Հարությունից հետո 40 օր շարունակ Քրիստոս երևաց իր աշակերտներին, իրեն կենդանի ներկայացրեց ու այդ օրերի ընթացքում խոսեց Աստծո արքայության մասին՝ փոխանցելով նրանց իր վերջին պատգամները։ Միայն 40-րդ օրը Ձիթենյաց լեռան վրա, աշակերտների աչքի առաջ Քրիստոս բարձրացավ երկինք, վեր համբարձվեց։
Ինչպես Դավիթ սաղմոսերգում է ասում.«Համբարձվեց Աստված օրհնությամբ, և մեր Տերը՝ շեփորի ձայնով» (Սաղմ. 46:6), սակայն ի՞նչ էր նշանակում Քրիստոսի համբարձումը։ Հեռացո՞ւմ։
«Քրիստոսի համբարձումը հեռացում չէ, այլ Քրիստոսի հավիտենական ներկայությունը մեր կյանքում։ Ավետարանը վկայում է, որ Քրիստոս եկել էր, որ վերադառնա: Նա վերադարձավ երկինք, բայց իր հետքը թողեց մեր սրտերում ու հոգիներում և մարդիկ սկսեցին Տիրոջը փնտրել իրենց սրտերում: Համբարձումը վերջը չէր, այլ Քրիստոսի մեր մեջ բնակվելու սկիզբը։ Այսօր Քրիստոս ամենուր է, ամենքիս մեջ»,- բացատրում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Համբարձում բառը ծագել է գրաբար համբառնալ բառից, որը նշանակում է վեր բարձրանալ, վեր ելնել, բայց ոչ հեռանալ։ Քրիստոս բարձրացավ վեր, բայց չհեռացավ։ Համբարձման խորհուրդով ոչ թե խզվում են մարդու և Աստծո հարաբերությունները, այլ ավելի ամրանում են․«Եթե Ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ» (Հովհ. 16:7):
Համբարձման տոնին՝ մայիսի 25-ին, Հայաստանյայց առաքելական եկեղեցում հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։
Բացի եկեղեցկան արարողություններից Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով։ Համբարձումը բնության բեղունության ու արբունքի տոնն է: Այն համընկնում է գարնանային աշխատանքների ավարտի հետ, երբ երկրագործն, իր աշխատանքը կատարելուց հետո, հայացքը վեր է պարզում և Աստծուց ու բնությունից ակնկալում հատուցում:
Ժողովրդական այս տոնը կոչվում է Ջանգյուլում: Համբարձման գիշերվա վերաբերյալ ամենուր տարածված էր Լեյլի ու Մեջլունի հանդիպման առասպելը: Ծնողների պատճառով իրենց մուրազին չհասած սիրահար զույգը` Լեյլին ու Մեջլունը խնդրում են Աստծուն իրենց աստղ դարձնել և իր մոտ` վերև տանել: Աստված կատարում է նրանց խնդրանքը, և տարին մեկ անգամ, Համբարձման գիշերը, այդ աստղերը երկնակամարի տարբեր կողմերից գալիս միանում, ջերմ համբույրով գրկախառնվում են և դարձյալ վերադառնում իրենց տեղերը:
«Ջան, վիճակ, ջան, ջան։ Ջան ծաղիկ, ջան, ջան», երգում են աղջիկները, ծաղկեփնջեր կազմում ու մութն ընկնելուց հետո վիճակի փարչը թաքցնում խոտերի մեջ և շուրջ բոլորը զարդարում ծաղկեփնջերով: Զարդարում ու սպասում են վիճակին։
Վաղ առավոտյան սկսվում է հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր «Վիճակ»: Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Ծաղիկներից բացի նրանք փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծառից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Փարչի մեջ գցվող ծաղիկներից բացի բազմաթիվ ծաղիկներ էին քաղում` զարդարվելու և Համբարձման ծաղկեփնջեր պատրաստելու համար:
Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ ու աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները եւ շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով եւ դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ եւ բարեմաղթանքներ են տրվում:
Համբարձմանը վիճակ գցելու սովորույթը առաքյալների`Քրիստոսի Համբարձումից հետո Երուսաղեմ դառնալու և Վերնատանը վիճակ գցելու հիշատակությունն է, երբ Հուդայի փոխարեն 12-րդ առաքյալ է ընտրվում Մատաթիան:
Սուրբ Հարության 40-րդ օրը Քրիստոս կրկին հայտնվեց իր աշակերտներին, պատգամեց գնալ և տարածել քրիստոնեությունը բոլոր ազգերին ու ասաց. «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը»: (Մատթ. 28 18-20):
Ո՞ւր հեռացավ Քրիստոս։ Սուրբ Հարության 40-րդ օրը հարկավոր է մտածել ոչ թե նրա մասին թե ո՞ւր հեռացավ Աստվածո որդին, այլ թե ինչքա՞ն ենք մենք հեռացել Աստծուց։
Հասմիկ Թամամյան