Հրեշտակի հացը։ Հացի խորհուրդը քրիստոնյայի կյանքում

Հրեշտակի հացը։ Հացի խորհուրդը քրիստոնյայի կյանքում

Հայի հացը սկսվում է գութանից ու հորովելից, հողից ու դաշտից, հատիկից, խաչից ու աղոթքից ։


«Հո, հորովել, հորի լորի, լորո լորի հորովել,
Հորի լորի, լորո լորի ջան,
Ցորենն ինձի, դարմանը` քեզ, եզո ջան, ախպեր ջան»։
 

Երբ ցորենը հավաքված և աղացած է, հերթը հասնում է կանանց։ Առավոտյան ժամը 6։30-ին, երբ քաղաքը դեռ նոր է արթնանում քնից, գյուղի օդն արդեն հագեցած է թոնրի կրակի հոտով։ Թարմ թխած լավաշի գայթակղիչ բույրը տարածվում ու ստիպում է մտնել քարե պատերով թոնրատուն, որտեղ թոնրի շուրջ նստած կանայք «հայկական ավանդույթներն» են հունցում ու թխում, թխում ու փոխանցում սերունդներին։ Ամեն հունցած խմորի հետ նրանք պատմում են իրական կամ հորինված մի պատմություն, որը ոչ պակաս արժեքավոր է, քան այն, որ հայկական լավաշն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմած՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում։


Հրաշքներ են գործում հայ կնոջ ձեռքերն ու հրաշքների մասին պատմում այդ ընթացքում:


Ռիտա տատը հմուտ ձեռքերով խմորի վրա խաչ է անում ու քթի տակ ինչ-որ բան փսփսում։


Չկարողացա հասկանալ, թե ինչ էր ասում Ռիտա տատը, բայց գյուղացիներն ասում են, որ հաց թխելիս նա լավաշի հիմնն է ասում:
«Մեր լավաշ հացը մեր պարզությունն է, որ բաց ենք անում ամենքի առաջ։ Մեր լավաշ հացը մեր պատմությունն է՝ կրակի բոցում թրծված ու հառնած: Մեր լավաշ հացը մեր տրտմությունն է, համբերությունն է մեր կարկտահար: Մեր լավաշ հացը մեր էությունն է, մեր հաց-հավատը՝ աղոթքն ու նշխարը: Մեր լավաշ հացը մեր սրբությունն է, երդվել ու երդվում ենք միշտ հացի առաջ»:


Հետո խոսքի իրավունքը վերցնում է Ռիտա տատի հարսն ու պատմում մի պատմություն, որն իր տատից է լսել․
«Երբ փոքր էի, շատ էի տատիս կողքը նստում ու նրա հետ լավաշ թխում։ Ամեն անգամ անհամբերությամբ էի սպասում հաց թխելուն, որովհետև տատս միշտ մի նոր պատմություն էր պատմում հրաշքների մասին։ Դրանցից մեկը հացի մասին էր։ Ասում էին, թե մեր գյուղում մի հրեշտակ էր ապրում, ով հաց էր բաժանում։ Գյուղում մի շատ խեղճ ընտանիք կար, ով նույնիսկ օրվա ուտելու հաց չուներ։ Ընտանիքը երեք փոքր երեխա ուներ։ Մայրը դռնեդուռ ընկած ողորմություն էր խնդրում նրանց համար և այդպես պահում։ Սակայն մի օր նա ձեռնունայն վերադարձավ տուն։ Երեխաները սոված էին ու ամբողջ գիշեր լաց էին լինում, իսկ մայրն աղոթում էր, որ Աստված մի հրաշք գործի, երեխաները սոված չմնան։ Առավոտյան արթնանալով՝ երեխաներն իրենց անկողնու կողքին հաց գտան։ Տատս պատմում էր, թե առավոտյան բոլոր թոնրատներից մի-մի կտոր հաց էր պակասել։ Դրանից հետո գյուղում պատմություն էր պտտվում, թե Աստծո հրեշտակն էր այդ հացը հասցրել սոված ընտանիքին։ Ու մինչև այժմ մեր գյուղում հաց թխելուց հետո մի լավաշ դնում են առանձին անկյունում՝ սոված անցորդների կամ աղքատների համար։ Ասում են, թե դա «հրեշտակի հացն է»»։


