Ս. Միքայել և Ս. Գաբրիել հրեշտակապետերի և ողջ երկնային զորքի հիշատակության օր

Ս. Միքայել և Ս. Գաբրիել հրեշտակապետերի և ողջ երկնային զորքի հիշատակության օր

Ասում են, թե երբ նորածին մանուկը ժպտում է, նշանակում է, որ նա իր պահապան հրեշտակին է տեսնում ու փորձում է խոսել նրա հետ: Նա իր հրեշտակին է տեսնում ու ժպտում, ծնողներն էլ նրա մեջ են հրեշտակ տեսնում։
Բոլորիս էլ ծանոթ է պահապան հրեշտակ արտահայտությունը. բայց ո՞վ է նա, ի՞նչ տեսք ունի, ինչպե՞ս է պաշտպանում մեզ։


«Հրեշտակները, էն որ մուլտիկի մեջ մարդկանց ուսերին թռնում են, իրանք են։ Իմ դեմքից ունեն, ուղղակի թևերով են։ Հրեշտակները լավաշի վրա են ապրում, բայց պիտի զգույշ լինես, որ, օրինակ, լավաշը դնես փեջի վրա ու մոռանաս՝ իրանք կվառվեն», - ասում է ութամյա Հակոբն ու լավաշը զգույշ դնում վառարանի վրա, որ հրեշտակները չմրսեն։
Հրեշտակների գոյության մասին նշվում է աշխարհի տարբեր կրոններում։ Նրանց արտաքինի մասին հստակ նկարագրություններ չկան, սակայն ֆիլմերից կարծիք է ձևավորվում, որ նրանք թևավոր, հաճախ շեկ վարսերով, գեղեցիկ, լուսավոր ու եթերային էակներ են։ Զրադաշտական կրոնում խոսվում է գերբնական, թևավոր մի ուժի մասին, որը ծնված օրվանից ուղեկցում է մարդուն` դառնալով նրա խիղճը, իսկ իսլամի հիմնադիրները գրում են, որ մարդու մեկ ուսին միշտ նստած է մի հրեշտակ, որը գրանցում է լավ արարքները, իսկ մյուս ուսին` վատ գործերը գրառող հրեշտակը: Քրիստոնեության մեջ ասվում է․«Աստված Իր հրեշտակներին ստեղծեց որպես պատգամավոր հոգիներ, և իրեն ծառայողներին՝ որպես կրակի բոց» (Եբրայեցիներ 1.7):


Հրեշտակները պարզապես հոգիներ չեն, այլ սպասավոր հոգիներ՝ ուղարկված Աստծո կողմից Իր ժողովրդին և Իր կամքին ծառայելու համար։ Աստվածաշունչը բազմաթիվ օրինակներ է բերում այն մասին, թե ինչպես են հրեշտակներն ուղարկվել՝ ծառայելու ադամական ցեղին այն ժամանակ, երբ նրանք ունեցել են դրա կարիքը։


Ըստ Եկեղեցու սուրբ հայրերի` հրեշտակներն իբրև լուսեղեն էակներ ստեղծվել են արարչագործության առաջին օրը` լույսի հետ միասին: Աստծո հրահանգով նրանք կոչված են սպասավորել մարդ արարածին: Հետևաբար նրանք սպասավոր հոգիներ են, որոնք երկնաբնակ լինելով հանդերձ՝ իրենց մասնակցությունն են բերում նաև երկրային կյանքի ընթացքին, գործում են ժամանակի և տարածքի մեջ ապրող մարդու հետ, մարդու համար: Ս. Գիրքը վկայում է, որ նրանք բազմաքանակ են: Ըստ Ս․ Դիոնիսիոս Արիսպագացու` հրեշտակներն ունեն ինը դաս` Աթոռներ, Քերովբեներ, Սերովբեներ, Տերություններ, Զորություններ, Իշխանություններ, Պետություններ, Հրեշտակապետեր և Հրեշտակներ:


Ամենահայտնի հրեշտակապետերն են Գաբրիելը, Միքայելը, Ռաֆայելը:


Դեռևս Հին Կտակարանում Գաբրիելը հանդես է գալիս Փրկչի գալստյանն առնչվող խորհուրդները մարգարեներին բացահայտելով և մեկնաբանելով նրանց տեսիլքները, ինչպես դա արեց Դանիել մարգարեի և Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի հետ: Այնուհետև Գաբրիել հրեշտակապետը դարձավ Քրիստոսի փրկագործության վկան և մասնակիցը՝ իր այցելությամբ երկնային ավետիսը բերելով Ս. Մարիամ Աստվածածնին:


Միքայելը Ս. Գրքից մեզ հայտնի է իբրև Իսրայելի ժողովրդի իշխան, ով մարտնչում էր նրա թշնամիների դեմ: Որպես երկնային զորքերի հրամանատար՝ նա, ինչպես Հին Կտակարանում՝ Իսրայելի, այնպես էլ նորում՝ Քրիստոսի Եկեղեցու հետ, անտեսանելիորեն մարտնչում է սատանայի դեմ: Ս. Հովհաննես ավետարանչի Հայտնության գրքում նկարագրված է նրա պատերազմը երկնքում և հաղթանակը վիշապի՝ սատանայի, և նրա չար զորակիցների նկատմամբ:


Ասվում է, թե քանի որ հրեշտակները հոգևոր կամ անմարմին (աննյութ) էակներ են, հետևաբար անտեսանելի են, բայց եթե Աստված կամենա, նրանք տեսանելի կլինեն զանազան մարմիններով և զանազան կերպարանքներով:
Դեռ մանկության տարիներից տատիկս պատմում էր, որ իրենց գյուղի բնակիչները հավատում էին հրեշտակներին ու բազում հրաշքներ էին պատմում նրանց մասին։ Ու բոլոր պատմությունների վերջում տատիկս չէր մոռանում ավելացնել, որ մեծամասամբ հրեշտակները հայտնվում էին մարդկանց տեսքով, ու ստիպում էր ինձ խոստանալ ամեն մարդու մեջ փորձել հրեշտակ տեսնել ու ինքս փորձել ինչ-որ մեկի հրեշտակը լինել։ Ես էլ, հիշելով տատիս պատմությունները, դրանք պատմում եմ Հակոբին ու նրա հետ վառարանի վրայից զգուշորեն հավաքում եմ լավաշները, որ դրանց վրայի հրեշտակները չվառվեն։ Չէ՞ որ չգիտես, թե որտեղ ու երբ կարող են հայտնվել նրանք ու ինչ կերպարանքով։


Իրականում պարտադիր չէ, որ հրեշտակները թևեր ունենան, քանի որ բարիք գործելու համար թևեր հարկավոր չեն։


Հասմիկ Թամամյան

 

  • 2021-08-09
×