Սուրբ Հովհան Ոսկեբերան. Ինչո՞ւ ենք հաշվետվություն տալու Աստծուն

Սուրբ Հովհան Ոսկեբերան. Ինչո՞ւ ենք հաշվետվություն տալու Աստծուն

Առաքյալն ասում է. «Քանզի մենք բոլորս Քրիստոսի ատյանի առաջ պիտի ներկայանանք, որպեսզի յուրաքանչյուրը ստանա, ինչ որ արել է ավելի առաջ իր մարմնով՝ թե՛ բարի և թե՛ չար» (Բ Կորնթացիներ Ե10) և հաշվետվություն տանք: Եթե հարուստ ես, ապա հաշիվ պիտի տաս՝ անառակի վրա՞ ես ծախսել գումարներդ, թե՞ աղքատի, ձրիակերների ու շողոքորթների՞, թե՞ կարիքավորների, ցոփության, թե՞ մարդասիրության համար, համեղ կերակուրներ ու խմիչքներ վայելելո՞վ, թե՞ դժբախտներին հիշելով: Եվ միայն ծախսելու համար քեզանից հաշիվ չի պահանջվելու, այլ նաև այն բանի համար, թե ինչպես ես ձեռք բերել հարստությունը, արդյոք արդար աշխատանքո՞վ ես այն հավաքել, թե՞ հափշտակելով և կաշառակերությամբ, ծնողներիցդ ես հարստություն ստացել, թե՞ քանդել ես սրբի տունն ու հափշտակել այրի կնոջ ունեցվածքը: Ինչպես որ մենք մեր ծառաներից ենք հաշիվ պահանջում ո՛չ միայն գումարային ծախսերի, այլ նաև մուտքերի համար, թե որտեղից, ումից, ինչպես և որքան են ստացել, այդպես էլ Աստված է հաշիվ պահանջելու մեզանից ոչ միայն օգտագործման եղանակի, այլև ձեռք բերման ճանապարհի համար: Եվ ոչ միայն հարուստներն են հաշիվ տալու, այլ նաև աղքատները, թե արդյոք բարեհոգությամբ և գոհությա՞մբ են կրել աղքատությունը, չե՞ն ընկել հուսահատության մեջ, չե՞ն վրդովվել, չե՞ն դժգոհել Աստծուց՝ ուրիշներին շքեղության և լիության մեջ տեսնելով, իսկ իրենց՝ կարիքի: 
 

Ինչպես որ հարուստներից հաշիվ է պահանջվելու ողորմություն չտալու համար, այդպես էլ աղքատներից է պահանջվելու՝ համբերության համար և նույնիսկ ավելին՝ ոչ միայն համբերության համար, այլև՝ ողորմություն տալու համար, ինչպես այրի կինն էր, որ երկու լումա գցեց և այդ փոքր ներդրմամբ գերազանցեց նրանց, ովքեր առավել շատ էին գցում: Եվ ոչ միայն հարուստներն ու աղքատները, այլև ղեկավարներն ու դատավորներն ամենայն խստությամբ կքննվեն, թե արդյոք չե՞ն խախտել օրենքը, պայմանագիր չե՞ն կնքել մեղադրյալների հետ և կողմնապահություն չե՞ն արել, չե՞ն զիջել շողոքորթներին՝ սխալ վճիռ տալով կամ հիշաչարությամբ վատություն չե՞ն արել անմեղներին: Ոչ միայն քաղաքական գործիչներն են հաշվետվություն տալու, այլև՝ եկեղեցու ներկայացուցիչները՝ իրենց իշխանության համար. վերջիններս ավելի խիստ ու դաժան պատասխանատվության են ենթարկվելու: Քանի որ նա, ում վստահված է խոսքի ծառայությունը, այնտեղ կկանչվի խիստ պատասխանատվության, թե արդյոք ծուլության և չարամտության պատճառով բաց չի՞ թողել այնպիսի մի բան, որն անհրաժեշտ էր ասել, իր ասածն արդյո՞ք ապացուցել է գործով և չի՞ թաքցրել ոչ մի օգտակար բան:

 

