Ազատ խոսքը մարդու պատվի հետ խաղալու ինդուլգենցիա չէ․ Նավասարդ արք․ Կճոյան Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը հերքում է մամուլում տարածված և վերջին շրջանում հասարակական քննարկման առարկա դարձած տեղեկությունները՝ ադամանդագործական բիզնեսի հետ իր ունեցած առնչության վերաբերյալ: Այսպես կոչված «օֆշորային սկանդալի» հետ կապված, Սրբազանն արդեն հայտարարել է, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն․ գաղտնի և ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին: Այս մասին ասվում է Նավասարդ արք․ Կճոյանի հայտարարության մեջ:Իր անվան շուրջ պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունների փաստի առիթով իրավապահ մարմիններին չդիմելու զարմանքի առնչությամբ Սրբազանը հայտարարում է, որ այդօրինակ մեթոդները խորթ են հայ հոգևորականի մասին իր ունեցած պատկերացումներին: Տարածվող տեղեկությունները, թե, իբր, Նավասարդ արք․ Կճոյանը ներկա է եղել անդամանդագործության զարգացմանն առնչվող պետական հանձնաժողովներից մեկի նիստին, չեն համապատասխանում իրականությանը:Սրբազանը դատապարտում է Երևանի Սբ․ Սարգիս եկեղեցու խաչքավորներից մեկի՝ Աշոտ Սուքիասյանի հետ իր շփման շահարկումը՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող սեփական ենթադրություններն ու դատողությունները փաստարկելու նպատակով:Սրբազանը բարձր է գնահատում ժողովրդավարական հասարակության արժեքները, սակայն խոսքի ազատության չարաշահումը համարում է վտանգավոր և վնասակար, առաջին հերթին, հենց այդ արժեքների ջատագովների համար: Ազատ խոսքը մարդու պատվի հետ խաղալու ինդուլգենցիա չէ:
Աղբյուր՝ yerevantimes.info