Հայը դարերով սիրով է պահել յոթ թանկ սրբություն` Գիրքը, Մասիսը, շինարար ոգին, Հավատը, լեզուն։ Սուրբ անուններ են եղել դարերով Հայ ընտանիքը և ամենից վեր, ամենից լուսե` Մայր հայրենիքը: Սուրեն Մուրադյանի այս փոքրիկ բանաստեղծության մեջ ամփոփված են արժեքներ, որոնք հայ ազգի համար սրբություն են համարվում։
Սրբերը ծնվում են որևէ ազգից ու իրենց մեջ կրում են տվյալ ազգի լավագույն որակները, բարոյական ու հոգևոր արժեքները։ Սրբերը ծնվում են ազգից, մարմնավորում են այն ու կերտում են ազգի պատմության հետագա ընթացքը՝ օրինակ ծառայելով սերունդների համար։
Ոմանց համար նրանք անիրական, վերացական էակներ են կամ քրիստոնեական պատկերագրութան մի մաս ընդամենը, սակայն պատմությունն այլ բան է վկայում։ Զինվորական, թագավոր, արքայադուստր, գեջուկ կամ հարուստ, հոգևորական կամ աշխարհիկ, սրբերի շարքում նրանք բոլորն էլ կան՝ հայտնի կամ անհայտ։
Հայ եկեղեցին տարվա մեջ մեկ օր նշում է հին և նոր, հայտնի և անհայտ սրբերի հիշատակությունը: Այս տարի այն նշվում է նոյեմբերի 4-ին։
Հայ Եկեղեցին այս տոնով նշում է բոլոր այն սրբերի հիշատակը, որոնց անունները չեն անցել Տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ, սակայն նրանց սուրբ անունները գրված են Երկնքի արքայության սրբազան մատյանում:
Քրիստոնեական հալածանքների և հավատի համար մղված բազում պատերազմների ժամանակ շատերն են նահատակվել, որոնց անունները, ցավոք, չեն պահպանվել և հասել մեզ: Ուստի, եկեղեցին հաստատել է այս նվիրական տոնը հենց նրանց հիշատակը ոգեկոչելու համար: Անձեր, որոնք իրենց թանկ արյունը հեղեցին հանուն Քրիստոսի և նրա խորհրդավոր մարմնի` եկեղեցու շինության:
Ո՞վ է սուրբը։
Սուրբ են բոլոր նրանք ովքեր պատրաստ են հրաժարվել աշխարհից և ինչպես Քրիստոս է ասում, վերցնելով իրենց խաչը, հետևել Իրեն: Սրբերը մեզ նման մարդիկ էին՝ մարդկային թերություններով, տկարություններով, բայց իրենք մեծ կամք ունեին և շատ ջերմ սիրով սիրեցին Տիրոջը։ Սուրբ կարող են կոչվել նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում մարդկանց կողմից իրենց վարքի, հավատքի մաքրության, ազնվության և գործերի շնորհիվ արժանացել են այդ կոչմանը:
Ինչո՞ւ է անհրաժեշտ նշել նրանց հիշատակության տոնը։
Աստվածաշնչում Քրիստոս պատգամում է՝ «Եղեք կատարյալ, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»: Կատարյալ ու անմեղ էր միայն Քրիստոս, իսկ սրբերը ձգտում էին կատարելության: Նրանց կյանքը ոգեշնչող օրինակ է բոլորի համար: Այս տոնը նշելով եկեղեցին ճանաչում է նրանց սրբությունը, այն դարձնում տոնելի, որպեսզի իրենք էլ որպես Աստուծո առաջ մաքուր և սիրելի անձիք՝ բարեխոս լինեն մեզ համար Տիրոջ առաջ:
Ովքե՞ր կարող են սուրբ լինել։
Սրբության աստիճանի հասած յուրաքանչյուրն էլ մարդ է։ Ինչպես Եղիա մարգարեի մասին է ասվում, նա էլ մարդ էր մեզ նման և նա էլ կարող էր մեղքեր ունենալ, բայց աղոթեց և երկինքը 3 տարի և 6 ամիս անձրև չտվեց, հետո աղոթեց և երկինքն անձրև տվեց։ Սրբության աստիճանի հասնելով՝ պետք է փորձենք նաև լինել կատարյալ, ինչպես Քրիստոս է մեզ կոչ անում, և այս ամենի մեջ պետք է սեր, ներողամտություն, համերաշխություն և համբերատարություն ունենալ, որ մեր սրբության մեջ հաստատուն լինենք և չսասանվենք ինչքան էլ չար ուժերի առկայությունը լինի և մեզ խանգարի՝ նպատակ ունենալով տանել սխալ ճանապարհով։
Սրբերը ծնվում են որպես մարդ, ապրում են՝ փորձելով մնալ «մարդ» և մահանում են որպես մարդ, սակայն արժանանում են հավիտենության, այն ճանապարհի համար, որով անցան մարդկային՝ երկրավոր կյանքում։
Հայը մանուկ հասակից իբրև դաստիարակություն, իբրև ավանդույթ իր մեծերից ստանում է կարևորագույն մի դաս՝ ճանաչել հայի սրբությունները, հարել դրանց ու փոխանցել սերունդներին։ Իսկ սրբության մասին պատկերացումները մարմնավորվում են սրբերի վարքերի ու կերպարների մեջ։
Հասմիկ Թամամյան