«Մարդ ստեղծենք Մեր կերպարանքով և նմանությամբ»
(Ծննդ. Ա:26)
Աստված մարդուն արարեց անարգ նյութից՝ երկրի կավից, և նրան պատվեց՝ տալով Իր պատկերն ու նմանությունը, բայց ի՞նչ ասել է Աստծո «պատկեր և նմանություն»: Եկեղեցու վարդապետներն ասում են, որ Աստված հոգի է, ուրեմն այս պատկերն ու նմանությունը հոգևոր իմաստով պետք է հասկանալ: Նրանք, մեկնելով Սուրբ Երրորդության անհաս միությունը, ասում են. «Նայի՛ր ինքդ քեզ, քանզի քո մեջ էլ կա նմանությունը Սուրբ Երրորդության՝ ունես բանականություն, այդ բանականությունից ծնվող խոսք և այդ բանականությունից բխող միտք. առանց մեկի մյուսը չի կարող լինել», բայց սա լոկ նմանություն է և ոչ՝ իսկություն: Ս. Գրիգոր Տաթևացին, անդրադառնալով մարդու՝ Աստծուն նմանությանը, ասում է. «Աստված Աստծուց է ծնվում և մարդը՝ մարդուց, ուղիղ է Աստված և մարդն ուղիղ է արարված», իսկ Ս. Գրիգոր Նյուսացին լրացնելով՝ հավելում է. «Իր անճառելի երանությունը և առաքինությունն Աստված մեզ պարգևեց՝ տալով մաքրություն, անախտություն և չարից օտարություն», իսկ Ս. Հովհաննես Պլուզ Երզնկացին ասում է. «Սուրբ Երրորդություն է Աստված՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի, առանց մեկի մյուսը գոյություն չունի, այդպես էլ մարդն ունի միտք, բան (բանականություն) և հոգի»: Ահա սա է այն պատկերակցությունը, որ մարդ ունի Աստծո հետ, բայց պիտի հասկանանք, որ այդ պատկերակցությունը նմանությամբ է:
Ինպե՞ս:
Երբ ասում ենք, որ մարդ ունի Աստծո նման ազատ կամք, պետք է հասկանանք, որ այդ կամքը նմանողությամբ է, քանզի Աստծո կամքը որպես կատարյալ բարիք չգոյից գոյության է կոչում ամեն ինչ, որ կամենում է, իսկ մարդուս կամքը թեև ազատ է, ինչպես Աստծո կամքը, բայց արարչական կամք չէ, այսինքն՝ մարդու կամեցածը երբեմն-երբեմն է իրականանում և շատ հաճախ ոչ այնպես, ինչպես նախապես որոշում է մարդ, որի համար էլ ասում ենք «նման» և ոչ թե նույնը:
Երբ ասում ենք, որ մարդ Աստծո նման ունի բան՝ բանականություն և ստեղծագործելու կարողություն, պիտի հասկանանք, որ Աստծո Բանը կատարյալ Աստված է և արարչակից է Հորը, իսկ մարդու բան-բանականությունը մարդկային է, այո,՛ այն ստեղծագործակից է մարդուն, բայց լոկ քննում է եղականները և ժամանակի մեջ է, ժամանակակից է մարդուն և փոփոխական է մարդու նման. ունի աճում և նվազում: Աստված ստեղծագործում, արարում է այն, ինչ կամենում է և արարում է ոչնչից, իսկ մարդ նախ ոչ թե արարում, այլ ստեղծագործում է և այն էլ՝ ոչ հար և նման իր ցանկացածին, այլ այն, ինչ արդյունքում ստացվում է, և ինչ էլ ստեղծում է, ստեղծում է Աստծո շնորհով. «Մարդ ծնեցի Աստծո զորությամբ» (Ծննդ. Դ:1):
Այսքանով մենք «մատի ծայրով» հասկանում ենք, թե ինչ ասել է «պատկերով» և ինչ ասել է «նմանությամբ» ստեղծված լինել:
Ս. Գրիգոր Լուսավորիչն ասում է. «Աստված մարդուն ստեղծեց այն պատկերով, որով հայտնվեց ժամանակների լրումին»: Ահա այստեղ մեզ համար նորովի հասկանալի է դառնում այն փառքը, որով Աստված ստեղծեց մարդուն՝ ասելով. «Մեր պատկերով և նմանությամբ», քանզի այդ նույն պատկերով Աստված հաճեցավ մարմնանալ և մինչ մարմնանալն այդ նույն կերպարանքով Աստված հաճեցավ իջնել բաբելոնյան հնոցի մեջ (հմմտ. Դանիել Գ:92) և երևալ նախահայրերին:
Ուստի մարդ, դո՛ւ, որ ստեղծվեցիր այդպիսի մեծ փառքով և պատվով, և կոչվեցիր լինել ժառանգող անանց բարիքների և իմանալի երկնքի, գիտակցի՛ր քեզ տրված սրբության արժեքը, որն է Աստծո պատկերը և նմանությունը և մեղքով մի ապականիր քո աստվածաստեղծ հոգին:
Վաչագան սրկ. ԴՈԽՈԼՅԱՆ
Աղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