Քրիստոնյայի կերպարի նախավկան

Քրիստոնյայի կերպարի նախավկան

Քրիստոնյայի առաջին «պարտականությունը» Քրիստոսի կերպարն իր մեջ կրելը, Նրան նմանվելու ձգտումն ու սեփական կյանքի օրինակ դարձնելն է:
Ահա այսպիսի սկզբունքների կրողն էր նաև Ս. Ստեփանոս նախավկան, ով ոչ միայն խոսքով էր վկայում Քրիստոսի մասին, այլ նաև գործով:


Ս. Ղուկաս Ավետարանիչը Ս. Ստեփանոսին դասում է ընտրյալների շարքը՝ ասելով թե «հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր»:


Ս. Ստեփանոսն Աստծուց տրված շնորհներով և զորությամբ զանազան հրաշքներ էր գործում ժողովրդի մեջ: Նա առաջին դարում առաքյալների կողմից ընտրված յոթ սարկավագներից մեկն էր: Սարկավագները Քրիստոնեական Եկեղեցու առաջին սպասավորներն էին: Նրանք հասարակաց սեղանները սպասավորելու, աղքատների ու կարիքավորների մասին հոգ տանելու պարտականություններն ունեին: Այստեղից էլ բխում է «սարկավագ» բառի ստուգաբանությունը, այսինքն՝ սպասավոր, ծառայող, օգնական:


Ժողովարանից շատերն էին վիճում Ստեփանոսի հետ, բայց նրանցից ոչ ոք չէր կարողանում դեմ կանգնել այն իմաստությանն ու ոգուն, որով նա խոսում էր: Սրբի իմաստությունն ընդունելի չէր որոշ մարդկանց համար, ինչի պատճառով սկսեցին Ստեփանոսին բազում մեղադրանքներ ներկայացնել:


Ստեփանոսի մասին չարախոսությունները գրգռեցին ժողովրդին, քահանաներին և օրենսգետներին: Եվ, ի վերջո, չարախոսություններից վրդովված՝ մարդիկ Ս. Ստեփանոսին քաղաքից դուրս են հանում, քարկոծում` իրենց զգեստները դնելով Սավուղ անունով մի երիտասարդի ոտքերի առջև: Սավուղը ոչ այլ ոք է, եթե ոչ Ս. Պողոս առաքյալը, ով սկզբում հալածում էր քրիստոնյաներին: Ս. Ստեփանոսը դառնում է Քրիստոսի համար նահատակված առաջին վկան ու մարտիրոսը, այդ պատճառով կոչվում է նախավկա:


Ս. Ստեփանոսը համարվում է սարկավագների բարեխոսը: Այսօր էլ շարունակում է մնալ թե՛ սարկավագների, թե՛ ամենապարզ հավատացյալի՝ քրիստոնյայի իրական կերպարի մարմնավորողն ու օրինակը:


Ս. Ստեփանոս նախասարկավագն իր աներեր հավատով, նվիրումով, ծառայասիրությամբ օրինակ է քրիստոնյաների համար` ճշմարտությունը ճանաչելու և Տիրոջ քաղցրությունը ճաշակելու համար:


Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Ստեփանոս նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակը տոնում է Սուրբ Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ: Տոնին սովորաբար կատարվում է նաև սարկավագական ձեռնադրության կարգ:


Զարա Ղազարյան

  • 2021-08-09
×