Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հոկտեմբերի 20-ին նշում է չորս ավետարանիչների` Սբ. Մատթեոսի, Սբ. Մարկոսի, Սբ. Ղուկասի և Սբ. Հովհաննեսի հիշատակը: Նրանք հեղինակն են Նոր կտակարանի առաջին չորս գրքերի, որ կոչվեցին Ավետարաններ: «Ավետարան» բառը հունարեն «Էվանգելիոն» բառի թարգմանությունն է, որ նշանակում է «բարի լուր»: Խաչելության և Հարության միջոցով Հիսուս Քրիստոսի հաղթանակը չարի և մեղքի դեմ, ինչպես նաև Աստծո թագավորության հաստատումը Հիսուս Քրիստոսի միջոցով, այն բարի լուրն էր, որ քարոզում էին Քրիստոսի աշակերտները: Այդ պատճառով էլ Քրիստոսի վարդապետությունը և առաքյալների քարոզությունը անվանվեց Ավետարան:
Սուրբ Մատթեոս ավետարանիչը իր հայրենի քաղաքում՝ Կափառնայում, հարկահավաք է եղել: Նրա հրեական անունն էր Ղևի կամ Լևի, որդին էր Ալփեոսի, որի համար էլ կոչվել է Ղևի Ալփյան: Երբ նա իր մաքսասեղանի առջև նստած էր, Հիսուս անցավ նրա մոտով ասաց. «Հետևի՛ր ինձ»: Մատթեոսը վեր կացավ և հետևեց Հիսուսին (Մարկոս Բ 13–17):
Ղևին վերանվանվել է Մատթեոս, որը նշանակում է «Աստծո ընծա»: Նա իր տանը մեծ ընդունելություն է ցույց տվել Հիսուսին ու Նրա աշակերտներին՝ հրավիրելով նաև պաշտոնակիցների՝ մաքսավորների, հարկահավաքների: Փարիսեցիներն ու դպիրները մեղադրել են Հիսուսին, թե ինչո՞ւ է նա մաքսավորների ու մեղավորների հետ սեղան նստել: Այստեղ է Հիսուս տվել Իր նշանավոր պատասխանը, թե. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ՝ հիվանդներին», և թե՝ «...ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ...» (Մատթեոս Թ 11–13): Մատթեոս առաքյալը Տիրոջ խոսքը քարոզել է պաղեստինյան հրեաներին, ապա մեկնել Աֆրիկա, քարոզել և, ըստ ավանդության, մեծ չարչարանքների ենթարկվելով՝ նահատակվել Եթովպիայում: Մատթեոս առաքյալը հեղինակ է Նոր կտակարանի առաջին գրքի՝ Մատթեոսի Ավետարանի:
Սուրբ Մարկոս ավետարանիչը Պետրոս առաքյալի աշակերտներից էր, նրա թարգմանիչը (Ա Պետրոս Ե 13): Եղել է նաև Պողոսի և Բառնաբասի գործակիցներից մեկը: Նա Բառնաբասի եղբոր տղան էր (Կողոսացիներ Դ 10), բնիկ երուսաղեմացի: Մարկոս ավետարանիչին կոչել են նաև Հովհաննես: Այդ մասին կարդում ենք Գործք առաքելոցում. «Եվ Պետրոսը… եկավ Մարիամի տուն: Այս Մարիամը մայրն էր Հովհաննեսի, որ Մարկոս վերանվանվեց» (Գործք առաքելոց ԺԲ 12): Հովհաննես և Մարկոս նույն անձի երկու տարբեր անուններն են, մեկը՝ եբրայական, մյուսը՝ հունա-հռոմեական: Քրիստոնեական եկեղեցու առաջին գործիչների մեծ մասը կրկնակի անուններ են ունեցել:
Մարկոսի մնայուն ծառայությունն իր գրած Ավետարանն է, որ չորս Ավետարաններից ամենահամառոտն է և վաղ գրվածը: Այն ուղղված է հեթանոսներին՝ հատկապես հռոմեացիներին: Երբ Մարկոսը հունարենով գրեց, վերջացրեց Ավետարանը, Պետրոսը նրան ուղարկեց Եթովպիա: Նա գնաց Ալեքսանդրիա և սկսեց քարոզել: Ավետարանիչը շատ հետևորդներ ունեցավ: Ալեքսանդրիայում հեթանոսները և հրեաները, նախանձելով նրան, մատնեցին իշխանություններին, որոնք ձերբակալեցին Մարկոսին: Գիշերը հրեշտակն եկավ բանտ և քաջալերելով նրան՝ ասաց. «Մի՛ վախեցիր, Մարկոս, Տիրոջ համար պիտի չարչարվես, սակայն անունդ պիտի գրվի երանելի առաքյալների հետ և չպիտի ջնջվի»: Հաջորդ օրը դարձյալ տանջեցին իրեն, մինչև որ Աստծո ձեռքը հանձնեց իր հոգին:
