Ովքե՞ր են սրբերը

Ովքե՞ր են սրբերը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայ Առաքելական եկեղեցին կատարեց Ցեղասպանության զոհերի սրբադասման կարգը: Շուրջ 400 տարվա ընդմիջումից հետո սա աննախադեպ իրողություն էր։



Վաղ քրիստոնեական ընկալման համաձայն «սուրբ» բառը նշանակում է պատկանել Աստծուն։ Եթե ասում էին, թե այս մարդը սուրբ է, նշանակում էր, որ նա պատկանում է Աստծուն։ Ուստի սուրբ են բոլոր նրանք, ովքեր քրիստոնյա են, ովքեր ընդունել են Աստծո խոսքն ու ապրում են դրանով, ովքեր կարող են օրինակ լինել մյուսների համար. սրբերը աստվածային իրականությունն են: Հետագայում «սուրբ» եզրույթի մեջ ներառվեցին նաև «մաքուր, կատարյալ, անմեղ» հասկացողությունները։


Շատ կարևոր է հասկանալ, որ եկեղեցու առաջ բոլորը հավասար են, և եկեղեցին չի սրբացնում մարդկանց, այլ պարզապես ընդունում է Աստծո կողմից սրբադասվածի սրբությունը, իսկ մարդիկ խնդրում են նրանց բարեխոսությունը և ձգտում նմանվել սրբերին ու «անմահանալ»:
Հայ եկեղեցին իր զարգացման և պատմության ընթացքում տարբեր սկզբունքներով է սրբադասման կարգ կատարել, չնայած հստակ արձանագրություններ այդ կարգի մասին չեն պահպանվել:


Եկեղեցու ձևավորման առաջին փուլում սուրբ էին համարվում այն քրիստոնյաները, որոնք նահատակվել են իրենց հավատի, Աստծուն չուրանալու համար, ամրացրել են իրենց հավատն ու տարածել քրիստոնեական գաղափարները նույնիսկ այն դեպքում, որ դա սպառնալիք է եղել իրենց կյանքի համար: Սրբադասվում են նաև այն ճգանվորներն, ովքեր Աստծուն գտնելու, նրա կատարելությանը հասնելու համար առանձնանում են աշխարհից ու ապրում աղոթական սրբակենցաղ կյանքով։ Սրբադասվում էին նաև եկեղեցու ուսուցիչներն, ովքեր իրենց կյանքը նվիրեցին ուսուցչությանը, հերետիկոսների դեմ պայքարին և ամեն օր յուրատեսակ «նահատակությունների» էին ենթարկվում:


Սրբադասման հիմնական առանցքը նահատակությունն է, հենց սա էլ հիմք հանդիսացավ վերջին շրջանի միակ սրբադասման համար: Հայոց ցեղասպանության զոհերը հավաքական կերպով մարմնավորում ու խորհրդանշում են այն նահատակությունը, որը միտված էր հայ ու քրիստոնյա մնալուն:

 


Աննա Հարությունյան

  • 2021-08-20
×