«Իմաստուն դարձրու ինձ, որ քննեմ Քո օրենքը և ամբողջ սրտովս պահպանեմ այն» (Սաղմ. ՃԺԸ 34)
Այս տողերը մեր մտքում ունենալով պիտի բացենք և ընթերցենք հոգևոր գրքերը։ Հաճախ ենք պատճառներ փնտրում, երբ չենք կարողանում կարդալ Աստվածաշունչը կամ այլ հոգևոր գրքեր՝ այդպես էլ չնթերցելով դրանք մինչև խոր ծերություն։ Պատճառը հիմնականում սխալ պատկերացումն է և ծուլությունը։ Այսօր Աստվածաշունչը հասանելի է բոլորին։ Եթե դարեր առաջ մարդիկ կյանքի գնով էին ձեռք բերում այն, փայփայում և երազում գոնե մեկ տող կարդալ այնտեղից «Ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու սով (պիտի ուղարկեմ)» (Ամոս Ը 11), ապա հիմա ցանկացած գրադարանում գրանցվելով, գրախանութ այցելելով, բջջային հեռախոսում ծրագիր ներբեռնելով, աուդիո տարբերակով, տանը համակարգչի միջոցով կարող են հեշտությամբ ձեռք բերել այն։
Ներկայում չես գտնի մի տուն, որտեղ չլինի Աստվածաշունչ, շատերը հպարտանում են այդ փաստով, բայց խնդիրն այստեղ զուտ գիրքն ունենալը չէ, այլ այն կիրառելը, նրա խորհրդով առաջնորդվելը: Չնայած նրան, որ գրվել է դարեր առաջ, բայց այն արդիական է մինչ այժմ և հենց դա է գրքի ուժը. «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի» (Մարկ. 13.31, Ղուկ. 31.33): Այն ամեն վայրկյան քո կողքին է, մխիթարություն է՝ բուժելով ամեն ցավ, որ կա մարդու հոգու խորքում: Նրանում գրված ամեն տողը մի կյանք է, որը տրված է մեզ:
Ինչպե՞ս կարդալ Աստվածաշունչը, որ ավելի հասկանալի լինի, քանի որ այն սովորական գիրք չէ, որը պետք է սկսել առաջին էջից և կարդալ մինչև վերջին էջը։
«Պետք է գիտակցել, որ Սուրբ Գիրքը պատմական կամ գեղարվեստական գիրք չէ։ Այն չենք կարդում՝ իմանալու, թե ի՞նչ է կատարվել այսինչ կամ այնինչ մարդկանց հետ, այն կարդում ենք որպեսզի մեր կյանքը փոխվի», - ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Գեղարվեստական գրքերը կարդալիս մենք երրորդ դեմքով ենք պատկերացնում տվյալ իրավիճակը կամ ավելացնում մեր տարբերակը, որը երբեմն ավելի դյուրին է և հեշտ։ Իսկ Աստվածաշունչը կարդալիս հասկանում ես, որ չկա այլ տարբերակ. կա մեկը և ճշմարիտը, ինչն ընդունելը երբեմն դժվար է։ Խնդիրը մեր հավատքը և կամքն է։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք մեզ զրկել երկրային հաճույքներից հանուն երկնայինի, չէ՞ որ ասվում է. «Ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի» (Ղուկ․ 12։48)։
Մենք վախենում ենք ավելին իմանալ։ Վախն է մեզ ստիպում հեռու մնալ Աստծուց և նույնիսկ չփորձել ճանաչել ճշմարիտը՝ մոռանալով այն փաստը, որ Նա մեզ սիրում է անկախ մեր գործած մեղքերի․ «Եվ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ․ 3․16)։
«Աստվածաշունչ կարդալու և ընկալելու համար պետք է նախ աղոթել, որ Աստված բացի միտքդ, սիրտդ և հոգիդ, որպեսզի կարողանաս հավատով մոտենալ Աստվածաշնչին», - խորհուրդ է տալիս Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Ինչպես հողն է աճեցնում այն, ինչ սերմանվում է իր մեջ, այդպես էլ հողեղեն մարդու բնությունն է պտղաբերում այն, ինչ սերմանվում է իր մեջ՝ մեղքի փուշ կամ առաքինության ծաղիկ (Հովհաննես երզնկացի): Աստծո խոսքն է սերմը, որը մարդը կարող է գտնել միայն Աստվածաշունչն ընթերցելիս:
Նախշ Ավոյան