Հրավիրվել էի մասնակցելու մի հեռուստահաղորդման: Թեման՝ "Եկեղեցու մոդեռնացում": Եթերային սահմանափակ ժամանակը և հրավիրված բանախոսների քանակը հնարավորություն չընձեռեցին ինձ լիարժեք արտահայտվելու: Ու որոշեցի գրել: Եկեղեցին ունի մոդեռնացման կարիք: Ժամանակ առ ժամանակ այս հարցը բարձրացվում է որոշակի հարթակներից, և լավ կլիներ պարզել, թե ովքեր են այս հարցի պատվիրատուները՝ հասարակության ո՞ր շերտը: Ինքս լինելով եկեղեցական համայնքի անդամ՝ միանշանակ կարող եմ ասել, որ ներսից նման հարցադրում չկա: Հարցադրումները դրսից են: Նրանց կողմից, ովքեր անհաղորդ են եկեղեցական կյանքին ու առօրյային: Եվրոպայում այսօր եկեղեցիներ են փակվում՝ այցելուներ չունենալու պատճառով: Իսկ քրիստոնեությունն աշխարհում առաջինն ընդունած Հայաստանում օր-օրի մարդաշատ են դառնում եկեղեցիներն ու եկեղեցական արարողությունները, և անհրաժեշտություն է առաջանում նոր եկեղեցիների կառուցման, նաև՝ հների վերակառուցման: Տեր Եսայի քահանա Արթենյանի ասելով, երբ փորձեցին Պատարագի Զղջման հատվածը գրաբարից թարգմանված հնչեցնել, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ են խոստովանում, հետո նույն այդ մարդիկ մոտեցել էին իրեն և բողոքել, թե՝ պետք չէր թարգմանել: Գրաբարով հնչող պատարագը և եկեղեցական մյուս արարողությունները թարգմանելու կարիք չկա: Ընդամենը գրաբարն է պետք հանրակրթական մակարդակով հանրամատչելի դարձնել: Հայ առաքելական եկեղեցին չի հեռացել իր ակունքից, իսկ որքան մոտ ակունքին, այնքան` ջուրն ավելի զուլալ: Ցանկացած ուսմունք և գաղափարախոսություն առավել անաղարտ վիճակով ճանաչելու համար պետք է գնալ դեպի իր ակունքները: Նույնը՝ քրիստոնեության և եկեղեցու պարագայում: Հայ առաքելական եկեղեցին, որ հիմնադրվել է Քրիստոս տեսած երկու առաքյալների ձեռամբ, հենց սկզբից է մեկընդմիշտ ճշտել իր դավանանքը և վարդապետությունը: Նա ընդունել է 3 տիեզերական եկեղեցական ժողովների վավերականությունը, որովհետև միայն այդ 3-ին են մասնակցել տվյալ ժամանակի բոլոր եկեղեցիները: Չի ընդունել այդուհետ հրավիրված Քաղկեդոնի ժողովի որոշումները, որովհետև դրան չէր մասնակցել, քանի որ երկիրը կենաց ու մահու կռվի մեջ էր: Քաղկեդոնի ժողովն իր որոշումներով ինչ-որ տեղ կարելի է որակել նորարարացման գործընթաց, որովհետև դրանով փորձ արվեց վերանայել Քրիստոսի բնույթի վերաբերյալ արդեն սահմանված դավանանքը և բոլորովին այլ դավանաբանական ձևակերպում տրվեց, ինչը հակոտնյա էր տիեզերական եկեղեցու միասնական դավանանքին: Պատահական չէ, որ քաղկեդոնականությունը բյուզանդական եկեղեցին մերժեց: Քաղկեդոնից հետո քրիստոնեական միասնական եկեղեցին բաժանվեց մի քանի դավանանքի: Առաջացան նեստորականությունն ու քաղկեդոնականությունը: Հայոց, Վրաց եւ Աղվանից Եկեղեցիները մերժեցին նեստորականությունն ու քաղկեդոնականությունը և իրենց հավատակից հռչակեցին Բյուզանդիայի եկեղեցուն: 518 թվականին սակայն Բյուզանդիայում գահ բարձրացավ Հուստինոս Ա կայսրը, որը ցանկանալով վերականգնել Հռոմի հետ խզված հարաբերությունները, Քաղկեդոնի ժողովը հռչակեց սուրբ և տիեզերական: Նա աքսորեց 50-ից ավելի միաբնակ եպիսկոպոսների եւ ողջ կայսրության մեջ քաղկեդոնությունը հռչակեց ճանաչված և թույլատրելի դավանանք: Հայոց Եկեղեցին չմտավ այդ պարտադրանքի տակ և շարունակեց հավատարիմ մնալ արդեն անցյալում մնացած միասնական եկեղեցու անաղարտ դավանանքին ու վարդապետությանը: Հետագայում արդեն քաղկեդոնություն, այն է՝ երկաբնակություն ընդունած քրիստոնեական եկեղեցին բաժանվեց արևմտյան կաթոլիկ և արևելյան ուղղափառ ճյուղերի։ Եվ այս բաժանումն էլ վերջնական չէր, այլ հարահոս տարրալուծման ընթացք, որովհետև կաթոլիկ եկեղեցու ծոցում էլ ծնվեց բողոքականությունը, իսկ բողոքականությունից էլ ծնվեցին այն բազմաթիվ կրոնական ուղղությունները, որոնց այսօր օրենսդրորեն արգելվում է աղանդ անվանել, այսինքն՝ ուղիղ դավանանքից շեղվածներ, զատվածներ: Եկեղեցական կառույցը իմաստուն է և կատարյալ: Չնայած այն կառուցվել է մարդու ձեռքով, բայց մարդու կողմից չի ստեղծվել: Քրիստոնեական եկեղեցու գիտելիքը հայտնությամբ մեկընդմիշտ տրվածն է՝ կատարյալ և ամբողջական: Սուրբ հայրերի մեկնություններով է, որ հնարավոր է ճիշտ ըմբռնել Աստվածաշունչը, որովհետև դրանք նրանց տրվել է Սուրբ Հոգով, այսինքն՝ այն հոգով, որով այն գրվել է: Տրվել է ի շնորհ և ի պատասխան նրանց անանձնական սրբակյաց կյանքի և հանապազ աղոթքի: Պատմությունը ցույց է տալիս, որ եկեղեցու և Աստվածաշնչի պարագայում վերասահմանման և վերանայման բոլոր փորձերը դատապարտված են: Վկան՝ հին միասնական եկեղեցու տեղ այսօր պառակտված քրիստոնեական եկեղեցին՝ բազմաթիվ ուղղություններով: Օրինակ՝ կաթոլիկ եկեղեցին խորհուրդ չի տալիս Սուրբ Գիրքը կարդալ միայնակ, առանց քահանայի օգնության: Մինչդեռ այսօր բողոքական եկեղեցու բոլոր անդամներն իրենց իրավունք են վերապահում անկաշկանդ մեկնելու և քարոզելու Աստծո խոսքը: Այդտեղից էլ ամեն տեսակ աղավաղումներ և շեղումներ: Աստվածաշնչի հարմարեցում սեփական ցանկություններին և շահերին: Եկեղեցական ավանդական երգեցողության, պատարագի և շարականի դիմաց նրանք որպես նորարարացում դնում են ռոքով, էստրադայով երգեցողություն ու պարեր: Քրիստոնեությունը մարդկային կրքերից և ցանկություններից ազատագրվելու ուղի է: Հետևաբար քրիստոնեական ծեսի և փառաբանության լեզուն, ասել է, թե՝ երաժշտությունը, ևս այդպիսին պետք է լինի: Իսկ ռոքն ու էստրադան մարդկային կրքերի և ցանկությունների արտահայտման լեզուն են: Բողոքական եկեղեցին ամեն ինչ անում է մարդուն դեպի իրեն գրավելու համար: Դա աստիճանաբար բերեց մարդահաճոյության: Մինչդեռ քրիստոնեությունը մարդասիրության և ոչ թե մարդահաճոյության ուսմունք է: Բայց այդ մարդահաճոյությունն անգամ նույն այդ եկեղեցիներին իր ցանկալի պտուղներն այսօր չի բերում: Պարզ վիճակագրական տվյալները համենայն դեպս այդ են վկայում: Օրինակ՝ Շվեդիայի լյութերական եկեղեցին բոլոր մյուս բողոքական եկեղեցիների համեմատ առավել մարդահաճության է հասել կամ էլ՝ իր պատկերացրած մարդասիրության: Այցելուներն իրենք են իրենց հովիվ ընտրում, կանայք իրավունք ունեն քահանա դառնալու, միասեռական ամուսնություններ են օրհնվում: Իսկ հավատացյալ հոտը միևնույն է՝ օր-օրի կրճատվում է: Վերջին 20 տարվա ընթացքում կիրակնօրյա եկեղեցական ծառայությանը մասնակցողների քանակը երկու անգամ կրճատվել է: Եկեղեցին հնամյան է և հաստատունը: Քրիստոսի ճշմարտությունը երկակի չէ: Եվ արքայություն տանող դուռն էլ ժամանակի մեջ չի լայնացել ու չի լայնանալու, որքան էլ այն փորձեն նոր զիջումներով և նահանջներով մարդահաճորեն լայնացնել Քրիստոսի և եկեղեցու նորօրյա գաղափարախոսները, առավել ևս նրանք, ովքեր որևիցե առնչություն չունեն ոչ մեկի, և ոչ էլ մյուսի հետ: Ուրեմն եթե արդիականացում, միայն եկեղեցու՝ մարդկանց առավել հասանելի լինելու առումով՝ լինի դա լրատվամիջոցներով աշխատանք, թե այլ կարգի հանրային իրազեկումներ: Ոչ թե եկեղեցին պիտի փոխվի, այլ մե՛ր մոտեցումը եկեղեցուն: Մե՛նք պիտի ճանապարհ հարթենք նրա առաջ դեպի մեր կյանքի և կենցաղավարության բոլոր ոլորտները: Մե՛նք պիտի հրավիրենք նրան մեր կյանքից ներս: Մե՛նք պիտի վերականգնենք այն պորտալարը, որով դարեր շարունակ մինչև խորհրդային աստվածամերժ ժամանակները կապված ենք եղել մեր մայր եկեղեցուն: Օտարումը, որ խորհրդային և հետխորհրդային ռեֆլեքսիայի հետևանք է, պիտի վանենք մեզնից և ճանաչենք մեր հոգևոր ծնողին՝ մայր Եկեղեցին: Արաքս Պողոսյան (report.am 18.04.2013)