ qahana.am -ը միջոց է հավատացյալ ժողովրդին թեմի հետ կապելու, արդիական խնդիրներ քննարկելու համար: Բոլգեր Տիգրան Քոչարյանը qahana.am -ը որակեց հարմարավետ եւ լեցուն, նաեւ ասաց, որ դավանաբանական եւ հոգեւոր թեմաներով բանավեճերի ժամանակ միշտ դնում է qahana.am -ի հղումը ու խորհուրդ տալիս այդտեղից տեղեկանալ ամեն ինչին: Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, նա Արարատյան թեմի թեմական խորհրդի ատենապետն է, եւ միշտ եղել է կայքի կողքին ու, Էլիզա Մանուկյանի ասելով, առաջին պաշտոնյան էր, ով հարցազրույց է տվել qahana.am -ին հավատի մասին: Շնորհանդեսի լուսանկարները կարող եք դիտել այստեղ, իսկ հեռուստառեպորտաժը այստեղ:

Գոհար Հակոբյան

  • 2012-12-26
×