Քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունած Հայաստանում եկեղեցիներ կառուցվել են 4-րդ դարից ի վեր։ Դրանք եղել են բազիլիկ, դահլիճ և գմբեթավոր տիպի: Ժամանակի թելադրանքով, տեխնիկայի զարգացման հետ մեկտեղ փոխվել են, իհարկե, եկեղեցիների հատակագծային և ծավալատարածական լուծումները, սակայն հայկական եկեղեցիները չես կարող շփոթել ուրիշ ոչ մի եկեղեցու հետ։ Եկեղեցաշինությունը հայ ազգային ճարտարապետության մեջ իր ուրույն դերն է ունեցել անցյալում և ունի նաև այսօր։ Ասվածի վկայությունը այժմ կառուցվող եկեղեցիներն են թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։
Հայկական դարավոր ավանդույթներն իր մեջ կրող ու միաժամանակ ինքնատիպ մի եկեղեցի է կառուցվում Արաբկիր համայնքում։ Եկեղեցին նախագծվել է դեռևս 10 տարի առաջ ճարտարապետ Արտակ Ղուլյանի կողմից և ՀՀ ազգային հերոս, բարերար Ալեք Մանուկյանի դստեր՝ Լուիզ Սիմոն Մանուկյանի բարերարությամբ։
Ճարտարապետը շատ եկեղեցիների նախագծեր է արել՝ Մոսկվայի Ս. Պայծառակերպության, Արտաշատի Ս․ Հովհաննես Ավետարանիչ, Աբովյանի Ս․ Հովհաննես Մկրտիչ և այլն, սակայն Արաբկիր համայնքում կառուցվող առաջին եկեղեցին հետաքրքիր ձևով տարբերվում է մյուսներից։
«Չգիտեմ ինչումն է գաղտնիքը, բայց անգամ երբ Վեհափառը ներս մտավ կիսակառույց եկեղեցի առաջինն այն հարցը տվեց, թե ինչո՞վ է տարբերվում մյուսներից այս եկեղեցին, որ այսպիսի տպավորություն է թողնում։ Այն ունի ամենամեծ գմբեթը Հայաստանի եկեղեցիների մեջ, մյուսը՝ Մոսկվայինն է։ Եկեղեցին ունի 4 կամար, ի տարբերություն մյուս եկեղեցիների, որտեղ կամարները ութն են։ Այս փաստի հաշվին ներս մտնողի համար տարածքը ընկալվում է որպես մեկ ամբողջություն։ Մյուս առանձնահատկությունը լուսավորությունն է։ Եկեղեցին ունի 24 պատուհան և նախատեսված է, որ ներսում ջահ չի ուենենալու։ Դրա փոխարեն ցերեկային լուսավորությունը կապահովվի 24 պատուհանների միջոցով, իսկ երեկոյանը՝ 24 մոմակալների։ Յուրաքանչյուր պատուհանի մոտ կդրվի մեկ մոմակալ, որն այնպիսի տպավորություն կստեղծի, որ ամբողջ գմբեթը ինքը մի մեծ ջահ է», - բացատրում է պարոն Ղուլյանը։
Եկեղեցու խաչերը օծվել են դեռևս 2015թ.-ի դեկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ: Իսկ 2016թ.-ի մայիսի 15-ին օծվեցին 5 զանգերը։
Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը մասնակցում է եկեղեցաշինական բոլոր աշխատանքներին և մեծ հաճույքով ու եռանդով պատմում, թե եկեղեցու որ անկյունում ինչ պետք է լինի։
«Մեծ աշխատանք է տարվում եկեղեցու կառուցման համար և արդյունքը պետք է իրոք հոյակապ լինի։ Նախատեսվում է բարեկարգել նաև շինության հարակից տարածքը։ Մնում է միայն համբերատար և աղոթքով սպասել», - ասաց Տ․ Բաբկեն քահանան։
Մենք մի ենք, մենք մի եկեղեցի ենք, այս բառերն իզուր չեն ասվում։ Հայոց եկեղեցին հայ հոգևոր, ժողովրդական սովորությունների, ավանդույթների, արարողությունների կրողն ու դրանք քրիստոնեական դրոշմով շարունակողն է։ Նրա շնորհիվ աշխարհի տարբեր վայրերում գտնվելով՝ մենք զգում ենք, որ մի ամբողջի մասնիկ ենք։
«Հայոց եկեղեցին այն միակ հոդակապն է եղել, որ Հայկի սերնդի ցրված մնացորդները կարողացել է իրար հետ անքակտելի պահել և իբրև մեկ ազգ պահպանել»: (Մաղաքիա պատրիարք Օրմանյան)
Հասմիկ Թամամյան