Մովսեսի եկեղեցու զանգերը հարևան Ադրբեջանի ականջին խաղաղություն են շշնջում

Մովսեսի եկեղեցու զանգերը հարևան Ադրբեջանի ականջին խաղաղություն են շշնջում

Մովսես գյուղն ամբողջությամբ հակառակորդի ափի մեջ է: Գյուղի կենտրոնում գտնվող Ս. Աստվածածին եկեղեցու զանգերի ղողանջները հարևան հանրապետությունում ևս լսելի են: Զանգակների հնչյունները մովսեսցի հավատավորներին  պատարագի են կանչում, նաև ղողանջում` արտահայտելով հինավուրց գյուղի` խաղաղություն հաստատելու մեծագույն  ցանկությունը: Մովսեսի հոգևոր հովիվ Տեր Աբելը հավատում է զորավոր ուժին, որ մարելու են  կրակոցների ձայները, որ եկեղեցուն մոտ ապրող, գյուղի համար մարտերին մասնակցած Ղուկասի աղավնիները, ի վերջո, ճախրելու են Մովսեսի խաղաղ ու կապույտ երկնքում: Տեր Աբելն ամեն առավոտ աղոթք է բարձրացնում առ Աստված, որպեսզի մեկընդմիշտ լռեն բոլոր զենքերը: Այդ տարիներին Մովսեսում մինչև 40 զոհ է եղել: Մովսեսի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին օծվեց 2011թ. օգոստոսի 7-ին: Այդ օրը Մովսեսում տոն էր: Հոգևոր վերազարթոնքին սահմանապահ գյուղում մասնակցում էին նաև Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, «Բերդ» պարային համույթը և Կոմիտասի անվան լարային քառյակը: Հոգևոր հայրն ասում է` այսօր ունեն եկեղեցի, որտեղ առավոտ-երեկո ժամերգություններ են կատարվում, և հավատավոր շատ մարդիկ կան, ովքեր Աստծո հետ իրենց կնքած ուխտը նորոգում են ամեն օր: «Մեծ ուրախություն է մեզ համար, որ բոլոր ծիսական արարողություններին մասնակից են արդեն, շատ ինքնաբուխ, իրապես  անկեղծ սրտով մկրտվողներ կան: Հայաստանի տարբեր շրջաններից գալիս են մեզ մոտ ուխտագնացության, միասին ուխտի պատարագներ ենք անում, ուրախանում, գոհանում, Աստծուն փառաբանում»,- նկատում է Տեր Աբելը:
 

Մովսես գյուղի նոր` Ս. Աստվածածին եկեղեցին կառուցել են հին եկեղեցու տեղում։ Հին եկեղեցին քանդել են 1937թ. և դրանից մնացել են միայն արևելյան պատը և հյուսիսային կողմում կառուցված մկրտության ավազանը։ 2005թ. մոսկվաբնակ մովսեսցի գործարար Վազգեն Վանեսյանի և նրա ընկերների նախաձեռնությամբ սկսվել է նոր եկեղեցու կառուցումը քանդածի տեղում։
 

Եկեղեցու օծման օրը կատարվել է եկեղեցու հիմնադիր Վազգեն Վանեսյանի և նրա ընտանիքի մկրտությունը նոր եկեղեցում։ Իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 8-ին, կատարվել են տեղաբնակների զանգվածային մկրտության և պսակադրության արարողություններ։ Նաև բազմաթիվ սիրահար զույգեր հատուկ հետաձգել են հարսանիքի օրը, որպեսզի պսակադրվեն նոր եկեղեցում:
 

«Այսօր պատարագին մասնակցող մարդանց քանակն արդեն իսկ խոսում է այդ մասին, որ բավական նորոգվել է մեր հավատքը Տավուշում, փառք Աստծո, որ կարողանանք ոչ միայն զենքով, այլև խաչով ու Ավետարանով պայքարել»,- ասում է Տեր Աբելը:
 

Պատմում են, որ 2010թ. օգոստոսին «Կարոտ» փառատոնի շրջանակում Մովսես գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին (որն արդեն գրեթե պատրաստ էր, բայց պաշտոնապես բացված չէր) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնելու արարողության ժամանակ ադրբեջանական դիրքերից կրակոցներ էին արձակվում:
 

Մովսեսը հիմնադրվել է 1780թ., երբ Արցախից չորս ընտանիքներ եկել և բնակություն են հաստատել այստեղ: Մովսեսի հարևանությամբ երեք ադրբեջանական գյուղ կա:
 

Հնագույն գյուղի տարածքում քիչ չեն սուրբ վայրերը:
 

«Կա Խրամի ուրթ կոչվող տարածքը, որտեղ եկեղեցի կա, հին Մովսես գյուղի տարածքը կա, որտեղ Ղարաբաղից առաջին միգրացիոն  շրջանից բնակություն են հաստատել, եկեղեցի  կառուցել: Խրամի ուրթ կոչվածը, եթե դեմքով հարևան հանրապետությունը (նկատի ունի Ադրբեջանը) կանգնենք, աջ թևի վրա վերևի հանդամասն է և Մովսեսի գյուղատեղին, որտեղ եկեղեցին որոշակի չափով պահպանվել է: Երբ տեղափոխվել են այստեղ, արդեն Տեր Սարգիս Բադալյանցը կառուցել է այս եկեղեցին` Ս. Մարիամ Աստվածածինը, և ծնվել է դպրոցը: Լենկ Թեմուրի արշավանքներից հետո էր, որ հիմնականում  դատարկվեց  այս տարածաշրջանը, 200 և ավելի տարի անբնակ էր, հետո բնությունը եկավ, լրացրեց ամեն ինչ, անտառածածկ դարձավ, այսօր նախկին Շամշադինի ամբողջ տարածաշրջանի անտառները ման կգանք և կտեսնենք մենաստանններ, ճգնակեցության վայրեր, կտեսնենք վանական համալիրներ, որտեղ իրենց հոգևոր կյանքն էին ապրում:  Եվ այսօր մեր քարոզության հիմքում ընկած է հենց այդ իրականությունը, որ սովորենք մեր պապերից…», - ասում է Տեր Աբելը:
 

Մովսեսը, թեև ամեն օր ենթարկվում է գնդակոծությունների, բայց կյանքն այստեղ  կանգ չի առնում: Ս. Աստվածածնի դուռը զօր ու գիշեր բաց է. այստեղ մկրտվում են ու պսակադրվում:  Եկեղեցու օծումից հետո մարդիկ առավել հավատավոր են դարձել: Մովսեսցիներն ու նաև աղավնապահ Ղուկասը համոզված են` խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ մարդն Աստծուն մոտենա, ապրի  Աստծո պատվիրաններով`հոգում պահելով հայրենիքը:

 

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

  • 2021-08-05
×