Գինու ճանապարհը

Գինու ճանապարհը

Առաջին խաղող, առաջին գինի և առաջին գինեգործ. այս բոլորն ըստ լեգենդի սկզբնավորվեցին հայոց բնաշխարհում: Աստվածաշնչում ասվում է, որ Նոյ նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը: Իսկ գինու պատրաստման գաղտնիքը Նոյին բացահայտել էր այծը, որը կերել էր վայրի խաղողի պտուղներ և հարբելով՝ սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին: Դրանից հետո Նոյն Արարատ լեռան լանջերին խաղող տնկեց, և վերջինիս պտուղներից էլ գինի ստացավ: Գինին այնքան համեղ էր, որ նա չդիմացավ գայթակղությանը, «խմեց և արբեց»: Ահա առաջին տեղեկությունը գինու մասին, որը գրեթե նույնքան հին է, որքան աշխարհը:


Ջրհեղեղից հետո՝ նոր աշխարհի և նոր կյանքի արշալույսին, ստեղծվեց գինին, որը հետագայում պիտի մարդու և աստվածային էության միջև սրբազան կապի խորհուրդը հանդիսանար և ուղեկցեր քրիստոնյային դեպի Աստված տանող առաքելության մեջ:


Քրիստոս նախազգուշացրել է, որ Իր մահը նոր դարաշրջանի սկիզբը պիտի դառնա:


Սովորաբար արյունն ասոցացվում է մահվան հետ, սակայն քրիստոնեության մեջ արյունը և մահը ոչ թե ինչ-որ բանի վերջն են, այլ՝ նորի սկիզբը։ Քրիստոս պատվիրեց, որ գինին ընդունենք որպես Իր արյուն։ Նա Իր արյունը թափեց մեր մեղքերը սրբելու և մեզ նոր կյանք պարգևելու համար։ Հիմա մենք քայլում ենք գինու ճանապարհով, այսինքն՝ Քրիստոսի արյան հետքերով։
Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Քրիստոս վերցրեց անխառն գինով բաժակը, գոհություն հայտնեց, տվեց աշակերտներին ու ասաց. «Խմեցեք դրանից ամենքդ, որովհետև այդ է նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար` իրենց մեղքերի թողության համար» (Մատթ. 26:28):


Ս. Հաղորդությամբ մեղքերից ազատվելը հենց Ս. Պատարագի բուն առանցքն է, որի ժամանակ օգտագործվում է գինին։ Քրիստոս որպես հաշտության զոհ պատարագվում է Սուրբ Սեղանի վրա` բաշխելով մեզ Իր Սուրբ Մարմինն ու Սուրբ Արյունը, որով քավություն և թողություն է տրվում մեր մեղքերին:


Ս. Գրիգոր Տաթևացին այսպես է բանաձևում խորհուրդը. «Հաղորդությունն իր մեջ պարունակում է Քրիստոսին` հացի ու գինու տեսքով, և նրանցից յուրաքանչյուրի մեջ Քրիստոս առկա է ամբողջապես»:
Սահմանվեց Հաղորդության խորհուրդը, որով և դրվեց սկիզբն այն եկեղեցու, որի հիմքերի տասնվեց քարերը լվացվում են նախ ջրով և ապա մաքրվում գինով:


Նոր կառուցվող եկեղեցու հիմնօրհնեքի ժամանակ հիմքի մեջ տեղադրվում են տասնվեց քարեր` ըստ Քրիստոսի տասներկու առաքյալների և չորս ավետարանիչների թվի: Տասներկու առաքյալներից երկուսը` Ս. Մատթեոսն ու Ս. Հովհաննեսը, ավետարանիչներ են, և քանի որ նրանք հիշվում են որպես ավետարանիչներ, առաքյալների տասներկու թիվը լրացվում է Ս. Պողոս առաքյալով և Ս. Գրիգոր Լուսավորչով: Հիմնօրհնեքի արարողության ընթացքում քարերը լվանում են նախ ջրով, հետո` գինով, այնուհետև օծում մյուռոնով: Ապա քարերը տեղադրվում են հիմքի մեջ նախատեսված հատուկ վայրերում: Քարերի՝ ջրով լվացումը հիշեցնում է Ոտնլվան և ակնարկում Քրիստոսի Մկրտությունը, գինով լվացումը` վերնատանը Վերջին Ընթրիքը և Հաղորդությունը, իսկ մյուռոնով օծումն` այն, որ առաքյալներն Աստծո Հոգով օծվեցին և զորություն առան՝ Սուրբ Հոգով մկրտելու և քարոզելու:


Գինով մաքրագործվում են նաև եկեղեցու սպասքները՝ խաչերը, սրբապատկերները, սկիհը և այլն:


Առասպելական այս ըմպելիքն իր ամբողջ խորհրդով ներկա է նաև մեկ այլ եկեղեցական արարողության՝ պսակադրության խորհրդի ժամանակ։


Քահանան հարսի ձեռքը հանձնում է փեսային և օրհնում: Այնուհետև օրհնում է գինին և տալիս փեսային ու հարսին: Պսակի խորհրդի ժամանակ գինու օրհնությունն ու բաշխումը հիշատակությունն է Կանայի հարսանիքի ժամանակ տեղի ունեցած հրաշքի, երբ Քրիստոս ջուրը գինի դարձրեց: Հիսուս իր կատարած հրաշքով օրհնեց այդ հարսանիքը և ուրախացրեց մասնակիցներին (տես Հովհ. 2.1-11): Պսակի արարողության վերջում գինու բաժակի վրա կատարած աղոթքով քահանան Հիսուսի նմանությամբ օրհնում է ամուսնացող զույգին, ներկա բազմությանը և ուրախացնում նրանց:
Հավատքը դեպի գինու զորությունն ու դրա աստվածային խորհուրդը մեզ փոխանցվել է ժառանգաբար։ Դեռևս հին ժամանակներից հայերն ունեին աղոթք, որը փոխանցվում է սերնդեսերունդ և ուժ ու արիություն տալիս ամենքին։ Այն արտահայտվել է հատկապես հայկական էպոսում։


- Յա՜, Մարութա բարձրիկ Աստվածածին։ Հացն ու գինին` Տեր Կենդանին։ Խաչ պատերազմին, ինչ վեր իմ աջ թևին։


Այսինքն, սուրբ հաց ու գինով զորանալով` Կենդանի Քրիստոս Աստված է մեր մեջ ներգործում՝ բազմապատկելով մեր հոգևոր ուժերն ու հնարավորությունները: Ահա այս աղոթքից հետո էր Սասնա Դավիթը Թուր Կեծակիի անկասելի հարվածն իջեցնում թշնամու վրա:


Ասում ենք՝ «Հացն ու գինին` Տեր Կենդանին» ու սկսում մեր ճանապարհը՝ գինու ճանապարհը։

 


Հասմիկ Թամամյան

  • 2021-08-09
×