Հայաստանում ապրող գրեթե յուրաքանչյուր մարդ գոնե մեկ անգամ իր կյանքում արթնացել է շրջիկ վաճառականների ձայնից. «ժավելի սպիրտ», «լավ ավելներ՝ երկուսը մեկի գնով», «էժան ձմերուկ» և այլն:
Աշխարհում ամեն ինչ ունի իր արժեքը, այս կյանքում ամեն ինչ վաճառվում է: Մի քանի տարի առաջ Եվրոպայում սկսվեց վաճառվել անգամ «հույս»: Մեկ տուփ հույսն ուներ իր արժեքը: Ճիշտ է, դա արվում էր որպես սոցիալական գովազդ և դրանից ստացված հասույթը փոխանցվում էր բարեգործությանը, սակայն մի պահ պատկերացրեք, որ մարդիկ իրականում սկսեն վաճառել մեկ տուփ հույս, մեկ կիլոգրամ հավատ, երեք և կես կտոր սեր՝ մյուս կեսն էլ պահեն, ուրիշը կվերցնի:
Ապրելով երկու հազար տարի առաջ՝ Հուդա Իսկարիովտացին վաճառեց իր հավատը՝ գնահատելով այն 30 արծաթ: Նա համբուրելով մատնեց իր Տիրոջը: Իսկ մենք մեկ օրվա ընթացքում քանի անգամ ենք վաճառում մեր հավատքը կամ փորձում գնել այն՝ մտնելով առևտրի մեջ: Դու ինձ համար արա սա,ես կանեմ սա, դու ինձ լավություն արա, ես էլ քեզ կանեմ, եթե ինձ օգնես, ես էլ քեզ կօգնեմ: Արդյո՞ք սա հոգևոր արժեքների առևտուր չէ:
Աստված չափ կամ գին չսահմանեց մարդու համար: Անգամ երբ մարդ մեղք գործեց, Նա չառաջարկեց մարդուն վճարել դրա համար: Մարդու հետ առևտրի մեջ չմտնելու համար նա ուղարկեց իր Միակ Որդուն, որպեսզի Քրիստոս ազատի մարդուն ադամական «պարտքից»:
Աստված գին չսահմանեց, բայց մարդիկ ամեն ինչի համար ունեն գնացուցակ:
Այսօր մտեք յուրաքանչյուր խանութ կամ քայլեք փողոցով, ամենուր առևտուր է, ամենուր ինչ-որ բան են վաճառում: Վարկային կազմակերպությունը երջանկություն է վաճառում կամ հույս, որ մի օր մեքենա կգնես և երջանիկ կլինես, տուն կգնես և երջանիկ կլինես: Մեկը Երուսաղեմից բերված կարմիկր թել է վաճառում, որ կապես դաստակիդ ու երազանքներդ իրականանան, մի մուրացկան էլ Աստծո օրհնությունն է վաճառում ու եթե քիչ գումար տաս կանիծի, եթե շատ՝ կօրհնի:
Այսօր բոլորս վաճառքի ենք հանել մեր հավատքը, դրան ձև, չափ ու գին ենք տվել: Իմ հավատքն ավելի շատ է, քան նրանը, ուրեմն ես ավելի շատ պետք է ստանամ Աստծուց, քան նա: Այսօր մենք առաջնորդվում ենք այն գաղափարով, թե որքան շատ հավատամ Աստծուն, Նա այնքան շատ բան կտա ինձ: Եվ որքան շատ է հավատքս, այնքան շատ բան կարող եմ գնել դրանով: Իսկ երբևէ մտածե՞լ եք, եթե կշեռքի նժարին դնեիք ձեր հավատքը, որքա՞ն կկշռեր այն ու դրա դիմաց որքան շահույթ կունենայիք:
Մի օր առավոտյան քնիցս արթնացա ու հիշեցի, որ երազումս տեսել էի, թե հավատք են վաճառում: Շենքի բակում կանգնած կինը մի դատարկ սայլակ է քարշ տալիս ու գոռում.
-Հավատք, հավատք եմ վաճառում:
Քնիցս արթնացա…երազ չէր:
Ի՞նչ գին ես պատրաստ վճարել հավատքի համար:
Հասմիկ Թամամյան