Սերը մերժում է եսասիրությունը

Սերը մերժում է եսասիրությունը

«Նոր պատվիրան եմ տալիս ձեզոր սիրեք միմյանցինչպես ես ձեզ սիրեցիդուք էլ միմյանց սիրեցեք»: (Հովհ. 13:34)

 

Անկախ հասարակական ու սոցիալական դիրքից, գաղափարներից ու տեսակից՝ այս աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ սիրելու և սիրված լինելու ներքին պահանջ ունի: Այդպես է մեզ ստեղծել Աստված, և նույնիսկ ադամական մեղքն ի զորու չեղավ ոչնչացնել բնական այս պահանջը: Անգամ ամենամեղսագործ մարդու հոգում, միգուցե քնած, բայց ապրում է սերը:

 

Սերը տարբեր է. սեր առ մայրը, քույրը, եղբայրը, բնությունը, հայրենիքը և վերջապես, առ Աստված: Սերը սահմաններ չի ճանաչում, այն ընդգրկում է ամեն ինչ: Ոչ մի տեղ չկա ավելի կատարյալ բան, քան սերն է, որովհետև սերն Աստծուց է: Այն միայն զգացմունք չէ: Սերը Սուրբ Հոգու պտուղն է մեր սրտերում: Սերը կյանք է, ընթացք և գործ: Քրիստոսի կյանքն ու խաչելությունը հենց այդ սիրո մարմնացումն են՝ իբրև պահպանիչ գոյություն:

 

Աստված սեր է

 

Այս խոսքերը Սուրբ Գրքում մեկ անգամ չէ, որ հիշատակվում են: Սերը պարզապես չի թվարկվում Տիրոջը բնութագրելու համար, այլ նշվում է, որ Աստված է սերը: Նա այնքան սիրեց, որ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի մարդր փրկվի: Աստծո սիրուն սիրով փոխադարձելը կենսական նշանակություն ունի հենց մարդու համար, որովհետև հակառակը նշանակում է Աստծո սիրո մերժում, լույսի և կյանքի մերժում: Աստված աշխարհը ստեղծեց ոչ թե անհրաժեշտությունից դրդված, այլ՝ սիրուց: Տերն իր պատգամներով ընդգծեց սիրո ճանապարհը, Իր կյանքով սիրո օրինակ եղավ, մահվամբ բացահայտեց աստվածային կատայալ սերը, իսկ Հարությամբ՝ սիրո կենարար զորությունը:

 

Սիրի՛ր ընկերոջդինչպես քո անձը

 

Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը և առաջին պատվիրանը. և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. 22:37-39): Քիչ չեն մարդիկ, ում համար առաջին ու ամենակարևոր տեղում  սեփական անձն է: Բայց Քրիստոսի վարդապետությունը մերժում է եսասիրությունը: Ինչպե՞ս կարող ենք սիրել Աստծուն ու վայելել Նրա սերը, եթե չենք սիրում մեզ նմաններին, որոնք նույնքան Աստծո որդիներ են, որքան և մենք: Իսկապես, եթե չենք սիրում մեր ընկերոջը, մեր եղբորը, եթե թշնամությամբ, և որ ավելի վատ է, անտարբերությամբ ենք լցված մեզ նմանի նկատմամբ, ի՞նչ իրավունքով Աստծո որդիներ կամ քրիստոնյաներ պիտի կոչվենք: Եթե հոգու խորքում ձգտում ունենք իսկական քրիստոնյա լինել, Աստծո հաճությանը և ողորմությանն արժանանալ, ուրեմն պիտի լցվենք աստվածային անսպառ սիրով, ինչը պետք է արտահայտվի մեր առօրյա կյանքում, մեր յուրաքանչյուր գործում:

 

Մեր կյանքում բոլոր խնդիրներն Աստծո հանդեպ սիրո պակասից են, իսկ միմյանց հանդեպ սիրո պակասից՝ բոլոր անօրինությունները: Եթե կա սեր, ապա բացառվում են բոլոր դժվարությունները, ու անտանելին դառնում է տանելի:

 

Մարիամ Խաչատրյան

  • 2021-08-09
×