Օգոստոսի 17-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի ցանկությամբ և օրհնությամբ, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության անդամները միության պատասխանատու արժանապատիվ տեր Պետրոս ավգ. քհն. Մալյանի գլխավորությամբ, կազմակերպեցին ուխտագնացություն դեպի Խոր Վիրապի, Նորավանք վանական համալիրները և Արենիի Ս. Աստվածածին եկեղեցի: Առավոտյան Սրբազան հոր ժամանումից անմիջապես հետո, ուխտավորների խումբը Ս. Սարգիս եկեղեցում հավաքական աղոթք կարդաց, և Սրբազան հոր օրհնությամբ սկսեց իր ուխտավորի ճանապարհը:Ուխտագնացության առաջին հանգրվանը Տ. Նավասարդ Սրբազանի առաջարկով եղավ Խոր Վիրապ վանքը` կարևորելով այն հանգամանքը, որ այնտեղից է սկիզբ առել քրիստոնեությունը Հայոց աշխարհում: Ներկա գտնվելով այդ խորհրդավոր վիրապներում` երիտասարդների հոգիներում տիրում էր հոգևոր ու ջերմ զգացողություն: Նրանք աղոթք հղեցին` խնդրելով Ս. Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը:Ուխտագնացությունը շարունակվեց դեպի Նորավանքի վանական համալիր: Ճանապարհին ուխտավորներն այցելեցին հայ մեծն բանաստեղծ Պարույր Սևակի տուն-թանգարան: Այնտեղ ներկաները տեղեկացան բանաստեղծի կյանքի մանրամասներին, ինչպես նաև հնարավորություն ունեցան համտեսել իր իսկ այգու պտուղներից: Թանգարանի տնօրինությունը որպես պատվավոր հյուրի Սրբազան հորը հրավիրեց բանաստեղծի տուն:Վերջում Պ. Սևակի և իր կնոջ շիրմաքարի շուրջ հավաքվելով` երիտասարդներից մի քանիսը կարդացին Պ. Սևակի բանաստեղծություններից` արտահայտելով իրենց հարգանքն ու պատկառանքը մեծանուն բանաստեղծին: Կատարվեց նաև հոգեհանգստի արարողություն գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հանդիսապետությամբ: Հատկանշական էր տապանաքարի (հեղինակ`Ջիմ Թորոսյան` 1972թ.) յուրօրինակությունը, որը, լինելով արցախյան ժայռաբեկորներից մեկը, իր խորդուբորդներով կարծես հիշեցնում էր բանաստեղծի կյանքը: Այն արտահայտում էր նրա վեհությունն ու անկոտրուն ուժը, խորհրդավորությունն ու պարզությունը: Այցելությունից հետո ուխտագնացությունը շարունակվեց դեպի Նորավանք վանական համալիր: Ուխտավորներին նաև ողջունելու եկավ Վայոց Ձորի թեմի ժամանակավոր փոխառաջնորդ` հայր Զարեհը: Այնտեղ՝ Ս. Աստվածին եկեղեցում, Սրբազան հայրը և երիտասարդները կարդացին աղոթքներ և երգեցին հոգևոր շարականներ: Որից հետո երիտասարդաց միությունը կազմակերպել էր հյուրասիրություն: Ներկա միջավայրը շատ ջերմ էր ու անմիջական: «Արարատ» երիտասարդաց միության անդամները ստացան իրենց շատ հարցերի պատասխաններ և ունեցան մտերմիկ զրույց Սրբազան հոր հետ: Նրանց այն հարցին, թե ինչ կարծիք ունի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանը այսօրվա երիտասարդության մասին, նա պատասխանեց. «Երիտասարդությունն ինձ համար խավ չէ, դասակարգ չէ: Երիտասարդությունն անհատների հավաքականությունն է, իսկ մարդիկ տարբեր են»,- ասաց Գերաշնորհ սրբազան հայրը: Իսկ այն հարցին, թե ինչ արժեքներով նա կհորդորեր այսօրվա երիտասարդներին առաջնորդվել, նա պատասխանեց. «Ես կուզենայի, որ երիտասարդությունը ներգրավված լինի այն առաքելության մեջ, որն ունի ազգային պատկանելիություն, իսկ եթե այդ պատկանելիությունը չկա, մոլորությունն անխուսափելի է ու կարելի է հեշտությամբ շեղվել: Պետք է ընդգծել մեր ազգայինի կարևորությունը, բայց նաև պետք չէ այն չափազանցնել` ինքներս մեզ կուռքի վերածելով: Իմ հորդորը ձեզ. անմնացորդ սիրով սիրե՛ք հայրենիքը, Հայ Առաքելական եկեղեցին` իր Մայր Աթոռ Ս. Էջմիածնով»:Ուխտագնացության վերջին հանգրվանը հանդիսացավ Արենիի Ս. Աստվածածին եկեղեցին: Վերադառնալով առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի` ևս մեկ անգամ ստանալով Սրբազան հոր օրհնությունը, երիասարդները հրաժեշտ տվեցին միմյանց:
Նյութը տրամադրել է «Արարատ» երիտասարդաց միությունը: