Մարդկային պատմության ամբողջ ընթացքում միշտ փորձ է արվել ճանաչելու սեփական «ես»-ը՝ ստանալով տարբեր մեկնաբանություններ ու ձևակերպումներ: Որպեսզի ճանաչենք «ես»-ը, պիտի փորձենք դիտարկել մարդկային «ես»-ի երկու կարևոր դրսևորումներ` անհատ և անձ:
Նախ փորձենք հասկանալ, թե ինչ է անհատը կամ մարդկային անհատականությունը: Այստեղ կարևոր է հասկանալ, որ անհատը կամ անհատականությունը տրոհման վերջին սահմանն է: Անհատից այն կողմ ավելին տրոհել հնարավոր չէ, եթե փորձենք տրոհել անհատին, կխախտվի մարդկային էության ամբողջականությունը:
Մենք կարող ենք տրոհել ազգը, հասարակությունը, ընտանիքը, ընկերությունը: Տրոհելով հասնում ենք մի սահմանի, որը անհատն է որպես միավոր, և եթե փորձենք շարունակել ու ավելի տրոհել, ապա արդյունքում կունենանք անշունչ մի իրականություն:
Երբ փորձում ենք բնորոշել անհատին, տալիս ենք ընդհանուր որակումներ: Օրինակ` նշում ենք արտաքինը, տեսքը, մաշկի գույնը, մազերի գույնը, ձայնը, հասակը: Որպեսզի տարբերենք մեկ անհատին մյուսից, հաճախ օգտագործում ենք հակադրության մեթոդը: Իսկ հակադրությունը ենթադրում է հեռավորությունը, որը կա անհատների միջև: Սա այն հակադրությունն է, որ ոչ միայն խախտում է ներդաշնակությունը, այլև առաջացնում է ինքնահաստատման անհրաժեշտություն:
Թե՛ հոգեբանորեն, թե՛ հոգևոր իմաստով անհատին հատուկ է ինքնադրսևորումը: Երբ հայտնվում ենք ինչ-որ միջավայրում և չենք ուզում անտեսված կամ մերժված լինել, փորձում ենք ինքնահաստատվել՝ ճնշմանը հակադրվելով, ինչն ավելի սրում է մարդկային հարաբերությունները և պատճառ է դառնում քայքայման. սկսում ենք տրոհել դիմացինի անհատականությունը, մերժել դիմացինին:
Անձի հիմքը սուրբգրային է, անձը տարբերվում է անհատից նրանով, որ անձը չի բաժանվում և տրոհել հնարավոր չէ: Անձի ճանաչողության պրոցեսում չի գործում հակադրության մեթոդը: Անձի ինքնահաստատման պարագայում կրկին բացառվում է հակադրությունը, քանի որ անձը ինքնին անկրկնելի է և եզակի:
Անհատի մասին խոսելիս, եթե ընդունենք, որ կարող են լինել մարդիկ, ովքեր ընդհանուր որակումներով` մաշկի գույնով, ձայնով կամ արտաքինով, իրար նման են, ապա անձի պարագայում մարդը անկրկնելի է, իր նմանը չունի, և այս մասին վկայում է Հայտնության գիրքը (2:17), որտեղ գրված է, որ երկնքի արքայության մեջ յուրաքանչյուրին կտրվի քար, որի վրա գրված է մարդու նոր անունը, որը գիտի միայն Աստված և նա, ում տրվում է: Այս անունը տարբերվում է այսօրվա մեր անուններից, որոնք շատ հաճախ պատահական տրվող անուններ են և շատ հաճախ նաև ծնվում են հակադրության արդյունքում: Բայց այդ նոր անունը պատահական չէ, այն համապատասխան է հենց այն անձին, ում տրվում է, անձը ճանաչվելու է այդ անվամբ: Եվ եթե պատկերավոր ասելու լինենք, ապա դա այն անունն է, որով Աստված կանչում է յուրաքանչյուր անձի անգոյությունից գոյության, և այդ անունը մեզանից յուրաքանչյուրին կապում է Աստծո հետ:
Մարդն՝ իբրև անձ, անկրկնելի է, անհամեմատելի և անհակադրելի, ուստի ամեն մարդու կապը և հարաբերությունը Աստծո հետ նույնպես անկրկնելի է: Իսկ մենք մեր «ես»-ի ճանաչման պրոցեսի մեջ փոխարենը լինելու ներդաշնակ, անկրկնելի և չհակադրվող փորձում ենք ճանաչել անձը անհատականության մեղավոր ու սխալ հակադրության և ինքնահաստատման միջոցով:
Սուրբ Գիրքը մեզ տալիս է կատարյալ անձի և կատարյալ էության պատկերը Աստծո մեջ և սովորեցնում է ճանաչել անձը` մերժելով հակադրությունն ու բաժանումը:
Եսայի քհն. Արթենյան