Խնդրեցի ընկերներիս և հարևաններիս իրենց երեխաների հետ խոսել Հայ Առաքելական եկեղեցու սրբերի մասին։ Առաջին արձագանքը 8-ամյա Ռաֆայելի տեղատարափ հարցերն էին։
Նայում եմ։ Ութերորդ հարկի պատշգամբում հարևանի հարսը լվացք է կախում, իսկ երկրորդ դասարանում սովորող նրա տղան հարցնում է․
- Մամ, էրեկ ասեցիր Մանե անունով սուրբի մասին։ Բա մեր դասարանի Էրիկի մամայի անունը Մանե տոտայա։ Ինքնա՞ սուրբը։
- Չէ բալիկ, Մանեն և Նունեն Հռիփսիմյանց կույսերից էին։ Հիշո՞ւմ ես, տատիկը պատմել էր։ Նրանք երկուսն էլ մահացել են։
Ռաֆայելը լսեց, հետո մի քիչ տարվեց դրսի մեքենաներին նայելով ու ներս գնաց։ Երկու րոպե հետո վազելով վերադարձավ։
- Մամ, իսկ սուրբ Աշխե՞նը։ Ինքը Ռիտա մորքուրի աղջիկնա՞։
- Ռաֆ, չէ։ Սրբերը մահացել են։ Աշխենը հայերի թագուհին էր, ով ընդունեց քրիստոնեությունն ու կնքվեց։
Տղան գլուխը կախ լսեց ու մտավ տուն։ Տասը վայրկյան չանցած՝ շնչակտուր եկավ պատշգամբ։
- Մամա, իսկ Գայանե՞ն, Միլենայի քուրիկը։
- Չէ, Ռաֆ։
- Մամ, բա Շուշանի՞կը, ինքը միշտ ինձ կանֆետա տալիս, լավնա։
- Չէ բալ, պատմել եմ իրա մասին։
- Մամ, բա...
Մտածեց, մտածեց ու նորից հարցրեց։
- Մամա, բա ասում էիր՝ Հիսուսի մաման սուրբա։ Ինքը մահացելա չէ՞։ Ուրեմն, մամաները սուրբ են։
Լվացքի հետ միասին շատ հարցերի պատասխաններ ու «անպատասխաններ» կախեց Ռաֆայելի մայրը, ու շատ հարցեր մնացին «լվացքի պարանից կախված»։ Մեկ լիքը, երկար հայկական լվացքի պարան, որի վրա շատ հարցեր են չորանում։
Ո՞վ է համարվում սուրբ։ Եթե հին սրբերը նահատակվել են, ապա ովքե՞ր են նորերը ու ինչպե՞ս դիմացինի մեջ տեսնել սրբի։
«Սո՛ւրբ եղեք, քանզի Ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ» (Ղևտ․ 19.2): Որևէ մարդ չի կարող սուրբ կոչվել ըստ մարդկային չափանիշների։ Մարդը սուրբ է Աստծո հետ իր հարաբերությամբ, իր մեջ Աստծո ներկայությամբ ու ներգործությամբ։ Սրբությունը բնորոշվում է որպես անմեղություն, բարոյական անարատություն, երկյուղածություն և հարգանք։ Այն նաև բարության հոմանիշն է։ Սրբությունը բնութագրվում է որպես բացարձակ բարի վիճակ։
Այսպիսով, մենք յուրաքանչյուրի մեջ կարող ենք սրբության գոնե մեկ դրսևորում տեսնել։ Չէ՞ որ նահատակված սրբերը հասարակ մարդիկ են եղել, բոլորից մեկը։
Իններորդ հարկի պատշգամբից նայելիս շատ մարդկանց ես սկսում ճանաչել։ Ու սկսում ես կասկածել։ Տեսնես նրանք կարո՞ղ են սուրբ լինել։ Հարևան շենքի պատշգամբում Ասյա տատիկը հաց է փշրում տատրակների համար։ Արդեն տասնհինգ տարի է, ինչ ամեն առավոտ տեսնում եմ նրան այդտեղ։ Բակի կոշկակար Մարտունն անվճար կոշիկներ է նորոգում։ Հետո աչքս ընկնում է դիմացի շենքի չորրորդ հարկի լվացքի պարանին։ Սպիտակեղենի կողքին զինվորական հագուստ է կախված։ Ամուսնու հագուստն է, ով կամավոր զիվորագրվեց ու զոհվեց ապրիլյան պատերազմի ժամանակ։ Նա էլ քրիստոնյա էր, ով զոհվեց հանուն հավատի ու ազատության։ Չգիտեմ, թե ինչո՞ւ էր կինը լվացել այդ հագուստը, բայց պարանից կախված չորացած լվացքը կարող էր լինել Ռաֆայելի հարցի պատասխանը․
- Մա, բա որ բոլոր սրբերը մահացել են, հիմա սրբեր չկա՞ն, մենք ի՞նչ ենք անելու։
Հասմիկ Թամամյան