Ի սկզբանե եղավ Խոսքը և այդ Խոսքն ասաց.
-Թող լույս լինի, և եղավ լույսը։
Նա խոսքով ստեղծեց ամբողջ աշխարհն ու մարդուն, Իր ստեղծած մարմնին խոսք տվեց ու Իր խոսքը մարմնավորեց Քրիստոսով։ Աստված իր Միակ Որդուն ուղարկեց աշխարհ՝ մարդկային մեղքերը սրբելու և խոստացած դրախտին արժանացնելու համար, բայց զգուշացրեց. «Ձեր յուրաքանչյուր խոսքի և գործի համար պատասխան պիտի տաք դատաստանի օրը»: Սրա դիմաց մարդը ստեղծեց «խոսքի ազատություն», քարկոծեց Քրիստոսին և դատապարտեց մահապատժի։
«Խոսք եմ տալիս». Երբ ցանկանում ենք, որ ինչ-որ մեկը հավատա մեզ, «խոսք ենք տալիս» կամ նրան խնդրում ենք, որ «խոսք տա»։ Կարևոր չէ, թե ինչ ես խոսք տալիս՝ մեծ բան, թե փոքր, սեր, թե հարստություն, նյութական, թե ոչ նյութական, տրված խոսքի արժեքը որոշվում է դրան «տեր կանգնելով»։ Դիմացինի խոսքին հավատում ենք, ուրեմն ինչո՞ւ ենք կասկածում Աստծո խոստացածին։ «Ասում էիր՝ Աստծու Որդի եմ և ամեն բան կարող եմ, ուրեմն ցույց տուր կարողությունդ և իջիր խաչից։ Հրեաների Թագավորն եմ, աում էիր, Աստված իմ հայրն է, աում էիր, լուր տուր Հորդ, որ գա, Իր Որդուն պաշտպանի»։ Այս և շատ այլ խոսքեր էին լսվում Գողգոթայում՝ խաչված Քրիստոսի հասցեին։ Մարդիկ խոստում էին ուզում, խոսքերի ապացույց էին ուզում, որպեսզի հավատան։ Բայց Քրիստոս ընդամենը յոթ խոսք ասաց խաչի վրա, որոնք ոչ թե Իր, այլ մարդկության փրկության համար ասվեցին։ Անգամ խաչի վրա մահապատժի դատապարտված Աստված՝ Աստծո Որդին, խոսեց՝ ցույց տալով Հոր անսահման սերը, ներողամտությունն ու հոգատարությունն Իր ստեղծածի հանդեպ։
«Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։ (Ղուկաս 23։34)
Քրիստոսի առաջին իսկ խոսքը եղավ ներում խնդրելը մեզ համար, բոլոր նրանց համար, ովքեր մեղք գործեցին։ Սա հայրական ներողամտության ու անհիշաչարության երկնային արտահայտությունն է։
Գողգոթայի վրա չարչարվող և մահացող Քրիստոս օրինակ է ապրողների համար։ Օրինակ, թե ինչպես պետք է ապրել ու ինչպես մեռնել։ Անգամ մահապատժի դատապարտվածներն ունենում են վերջին խոսքի հնարավորություն։ Ի՞նչ ասել։ Որոշ մարդիկ վերջին խոսերով դիմում են Աստծուն, որոշները՝ հարազատներին, իսկ ո՞ւմ դիմեց Աստծո Որդին։ Նա դիմեց Հորը, բայց ոչ թե Իր, այլ մարդության փրկության համար։
«Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»։ (Ղուկաս 23։43)
Ո՞վ եղավ այն մարդը, ով առաջինը մտավ դրախտ։ Շատերը կմտածեն, թե սրբերն են, որ առաջինն արժանացան խոստացված դրախտին, սակայն խաչի վրա Քրիստոսի ասած խոսքերից երևում է, որ առաջին մարդն, ով դրախտ մտավ, եղավ ավազակը։ Ս. Մատթեոս և Ս. Մարկոս ավետարանիչները վկայում են, որ Հիսուսի հետ խաչված ավազակները ևս նախատում ու հայհոյում էին Նրան, սակայն նրանցից մեկը դարձի է գալիս։
Խաչի վրա Քրիստոսի աջ և ձախ կողմերում երկու ավազակներ խաչվեցին, ովքեր մարմնավորում են մեղսագործ մարդու երկու տեսակները. մեղավոր, ով կզղջա հանցանքի համար և մեղավոր, ով չի ընդունի մեղքը։ Խաչելության ժամանակ ձախակողմյան ավազակը հայհոյում է Քրիստոսին՝ ասելով. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկիր ինքդ քեզ և մեզ» (Ղուկ. 23:39)։ Այդ ժամանակ աջակողմյան ավազակը սաստում է նրան և ասում. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում։ Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել» (Ղուկ. 23:40)։ Եվ ասաց Հիսուսին. «Հիշիր ինձ, Տեր, երբ գաս քո թագավորությամբ» (Ղուկ. 23:42)։ Այդ ժամանակ Հիսուս ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»։