Շատ պատմություններ, հրաշքներ ու ավանդություններ կան հայկական հացի կամ լավաշի մասին։
Ըստ ավանդության՝ խմորը հունցողը վերջում խմորի վրա ձեռքով «խաչ է» անում, հետո ծածկում այն: Խմորը հունցում է տան ավագ կինը՝ մեծ մայրը, ում օգնում են ավագ հարսն ու հարևան կանայք: Լավաշը թխում են վաղ առավոտյան, կրակը թոնրում վառում են աղոթրանին՝ այսինքն արևածագին: Վառած թոնրի շուրջը հատուկ կարգ ու կանոն է սահմանված. թոնրատան մաքրությունը սկսվում է բարիլույսի աղոթքներով, բարեմաղթանքներով, արգելված են վատ խոսքերը: Ըստ ծիսակարգի՝ ոչ մի տղամարդ չպետք է գտնվի թոնրի մոտ, հակառակ դեպքում հացը կպոկվի ու կընկնի կրակի մեջ՝ կուտ կգնա:


Հայոց ազգային սովորություններից է նաև նորահարսի ուսին լավաշ գցելը, որ նշանակում է, թե աղջիկը հացառատ կդարձնի այն օջախն, ուր հարս է գնում: Ինչպես նաև՝ հարսանեկան լավաշը պաշտպանում է «չար աչքից» ու ապահովում նորապսակների հաջողությունը: Նորածիններին «չար աչքից» պահպանելու համար հաց են դնում կրծքին:


Եվս մեկ ավանդույթի համաձայն՝ լավաշ թխողը, որպես մատաղ-հաց՝ յոթ տան լավաշ է բաժանում: Լավաշ է տալիս աղքատին, հղի կնոջը, որպեսզի Աստծո տված հացն ընդունելի լինի, տան հացն առատ լինի:


Հայի համար հացը ոչ միան նյութական բարիք է, այլև հոգևոր սնունդ։


Հայ Եկեղեցին հարուստ է աստվածպաշտական արարողություններով ու խորհուրդներով, որոնք կազմվել են մեր եկեղեցու հայրերի կողմից տարբեր ժամանակներում: Այդ արարողությունների և խորհուրդների մեջ կարևոր տեղ է զբաղեցնում նաև հացը։


Խորհրդավոր Ընթրիքի սեղանի շուրջ Քրիստոս վերցրեց հացը, օրհնեց այն, կտրեց և տվեց Իր աշակերտներին՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ Մարմինը»։ Հացը մնում է հաց՝ իր տեսքով ու որակով, սակայն, Հիսուս Քրիստոսի խոսքի համաձայն, այն խորհրդանշաբար դառնում է Նրա Մարմինը։ Մարդկային զգայարանների համար հացը հաց է, բայց իբրև քրիստոնյա, երբ հավատում ենք մեր Փրկչի խոսքերին, այն ընդունում ենք որպես Տիրոջ Մարմին։


Հացի խորհրդին հանդիպում ենք նաև Տնօրհնեքի կարգ կատարելիս։ Քահանան օրհնում է տան աղը, հացը և ջուրը: Այս երեքը համարվում են բոլոր տների հիմնական բարիքները, որոնք օրհնելով՝ քահանան խնդրում է Տիրոջից, որ այդ ընտանիքի մեջ բազմապատկվեն բարիքները՝ ընտանիքի անդամներին պարգևելով առողջություն և հավատի զորություն: Տնօրհնեքի այցելության ժամանակ քահանան իր հետ բերում է նշխարհ, որը դրվում է տան բարիքների՝ աղի կամ ալյուրի մեջ, և մնում է մինչև մյուս տնօրհնեք:


Հայի հացի արարման ընթացքն ավարտվում է նույնպես աղոթքով ու խնդրանքով. «Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր»։

 

 

Հասմիկ Թամամյան

  • 2020-08-09
×