Եվ որքան շատ բարձրանա եպիսկոպոսական աստիճանով, այնքան առավել խիստ պատասխան պիտի տա ոչ միայն աղքատներին ուսուցանելու և պաշտպանելու, այլև ձեռնադրության և բազում այլ գործերի համար: Այդ պատճառով էլ Պետրոսը Տիմոթեոսին ասում է. «Ձեռքերդ շտապելով որևէ մեկի վրա մի՛ դիր և ուրիշների մեղքերին մասնակից մի՛ եղիր» (Ա Տիմոթեոս Ե 22): Եվ հրեաներին խրատելով՝ զգաստացնում էր նրանց. «Լսեցե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվեցե՛ք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն» (Եբրայեցիներ ԺԳ 17): Ո՛չ միայն գործերի համար ենք հաշվետվություն տալու, այլև խոսքերի: Ինչպես որ մեր գումարները վստահելով ծառաներին, նրանցից հաշիվ ենք պահանջում, այդպես էլ Աստված, վստահելով մեզ խոսքը, պատասխանատվության է ենթարկելու մեզ դրա գործածության համար: Այսպես. մենք տանջանքների ենք ենթարկվելու և խստորեն պատասխան ենք տալու այն բանի համար, թե անմտորեն և դատարկ չե՞նք վատնել խոսքը, քանի որ այնքան վնասակար չէ դրամի վատնումը, որքան անմտորեն, դատարկ և իզուր խոսելը: Անօգուտ փող վատնելը երբեմն անձնական վնաս է հասցնում, իսկ առանց մտածելու խոսելը քանդում է ամբողջ տունը, կործանում և խորտակում է հոգիները:

 

Անձնական վնասը կարելի է վերականգնել, իսկ մեկ անգամ դուրս եկած խոսքը ետ վերադարձնել չի լինի: Իսկ մենք ինչպե՞ս ենք հաշիվ տալու մեր խոսքերի համար՝ լսելով Քրիստոսի հետևյալ խոսքերը. «Բայց ասում եմ ձեզ, թե մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթեոս ԺԲ 36-37): Եվ ոչ միայն մեր խոսքերի համար ենք հաշիվ տալու, այլև լսածների համար, օրինակ՝ ուշադրություն չե՞ս դարձրել արդյոք քո բարեկամի վերաբերյալ հնչող սուտ մեղադրանքներին, քանի որ ասվում է. «Ականջ մի՛ դիր սուտ լուրերին» (Ելք ԻԳ 1): Եթե սուտ լուրեր ընդունողը ներում չի ստանում, ինչպիսի արդարացում կունենան նրանք, ովքեր զրպարտում են ու չարախոսում: Եվ դեռ ինչ են խոսքերն ու լսածները, երբ մենք պատժի ենք ենթարկվելու նույնիսկ խորհուրդների համար: Այդ մասին վկայում է Պողոսը. «Ուրեմն ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որը ի լույս է հանելու խավարի գաղտնիքները և հայտնի է դարձնելու սրտերի խորհուրդները» (Ա Կորնթացիներ Դ 5):


Նենգորեն ու չարամտորեն չե՞ս խոսել եղբորդ մասին, չե՞ս գովել նրան շուրթերով ու լեզվով, իսկ սրտով չարություն ցանկացել ու նախանձել նրան: Հենց այդ մասին էլ ասվում է, որ մենք դատաստանի ենք ենթարկվելու ոչ միայն գործերի համար, այլև մտքերի: Քրիստոսն ասում է. «Ամեն մարդ, որ կնոջը նայում է նրան ցանկանալու համար, արդեն շնացավ նրա հետ իր սրտում» (Մատթեոս Ե 28): Քանի դեռ մեղքը չի գործվել գործով, այլ դեռևս մնում է սրտում, այդ դեպքում էլ չի կարող անմեղ համարվել նա, ով նայում է կնոջ գեղեցկությանը՝ իր մեջ կիրք բորբոքելու համար: Ուրեմն մտածիր, թե ինչպես է լինելու այդ ժամանակ դատաստանը, հիշիր քո բոլոր մեղքերը: Չնայած որ մոռանում ես քո հանցանքների մասին, բայց Աստված դրանք երբեք չի մոռանում, մեր բոլոր մեղքերը մեր աչքի առաջ է բերելու, եթե չկանխենք դրանք՝ ուղղելով այժմ խոստովանությամբ և ապաշխարությամբ:

 

Ռուսերենից թարգմանեց Գայանե ԹԵՐԶՅԱՆԸ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

  • 2021-08-09
×