Սուրբ Ղուկաս ավետարանիչը ծնվել է Սիրիայի Անտիոք քաղաքում: Քրիստոսի 72 աշակերտներից էր: Ինչպես վկայում են կենսագիրները՝ նա բժիշկ էր և Պողոս առաքյալի ամենահավատարիմ և անձնվեր գործակիցներից մեկը: Որոշ եկեղեցական հայրեր և մեկնիչներ Ղուկասին նույնացնում են Էմմավուսի երկու ճամփորդներից մեկին, որոնց անունները ավետարանիչը չի պահպանել: Քաջատեղյակ էր ասորերեն, եբրայերեն և հունարեն լեզուներին: Իր անունը կրող Ավետարանը գրել է հունարենով: Համաքրիստոնեական նախնագույն շարականները Ղուկասի Ավետարանից են ներշնչվել, որոնցից են «Ավէ Մարիա», «Մեծացուսցէ», «Փառք ի բարձունս» և այլն:
Գործք առաքելոցի հեղինակը նույնպես Ղուկասն է: Այստեղ նա ներկայացնում է նախ եկեղեցու արմատավորվելը և տարածվելը Պաղեստինի սահմաններում՝ կենտրոն ունենալով Երուսաղեմը, և ապա տարածումը մերձակա երկրներ՝ Սիրիա, Կիպրոս, Փոքր Ասիա, Հունաստան և մինչև Հռոմ՝ իբրև կենտրոններ ունենալով Անտիոքը և Եփեսոսը:
Պատմվում է, որ Ղուկասը նաև ճարտար նկարիչ էր, և առաջին անգամ նա է, որ նկարել է Սուրբ Աստվածամորը՝ մանուկ Հիսուսը գրկին:
Սուրբ Հովհաննեսը` Հիսուսի սիրելի աշակերտը, Զեբեդեոսի և Սողոմեի որդին էր: Իր եղբոր՝ Հակոբոսի հետ, զբաղվում էր ձկնորսությամբ: Սկզբում աշակերտում էր Հովհաննես Մկրտչին, այնուհետև հետևեց Հիսուսին՝ իր եղբոր Հակոբոսի և մոր՝ Սողոմեի հետ: Առաքյալներից կրտսերն էր: Հովհաննեսը Երուսաղեմում Սուրբ Աստվածածնին սպասավորելուց հետո, ինչպես հանձնարարված էր նրան Փրկչից, մինչև նրա երկինք վերափոխվելը, քարոզելով շրջեց արևելքում, առավելապես՝ Փոքր Ասիայում, որտեղ և Եփեսոսում հաստատեց իր աթոռը: Երբ Հովհաննեսը Եփեսոս եկավ, նախ աղոթքներով հիմնահատակ ավերեց Ամազոնաց կոչված մեհյանը և ուրիշ այլ հրաշքներով իր քարոզությամբ ու հրեշտակային վարքով աստվածպաշտության դարձրեց բազում հելլենացիների: Իսկ Դեմետիանոսի ժամանակ, երբ երանելի Հովհաննեսը շրջում էր Ասիայում և ավետարանում Քրիստոսին, նրա համբավը կայսրին հասավ: Կայսեր հրամանով նրան բռնեցին և կապանքներով կապելով՝ ուղարկեցին Հռոմ, որտեղ առաքյալը հեթանոսներին կռապաշտության համար հանդիմանելու պատճառով նետվեց եռացող ձեթի կաթսայի մեջ, սակայն այնտեղից դուրս եկավ անվնաս: Դրանից հետո աքսորվեց Պատմոս կղզի, որտեղ էլ գրեց «Հայտնությունը»: Հովհաննեսի անունով Նոր կտակարանում կան նաև երեք թղթեր: Ապա վերադարձավ Եփեսոս և 101 թ. վախճանվեց: Առաքյալների շարքում Հովհաննեսը միակն է, ով չի մահացել նահատակությամբ:
Չորս ավետարանիչների խորհրդանշական պատկերագրությունը
Չորս ավետարանիչների պատկերագրությունը հիմնված են Եզեկիելի Ա 10 և Հովհանու Հայտնության Դ 7 համարների վրա: Այդ խորհրդանիշները շատ հին են, դրանք իրենց արտահայտությունն են գտել սրբանկարչության, որմնանկարչության, մանրանկարչության և քանդակագործության մեջ:
Ըստ եկեղեցական ավանդության՝ Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով: Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է: Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ: Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության: Իսկ Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը. «Ի սկզբանէ էր Բանն և Բանն էր առ Աստուած և Աստուած էր Բանն»:
Պատրաստեց Լուսինե ՕՀԱՆՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