Մեծերն են ներգործում փոքրերի վրա

Մեծերն են ներգործում փոքրերի վրա

Այսօր շատ է խոսվում այն մասին, որ երիտասարդները հեռացել են իրենց արմատներից և կրոնից, որ ներկայիս երիտասարդի մեջ բավարար հավատ չկա առ Աստված: Հավատը, որը մեզ ժամանակին հայ է պահել, այսօր շատերի կարծիքով ընդամենը կնիք է, զուտ քրիստոնյա լինելու դրոշմ, ուրիշ ոչինչ:
Պարզելու համար, թե արդյո՞ք երիտասարդությունը տարբերվում է նախորդ սերնդից, հավատի կարևորության մասին գաղափարների շուրջ «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի խմբագրությունը զրուցել է տարբեր սերունդների ներկայացուցիչների, հոգևորականի, ինչպես նաև բազմաթիվ սերունդների հետ գործ ունեցած մտավորականի հետ:


Տիկին Հասմիկը, ով ունի երեք երեխա, առիթի դեպքում գնում է եկեղեցի և անպայման՝ երեխաների հետ: Նա ասում է. «Երեխաներս պետք է իմանան, թե ինչ է նշանակում քրիստոնյա լինել: Եթե նույնիսկ եկեղեցի գնալը, Աստծուն մոտիկ լինելը չստացվի, ես այդ բացը լրացնում եմ նրանց համար Աստվածաշնչի համապատասխան հատվածների ընթերցմամբ»:


Այս ապրելակերպը, ըստ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի, ամենաճիշտն է. «Ես մեզ եմ մեղադրում, այլ ոչ թե մեր երիտասարդներին: Աստված աշխարհ է ուղարկում մաքուր սերունդ, ծնվող երեխաները կրում են միայն Ադամական մեղքը, իսկ դա սրբագործվում է մկրտությամբ: Մեծերն են ներգործում փոքրերի վրա. կամ կպղծեն, կամ կզորացնեն դեպի առաքինություն»:


Աննա Թադևոսյանը, ով Երևանի Պետական համալսարանում ուսումնասիրում է լրագրություն, պատմում է, որ իր կյանքի ամեն մի հատվածում երբեք հույսը չի կորցնում, ամեն դժվար պահի նրան հույս է տալիս Տեր Աստված. «Իհարկե, ժամանակի սղության պատճառով շատ քիչ եմ գնում եկեղեցի, բայց դա չի նշանակում, որ իմ հավատն ինչ-որ չափով դրանից պակասում է»:


Տիկին Հասմիկը ևս երիտասարդ տարիներին ավելի քիչ է գնացել եկեղեցի, բայց նշում է, որ հիմա դրա կարևորությունն ավելի է մեծանում, քանի որ նոր սերնդի ճիշտ դաստիարակությունը դրանից է կախված:


Այդպես է կարծում նաև գրող, սցենարիստ Կարինե Խոդիկյանը. «Ընտանիքում ամեն ինչ լինում է մեծի օրինակով. ինչպիսին մեծն է, այդպիսին էլ ընտանիքն է, այս դեպքում ինձ համար մեկ բանաձև գոյություն ունի. եթե ուզում ենք, որ հավատի առումով լինի այն, ինչ կուզենայինք, որ լիներ, պետք է իրենցից դա պահանջեն մեր հոգևոր հայրերը, նրանք պետք է օրինակ ծառայեն»:


Այն հարցին, թե երբևէ նեղացե՞լ է Աստծուց, Աննան պատասախանեց. «Իհարկե, ինչպես իմ հայրիկից, երբեմն նաև Աստծուց եմ նեղանում, բայց դա տևում է ընդամենը մի կարճ ժամանակահատված: Բնականաբար, երեխան հորից երկար ժամանակ նեղացած չի մնա»:


Տիկին Հասմիկին զարմացրեց այն, որ շատերը կարծում են, թե երիտասարդները հեռացած են կրոնից. «Ինչպե՞ս կարող է քրիստոնիայի զավակը հավատ չունենալ: Ինձ թվում է, թե եթե հայրը հավատի կրող է, երեխան էլ այդպիսին է, իսկ եթե ինչ-որ շեղում կա, ապա մենք՝ կրթողներս ևս մեր մեղքն ունենք՝ ճիշտ մոտեցում չցուցաբերելու առումով»:


Լսելով նրանց՝ եկանք այն եզրահանգման, որ երիտասարդը չի կարող հավատ չունենալ կամ կարևորություն չտալ դրան, քանի որ նրան դաստիարակում է նախորդ սերունդը: Իսկ այդ սերունդն, ունենալով ամուր հավատ, այն անմասն փոխանցում է հաջորդին:
 

Նելլի Թառփոշյան

  • 2021-08-09
×