Ամբողջ աշխարհում ամեն օր, ամեն վայրկյաներեխա է ծնվում։ Սովորաբար երեխայի ծնունդը նշում են ընտանիքով, բարեկամներով, ընկերներով։ Սակայն այս ծնունդը տարբերվում էր մինչ այդ ու դրանից հետո եղած ծնունդներից։ Ծնվեց Քրիստոս ու մարդիկ օրերը, տարիներն ու դարերը սկսեցին հաշվել նախքան Քրիստոս և Քրիստոսից հետո։
Այսօր Քրիստոսի ծնունդն է։
Ավետարանական երեք մոգերը՝ պարսիկ Մելքոնը, հնդիկ Գասպարը և արաբ Բաղդասարը 12 իշխաններով ու հազար հեծյալներով Բեթղեհեմում ոսկի, կնդուկ ու զմուռս ընծայեցին մանուկ Հիսուսին:
Այս ընծաներն իրենց հոգևոր խորհուրդն ունեին՝ ոսկին թագավորներին են մատուցում, ինչը խորհրդանշում է Հիսուսի թագավորությունը: Կնդրուկը խնկի ամենաանուշահոտ տեսակն է, որի նվիրելը խորհրդանշում է Հիսուսի քահանայապետ լինելը: Զմուռսը անուշահոտ նյութ է, որով պատում են մահացածներին: Այն խորհրդանշում է Հիսուսի մահը:
Սովորաբար մենք հրավիրվում ենք ծննդյան տոներին ու նվերներով գնում շնորհավորելու: Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք հրավիրվենք Հիսուսի ծնունդին: Դա, երևի թե, հրաշքի է հավասար, իսկ հրաշքներ շատ հաճախ պատահում են երեխաների հետ: Քանի որ երեխաներին հրաշքը ինչ-որ բանի համար պետք չէ: Նրանց համար հրաշքը կա ու հրաշք տեսնելիս չեն զարմանում կամ սարսափում: Եվ երբ երեխային ասում ես, որ նա հրավիրված է Հիսուսի ծնունդին, նա չի զարմանում, այլ ուրախանում է:
Այն հարցին, թե ի՞նչ նվեր կտանեն Հիսուսին, երեխաները պատասխանել են.
«Ես, օրինակ, Հիսուս Քրիստոսին կնվիրեմ iPhone: Ես iPhone ունեմ ու, որ Հիսուսին նվիրեմ, կկարողանամ Իրա հետ Skype-ով խոսամ: Ու համէլ իմ պապիկը մահացելա: Պապաս ասումա, որ պապիկը Հիսուսի մոտա, ես կխնդրեմ, որ Հիսուսը պապիկիս էլ թողնի իմ հետ Skype-ով խոսա»: (Արման 5 տ.)
«Հիսուսի ծնունդին: Ինչ ուզեմ, կարամ տանե՞մ: (Մի քանի րոպե լռություն) Որոշեցի: Դեղ կնվիրեմ Հիսուսին: Ես գիտեմ, որ Հիսուսին շատ են տանջել ու շատ վերքեր ունի Ինքը: Որ իմ ինչ-որ տեղը ցավում ա, մաման ինձ դեղա տալիս»: (Տաթևիկ 7 տ.)
«Հիսուսին ես գառ կնվիրեմ, որ մատաղ անի»: (Արթուր 8 տ.)
«Հիսուսը երկնքում ա, ես սկզբում պիտի բարձրանամ երկինք, որ նվերս հանձնեմ: Դրա համար Հիսուսը ինձ փոքր ամպ պիտի ուղարկի, որ նստեմ ամպին ու բարձրանամ երկինք: Բայց երկինքը շատ բարձր ա ու Հիսուսը կարող ա ինձ չտեսնի, դրա համար ես հեռադիտակ կնվիրեմ»: (Լիլիթ 10 տ.)
«Ախր ես չգիտեմ՝ Հիսուսը ինչա սիրում է: Երևի ավտո՞»: (Տիգրան 6 տ.)
«Հիսուսը Աստվածի տղանա չէ՞: Հիսուսին երևի ոչ մի բան պետք չի: Մենակ երևի, որ աշխարհին խաղաղություն լինի: Բայց ես ո՞նց խաղաղություն նվիրեմ Հիսուսին»: (Հարութ 12 տ.)
Արդյոք ինչպիսի՞ն կլիներ այդ հանդիպումը ու նվերների հանձնումը, թերևս միայն պատկերացնել կարելի է:
«Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ: Մեզ և ձեզ մեծ աւետիս»:
Հասմիկ Թամամյան