Հոգևոր դասընթաց կվերսկսվի

Հոգևոր դասընթաց կվերսկսվի

Մամլո հաղորդագրություն Երևան, 30-ը ապրիլի, 2013թ. Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի օրհնությամբ և աջակցությամբ Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցին, Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպությունը և Բուհերի հոգևոր հովվությունը ս. թ. ապրիլի 30-ին կվերսկսեն Հայ առաքելական եկեղեցու դավանաբանության, ծեսերի և խորհուրդների, Աստվածաշունչ կարդալու մշակույթի վերաբերյալ հինգ դասախոսություններից բաղկացած հոգևոր-ճանաչողական դասընթացը, այս անգամ` Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողների համար: Նշենք, որ փորձնական առաջին դասընթացը մեկնարկել էր դեռևս անցյալ տարի Երևանի պետական համալսարանում, և ուսանողների շրջանում հարցման արդյունքում հաստատվել էր այն շարունակաբար տարբեր բուհերում անցկացնելու անհրաժեշտությունը: Դասընթացը կվարի Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տէր Եսայի քահանա Արթենյանը: Հիմնական դասանյութին զուգահեռ` քահանայի հետ անմիջական քննարկումների միջոցով անդրադարձ կկատարվի նաև երիտասարդությանը հուզող խնդիրներին և քրիստոնեական տեսանկյունից դրանց լուծման հնարավորություններին: Դասընթացը կամփոփվի ուխտագնացությամբ, ինչն առավել կամրապնդի երիտասարդների շփումը Մայր Եկեղեցու և հոգևորականների հետ: Արարատյան Հայրապետական թեմՍբ. Երրորդություն եկեղեցիՀԱԵ Բուհերի հոգևոր հովվությունՀայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպություն (ՀԵՀԵԿ)

  • 2013-04-29
×