Երբ Հիսուս տեսավ մորը և այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին նա սիրում էր, մորն ասաց. «Ով կին, ահա քո որդին: Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ (Հովhաննես 19:26-27)
«Մայր». ավետարանիչներն այսպես են բնութագրում խաչի մոտ կանգնած Աստվածամորն, ով տոկուն էր և արիության օրինակ։ Քրիստոս, տեսնելով մորը խաչի մոտ, որդիական Իր վերջին պարտքն է կատարում նրա առաջ։ Թեպետ նա ստիպված էր հեռու լինել մորից, սակայն նրա հոգսն ու խնամքը չէր թողնում ձեռքից ու վերջին պահին իրեն փոխարինող թողնելու անհրաժեշտություն էր զգում։
«Աստված Իմ, Աստված Իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ»։ (Մարկոս 15:34)
Ինչպիսի՞ ապրումներ ունեցավ Քրիստոս Գողգոթայում։ Ֆիզիկական ծանր տանջանքներից բացի Քրիստոս ապրեց ավելի ծանր տառապանք՝ Աստծուց հեռացած լինելու ցավը։ Թանձր խավարի պահին, որ իջել էր Գողգոթայի վրա, Քրիստոս ապրեց մեկ այլ, ավելի թանձր խավար՝ դժոխքի խավարը։ «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» խոսքերով Քրիստոս արտահայտեց Աստծուց անջատված, Աստծուց լքված մարդկային հոգու ճիչը։ Մարդիկ ինչպիսի ձևերով ասես, որ չեն ներկայացրել դժոխքը և ինչպիսի ձևերով ասես, որ չեն պատկերացրել այնտեղի տառապանքները։ Դժոխքի իրական պատկերը, սակայն, մեզ տրված է Գողգոթայում խաչված Քրիստոսի «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» խոսքերով։ Դժոխքի էությունն Աստծուց հեռացած լինելու իրողությունն է։
«Ծարավ եմ»։ (Հովհաննես 19:28)
«Ծարավ էի, և ինձ ջուր տվեցիք». այս խոսքերով Քրիստոս արտահայտել է դիմացինի նկատմամբ ուշադիր և հոգատար լինելու գաղափարը։ Բայց որքան անուշադիր եղանք մենք Քրիստոսի նկատմամբ։ «Ծարավ եմ» խոսքն այն միակ խոսքն էր, որով Քրիստոս արտահայտեց իր ֆիզիկական տառապանքները։ Բացի ֆիզիկական տառապանքից այս խոսքը նաև մարգարեության կատարումն էր։ Երբ Հիսուս ասում է, թե ծարավ է, զինվորները նրա շուրթերին քացախ են քսում, որը շարունակությունն էր այն չարությունների, որոնք Փրկչին հասցրեցին մինչև խաչ։
«Ամեն ինչ կատարված է»։ (Հովհաննես 19:30)
Կատարված է՝ նշանակում է իրականացված է։ Կատարվել է այն, ինչի համար Քրիստոս եկել էր աշխարհ։ Քարոզչության և հրաշագործությունների ընթացքն ավարտվեց, տառապանքներն ավարտվեցին, ամեն ինչ կատարվեց։ Մեր փրկության համար Քրիստոսին մնացել էր միայն ճաշակել մահը։ Մոտենում էր դրա ժամը, և Նա ասաց․«Ամեն ինչ կատարվա՛ծ է»։ Ամբողջացած է երկրի վրա Քրիստոսի կյանքի այս նպատակը, կատարված է փրկության գործը։
«Հայր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին»։ (Ղուկաս 23:46)
Ավարտվեց ամեն ինչ, մարմինը մահացավ և հոգին կյանք առավ։ Աշխարհը մտածեց, թե տկարացավ, մահացավ Աստված, իսկ Նա ցույց տվեց ճանապարհն անմահության հասնելու համար։
Մահվանից առաջ վերջին խոսք
Կայսր Օգոստոսի մահվանից առաջ ասված խոսքերը եղան. «Acts est fabula, plaudite»՝ «Խաղը վերջացավ, ծափահարություններ»:
Դրամատիկ ֆիլմերի, թատերական ներկայացումների վերջում գրեթե միշտ մահացող հերոսը վերջին խոսք ասելու հնարավորություն է ստանում։ Հենց այդ խոսքերն են որոշիչ դառնում նրա և մյուս հերոսների ճակատագրի հարցում, և դրանով է որոշվում հետագա ընթացքը։ Ուրեմն, ինչո՞ւ է հարկավոր սպասել վերջին։
Հասմիկ Թամամյան