«ԱՐԱՐԱՏ» երիտասարդաց միության երիտասարդների ուխտագնացությունը Տ. Նավասարդ արք. Կճոյանի հետ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «ԱՐԱՐԱՏ» երիտասարդաց միության երիտասարդների ուխտագնացությունը Տ. Նավասարդ արք. Կճոյանի հետ

«ԱՐԱՐԱՏ» երիտասարդաց միության երիտասարդների ուխտագնացությունը Տ. Նավասարդ արք. Կճոյանի հետ

Օգոստոսի 31-ին կազմակերպվեց երիտասարդական ուխտագնացություն դեպի Հաղարծին վանական համալիր և Գոշավանք` Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի գլխավորությամբ և օրհնությամբ: Ուխտագնացությունը կազմակերպել էին Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության պատասխանատու արժանապատիվ Տ. Պետրոս ավգ. քհն. Մալյանը և միության երիտասարդները: Ըստ ավանդույթի, ուխտագնացությունը սկսվեց Սրբազան Հոր օրհնությամբ և մասնակիցների աղոթքով:

Ճանապարհը դեպի Տավուշի մարզ շատ կարճ թվաց՝ երիտասարդների աշխույժ երգերի և հոգևոր ուղղվածությամբ խաղերի շնորհիվ: Հաղարծին վանական համալիրում ուխտավորներին դիմավորեց Տ. Շավարշ քահանան, ով մեծ սիրով ցույց տվեց եկեղեցական շինությունները և պատմեց վանական համալիրի դարավոր պատմությունը: Հոգևոր հայրերի հետ երիտասարդները եղան առանձին եկեղեցիներում, աղոթք կարդացին, երգեցին շարականներ և յուրաքանչյուրն իր մոմավառությամբ անհատական աղերս-խնդրանքն ուղղեց Երկնավոր Հորը:Հետաքրքրական էր նաև համալիրի սեղանատունը, որը ճարտարագիտական լուծումով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից էր:

Ուրախ երգերով ու խաղերով ուխտավորները ուղևորվեցին դեպի գետափ, որտեղ էլ պատրաստեցին սիրո ճաշկերույթ: Սաղարթախիտ անտառում՝ հրաշալի գետափի գրկում, ուխտավորներից մեկը բոլորին զմայլեց իր ջութակի աստվածային ելևէջներով:Հետճաշյան հանգստից հետո ճանապարհը շարունակվեց դեպի Գոշավանք: Այստեղ հոգևոր հայրերին և երիտասարդներին դիմավորեց Գոշավանքի հոգևոր հովիվ Տ. Սարգիս քահանան, ով ծանոթացրեց վանական համալիրի դարավոր պատմությանը, և վերջում «Արարատ» երիտասարդաց միությանը նվիրեց փայտյա ասեղնագործ խաչքար:Համալիրի գրատուն-զանգակատանը երիտասարդները զրուցեցին Սրբազան Հոր հետ, լսեցին նրա խորհուրդները, հայրական խրատներն ու պատգամները: Ս. Հովհաննես եկեղեցուց հրավիրված երգչախումբը անմոռանալի պահեր պարգևեց բոլոր մասնակիցներին իր կատարումներով:Հրաժեշտ տալով Տ. Սարգիս քահանային՝ ուխտավորները ուղևորվեցին դեպի Գոշի լիճ, որը գտնվում է վանական համալիրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Չնայած ճանապարհը դժվարանցանելի էր՝ երիտասարդները մեծ աշխուժությամբ և երգերով բարձրանում էին անտառի միջով: Լճափին բոլորը ուրախ պարում էին ազգագրական պարեր, փորձում էին տեղաբնակ երեխաների հետ ձուկ որսալ:Ուխտագնացության վերջում երիտասարդները մեծ ոգևորությամբ կիսվում էին իրար հետ օրվա տպավորություններով, խորին շնորհակալություն հայտնում Սրբազան Հորն ու Տ. Պետրոսին` անմոռանալի ուխտագնացության համար:

  • 2013-09-06
×