Ազգային-եկեղեցական տոներով լեցուն Արարատյան շաբաթը՝ խորհրդանշելով հայոց դարձն ու քրիստոնեական հավատքի հաղթանակը հեթանոսական կռապաշտության դեմ եզրափակվում է Կաթողիկե Սուրբ Էջմիածին տոնով։
«Քեզի մեռնիմ Էջմիածին,անարատ կաթ, Աստվածածին».
Ահա այսպես է ժողովուրդը գովերգել իր հոգևոր մայրաքաղաքը՝ Հայոց Երուսաղեմը: Աշխարհում, թերևս, երկու քաղաք է Սուրբ անվանմամբ մեզ հայտնի՝ Սուրբ Երուսաղեմը և Սուրբ Էջմիածինն՝ իբրև օրինակ Սուրբ Երուսաղեմի, որտեղ իջավ Աստծո Միածին Որդին: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո, Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է հայտնի տեսիլքը. Միածինը` ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ իջավ Միածինը:
Ագաթանգեղոսը գրում է. «Հանկարծակի սաստիկ ձայն եղավ, որոտնման բոմբյուն, ահավոր թնդյուն, ծովի խռովյալ ալիքների սաստիկ ձայնի նման ...և իջավ մի այր, լույսի կերպարանքով կանչեց իմ անունն ու ասաց «Գրիգոր, դու վեր նայիր և տես իմ հարաշքները, որ քեզ ցույց եմ տալու...»:
Թերևս այս էր Աստծո նախախնամությունը, որ պիտի կենտրոն հանդիսանար հյուսիսային ազգերի դարձի:
Ուստի և ուրախ լեր սուրբ եկեղեցի, քանզի Հայոց Աշխարհը լուսավորվեց Քրիստոսի լույսով՝ Քրիստոսին ընդունող առաջին ազգը դառնալով: Ապա, որպես նշան հավատքի և առ Աստված հայոց ուխտի՝ վեր խոյացավ Քրիստոսի հավատքի առաջին տունը՝ Սուրբ Էջմիածինը, որ դարեր շարունակ անմատույց բերդ է եղել և կաթողիկե իր խորհրդով համախմբել հայոց ազգը։
Ղազարյան Զարա