Երուսաղեմում կա Սուրբ Խաչի վանքը: Այն գտնվում է արևմտյան Երուսաղեմի գեղատեսիլ մի դաշտավայրում` հին քաղաքի պարիսպներից դուրս, որտեղ ըստ ավանդության, աճում էր այն ծառը, որը հետագայում դարձավ Քրիստոսի խաչափայտը:
Խաչափայտի պատմությունը գալիս է Աստվածաշնչյան՝ Աբրահամ նախահոր և արդար Ղովտի ժամանակներից: Ծննդոց գրքի 19-րդ գլխից տեղեկանում ենք, որ Ղովտն ապրում էր ապականությունների և անօրենությունների Սոդոմ քաղաքում: Սոդոմի և Գոմորի կործանումից Ղովտն իր երկու դուստրերի հետ փրկվեց` թաքնվելով քարայրում: Դուստրերը որոշեցին, որ ողջ մարդկությունը կործանվել է, և այլևս տղամարդ չի մնացել, որ իրենց կնության առնի: Այդ պատճառով նրանք գինով արբեցրին իրենց հորը և մեղանչեցին` կենակցելով նրա հետ: Նրանց զավակներից հետագայում սերեցին երկու ազգեր՝ մովաբացիներն ու ամոնացիները:
Գիտակցելով իր մեղքը` Ղովտը գնաց Աբրահամի մոտ խոստովանության: Աբրահամն ի նշան ապաշխարության նրան տվեց այն երեք գավազանները, որոնք ստացել էր Սուրբ Երրորդության կողմից, երբ Աստված երեք հրեշտակների տեսքով այցելել էր իր կացարանը: Աբրահամը Ղովտին պատվիրեց տնկել գավազանները և ջրել: Ու երբ ծառը կկենդանանա, այդ նշան կլինի, որ Աստված ներել է նրա մեղքը:
Ղովտը շուրջ 33 տարի ջանք թափեց. Հորդանան գետից էշի վրա ջուր կրեց և ջրեց այդ գավազանները (այլ աղբյուրներից – երեք տնկի կամ երեք այրվող գերաններ): Սակայն սատանան հաճախ էր գայթակղում նրան. հայտնվելով մարդակերպ ու ջուր խնդրելով՝ խմում էր ամբողջը: Եվ ահա երեք գավազաններից աճեցին երեք մշտադալար ծառեր՝ նոճի, մայրի և սոճի (սոսի)` վերևում դառնալով եռաճյուղ միաբուն ծառ՝ Սուրբ Երրորդության կերպով: Ղովտը հասկացավ, որ իր մեղքը ներված է: Մարգարեությունն այն մասին, որ Քրիստոս կխաչվի եռաբաղադրիչ ծառի վրա, և որ դրանք սուրբ են, մենք գտնում ենք Հին կտակարանի գրքերում. Եսայի մարգարեն ասել է. «Լիբանանի փառքը դեպի քեզ է գալու` դափնիով, սոսիով, նոճիով ու մայրիով, որպեսզի լիապես փառավորեն իմ սրբարանի տեղը, և ես փառավորեմ իմ ոտքերի տեղը»: (Եսայի 60:13):
Հինկտակարանյան աստվածպաշտության զոհաբերության համար օգտագործվում էին միայն որոշակի հոտավետ ծառատեսակներ (նոճի, եղևնի, նշենի, մայրի, գիհի, կիտրոն, ձիթենի, դափնի և բալասանի թուփ): Ավանդության համաձայն` որդուն զոհաբերել պատրաստվող Աբրահամը ողջակեզի համար փայտերն Իսահակի վրա այնպես դրեց, ինչպես խաչելության տարվող մարդու ուսերին՝ խաչափայտը:
Հին Կտակարանում նոճին և մայրին հիշատակվում են դրախտի ծառերի թվում: Դրախտի նմանակ համարվող Երուսաղեմի տաճարի զարդարման համար օգտագործվում էին մայրին նոճին և սոճին: Տիրոջ Տան կառուցմանը նախապատրաստվելիս Սողոմոնը խնդրեց Քիրամից՝ Տյուրոսի թագավորից, ուղարկել իր համար մայրու, նոճու և սոճու ծառափայտ:
Ավելի ուշ, երբ Սողոմոն արքան ավարտում էր տաճարի շինարարությունը, անհրաժեշտ էր մեծ ծառ՝ Սուրբ Տաճարի տանիքին տեղադրելու համար: Հարմար գտան հենց Ղովտի ծառը: Եկան, կտրեցին այն, սակայն տեղադրել այդպես էլ չհաջողվեց, քանի որ ծառի չափսերն անընդհատ փոփոխվում էին՝ մերթ կարճանում, մերթ՝ երկարում: Տեղին է հիշել ավետարանական այս հատվածը. «…այն վեմը, որ կառուցողները անարգեցին, նա՛ է, որ եղավ անկյունաքար …» (Սաղմ. 117:22, Մատթ. 21:42):
Արևմտյան քրիստոնեական ավանդության համաձայն` տաճարի մուտքի մոտի նստարանը այդ ծառի գերանից էր պատրաստված: Սողոմոնի հետ հանդիպման եկած Սաբայի թագուհին նստել էր այդ նստարանին և այրվել էր գերանից բխող կրակով: Իր իմաստությամբ հայտնի թագուհին, խոնարհվելով Ծառին, կանխատեսել էր, որ Աշխարհի Փրկիչը կկախվի դրանից, ինչի պատճառով հրեաների թագավորությունը կսնանկանա և կվերանա: Վախեցած Սողոմոնը հրամայել էր թաղել գերանը: Մեկ այլ ավանդության համաձայն` գերանն օգտագործվել էր գետի վրայով կամուրջ կառուցելիս:
Հետագայում այդ տեղում կառուցվել է զոհաբերվելիք կենդանիների լվացման ավազան: Այստեղի ջուրը հռչակվեց բուժիչ հատկությամբ և հիվանդների ուխտատեղի դարձավ (մեկ այլ ավանդության համաձայն` դա Սելովամի ավազանն էր): 700 տարի անց` Քրիստոսի չարչարանքներից ոչ շատ առաջ, ծառն ավազանի մակերես ելավ: Երբ պետք եղավ Քրիստոսի մահապատժի խաչափայտ պատրաստել, հիշեցին մերժված ծառը: Ավանդությունն ասում է, թե Կայիափա քահանայապետը գիտեր, որ այդ ծառը նույն Ղովտի ծառն է: Ավազակ համարվող հանցագործի խաչափայտը պատրաստվեց դրանից, քանի որ դա մեղքի ծառ էր: Հարյուրամյակներ ջրի տակ մնալով` այն քարից ծանր էր դարձել, ինչը սաստկացրեց Մեր Տիրոջ չարչարանքը:
Երուսաղեմի մերձակայքում` այն վայրում, որտեղ ավանդության համաձայն աճում էր Խաչափայտի Ծառը, կառուցվել է Սուրբ Խաչի վանքը, որն առ այսօր գոյություն ունի: Խաչափայտի ծառի աճելու տեղը պահպանվել է գլխավոր խորանի ետևամասում՝ արծաթե շրջանով նշված: Այն կարող է տեսնել Սուրբ Երկիր այցելող յուրաքանչյուր ուխտավոր:
Պատրաստեց Հասմիկ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
Սկզբնաղբյուրը՝ «Շողակն» երկշաբաթաթերթ