Աստվածածինը՝ Քրիստոսածին, Քրիստոս՝ Էմմանուել. նեստորականության եզրույթները

Աստվածածինը՝ Քրիստոսածին, Քրիստոս՝ Էմմանուել. նեստորականության եզրույթները

431թ. Եփեսոսի Երրորդ Տիեզերական ժողովում քննարկվում էր Սուրբ Կույսի մարդածին լինելու և Քրիստոսին Էմմանուել կոչելու նեստորական բանաձևը:


Կոստանդնուպոլսի պատրիարք Նեստորն, ում տեսության քննության առթիվ գումարվեց Եփեսոսի ժողովը, մերժում էր Սուրբ Կույսի Աստվածածին լինելը: Նա այս եզրույթին հակադրում էր «Քրիստոսածին» եզրը, որով թեպետ չէր մերժում, որ Սուրբ Մարիամը ծնել է Քրիստոսին, սակայն ժխտում էր, որ նա ծնել է Աստծուն: Նեստորականները Քրիստոսի ծնունդը Մարիամից համարում էին մարդկային, Մարիամին՝ մարդածին՝ ծնունդը համարելով սոսկ Աստվածազգեստ մարդու սկզբնավորում: Ըստ նրանց ուսմունքի՝ Քրիստոս ծնվելիս, խաչի վրա չարչարվելիս մարդ էր, իսկ, օրինակ, հրաշքներ գործելիս՝ Աստված. ուրեմն՝ երկու անձ էր և երկու բնություն ուներ:

 

Նեստորը քարոզում էր, որ Քրիստոս ծնվել է որպես սովորական մարդ, ապա աստվածությունը բնակվել է նրա անձի մեջ: Նա խուսափում էր Քրիստոսին «մարմնացյալ Բան» անվանել և իր ուսմունքում նրան կոչում էր «Էմմանուել»` «մեզ հետ է Աստված»: Այս քայլով Նեստորը Քրիստոսին բաժանում էր երկու բնությունների, դարձնում Աստված կրող` աստվածակիր, մինչդեռ Նա էր Բանն Աստծո` Աստվածամարդ:


Նեստորականությունը մերժվեց ժողովին մասնակցած 200 սուրբ հայրապետերի կողմից: Ժողովն ընդունեց Ս. Կյուրեղ Ալեքսանդրացու տասներկու նզովքները Նեստորի դեմ: Ս. Կյուրեղը հստակ բանաձևում է. «նախ ամենասուրբ Կույսին հարկ է Աստվածածին խոստովանել»:


Նեստորականությունը ժողովում դատապարտվեց, սակայն շարունակեց իր գոյությունը Նեստորական եկեղեցու տեսքով, որն այժմ էլ գործում է հիմնականում Իրաքում, Իրանում և Սիրիայում:

 

Վիկա Մարկոսյան

  • 2021-08-09
×