Ի՞նչ է պահքը

Ի՞նչ է պահքը

Ի՞նչ է պահքը:

Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման, սակայն ճոխ ու համադամ ուտելիքներից` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացից շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից: Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող եղբայրակցին դատելու.«Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):

Պահքի կարևորությունն առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք» (Ծննդ.2:16-17):

  • 2013-07-01
×