Հայկական զանգերը

Հայկական զանգերը

Զանգի գյուտն արվել է 4-րդ դարում, Իտալիայի Կամպանիա մարզի Նոլա քաղաքում: Այդ պատճառով էլ եվրոպական մի շարք լեզուներում զանգը կոչվեց կամպանիա, իսկ լատիներեն` նոլա:


Հայաստանում զանգի մասին առաջին հիշատակությունը` կապված զանգն օրհնելու կանոնի հետ, արել է 5-րդ դարի Հայոց կաթողիկոս և իմաստասեր Հովհան Մանդակունին: Բայց դա եղել է ձեռքի զանգակ, որն ավելի շուտ բոժոժ էր, քան զանգ` բառի բուն նշանակությամբ և իմաստով: Այդպիսի բոժոժները հեթանոս հայերն օգտագործում էին որպես հուռութ:


Իսկ մինչ այդ զանգի դեր է կատարել կոչնակը կամ ժամահարը: Այն քառակուսի, տաշած և ողորկած փայտ էր, որին Գրիգոր Նարեկացին անվանում էր շերտ, այսինքն` փայտի կտոր: Ձայն հանելու համար ժամահարին հարվածում էին մուրճով, որը կոչվում էր թակաղակ:


Կոչնակը ժամահար անունով են հիշում Հովհան Մամիկոնյանը, Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Նարեկացին, Ասողիկը, Արիստակես Լաստիվերտցին, Ներսես Շնորհալին, Գրիգոր Դ Տղան: «Ժամահար» բառը կազմված է ժամ և հար արմատներից և նշանակում է կոչող ի ժամ, այսինքն` ժամերգության, պատարագի կամ որևէ այլ հավաքի կանչող: Սկսած Վանական Վարդապետից (13-րդ դար) «ժամահար»-ը տեղի է տալիս «կոչնակ» բառին:


Հովհան Մամիկոնյանը հավաստում է, որ 7-րդ դարում Գայլ Վահանի համանուն թոռը թշնամու հետ կռվելիս իր հետ ուներ 38 կոչնակ: Մարտի ժամանակ, երբ հայերը նեղն են ընկնում, սկսում են զարկել կոչնակները: Դրանց զարմանալի համանվագից քաջալերված՝ հայերը առաջ են նետվում և փայլուն հաղթանակ տանում: Այդպիսի դեպք է տեղի ունեցել նաև 11-րդ դարում, երբ սելջուկ զորապետ Տուղրիլը պաշարել էր հայոց Մանազկերտ քաղաքը:


Կոչնակին երկար դարեր հարևանել է զանգը: Վերջինիս մասին մեր մատենագիրները նվազ տեղեկություններ են հաղորդում: Չնայած Հայաստանում զանգը գործածական է դեռևս 10-րդ դարի երկրորդ կեսից, բայց այն իր հաստատուն տեղն է գրավել միայն 12-րդ դարից սկսած: Զանգի մասին հիշատակում են Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին և ուրիշները: Մեզ են հասել այդ ժամանակներում ձուլված և Տաթևի վանքում գործածված զանգեր: Պահպանված ամենահին հայկական զանգերը երկուսն են: Նրանցից մեկը ձուլվել է դեռևս 1302թ., մյուսը` 1304թ.: Երկուսի վրա էլ կան հայերեն արձանագրություններ, ըստ որոնց դրանք ձուլել է տվել կամ գնել է Ստեփանոս Օրբելյան պատմիչը:


Հայաստանում զանգը պատրաստել են պղնձից, որը հնչուն մետաղ է: Ս. Գրիգոր Նարեկացին այդ մասին վկայում է. «Զանգակ նիւթոյ պղնձոյ»: Իսկ Գրիգոր Տաթևացին հաղորդում է, որ հայկական զանգը ձուլելու ժամանակ պղնձին խառնել են արծաթ, որն ավելի հնչեղ էր դարձնում զանգի ձայնը: Անեցի արհեստավորներն այնպիսի զանգեր են պատրաստել, որոնց ձայնը հասնում էր ոչ միայն Ծաղկոցաձորի ամենամթին խորշերը, այլև Շիրակի սահմաններից շատ հեռու:


Կոչնակի նման զանգը նույնպես հարկ եղած դեպքում ազդարարել է նաև վշտալի լուրեր: Բարսեղ Վարդապետը (12-րդ դար) գրում է, որ կռվի դաշտում ընկած և հուղարկավորության չարժանացած Պաղտին իշխանի մահը մարդիկ ողբում էին զանգահարությամբ:


Զանգի ձայնը զարմանալի ազդեցություն է թողնում մարդու վրա. ուրախության պահին այն սրտապարար է, տրտմության պահին` թախծածոր:


Ուշ միջնադարում զանգը կարևոր դեր էր խաղում քաղաքի կյանքում: Մի զանգով սկսվում էր աշխատանքային օրը, մյուսը ճաշի էր հրավիրում, երրորդը տոնախմբության էր կանչում և այլն:


Հնում զանգերն ունեին իրենց անունները: Անիի զանգերից մեկը կոչվել է Հացի զանգ, Ջուղայի զանգերից մեկը` Խաչքարի զանգ: Եվ պատահական չէ, որ խաչքարի զանգ են հնարել այն քաղաքում, ուր 17-րդ դարի սկզբում արդեն կար ավելի քան 10 հազար խաչքար:


Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից տարիներ անց պատերազմի մասնակից բոլոր երկրների թնդանոթներից ձուլեցին մի զանգ և անվանեցին Մահվան զանգ, որն ընկածների հիշատակը հավերժացնելու համար զանգահարում էր միայն գիշերները:


Մարդիկ հնում հավատում էին զանգին: Նրանց թվում էր, թե զանգն ունակ է հրաշքներ գործել: Զանգահարությամբ կարելի էր, իբր, խափանել և համաճարակները, և երաշտն ու սովը, և բնական մյուս արհավիրքները:


Զանգի հետ է կապված զանգակատան ծնունդը: Զանգակատունը ճարտարապետական կառույց է զանգ կախելու համար: Հայաստանում առաջին զանգակատները կառուցվել են 10-րդ դարում: Նշանավոր են Գոշավանքի, Հաղպատի, Սանահինի զանգակատները: Էջմիածնի Մայր տաճարի զանգակատունը կառուցվել է 1653-58թթ., Անտոն Չելեպի Սարոյանի ծախքերով: Այս զանգակատանը երկար ժամանակ հնչել է Տիբեթյան կոչվող հռչակավոր զանգը: Այժմ Էջմիածնի Մայր տաճարում զանգահարումը կատարվում է էլեկտրականությամբ: Նշանավոր է եղել Կարին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը: Այն 1869թ. կառուցել են Մանուկ Արաբյան և Ղևեն վարպետները: Այս զանգակատունն ունի երեք զանգ. մեջտեղինը` մեծ, կողքերինն` անհամեմատ փոքր: Մեծ զանգի ձայնը լսվում էր մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Համաժողովրդական մեծ լուրերը Կարինի հայությանն ազդարարում էին մեծ զանգի ղողանջներով: Կարնեցիները հիշում են արտասովոր զանգահարումները: Այդպիսիք էին Խրիմյան Հայրիկի մահվան գույժը 1907 թվականին և Սանասարյան վարժարանի գույքերի գաղտնի փոխադրության լուրը 1912 թվականին:


Ըստ Հայկ Խաչատրյանի կազմած «Հանրագիտակ օրացույց 1990»-ի

  • 2019-01-26
×