Աբգար թագավորն առաջինն էր, ով ընդունեց Քրիստոսին, մկրտվեց և դարձավ քրիստոնյա առաջին դարում: Ս. Աբգար թագավորի շնորհիվ է, որ այսօր մենք ունենք Քրիստոսի կենդանագիր պատկերը, որը բացառիկ սրբազան մասունք է քրիստոնյաների համար: Այժմ այդ պատկերը պահվում է Ջենովայի Ս. Բարդուղիմեոս հայկական եկեղեցում:
Աբգարը, լսելով Հիսուսի ու նրա կատարած հրաշալի գործերի մասին, ցանկացավ անձամբ տեսնել Հիսուսին և նրա մոտ ուղարկեց Անանեին՝ իր նախարարին, ում հետ գնացին նաև մի քանի սուրհանդակներ, որոնց թվում էր նաև Հովհաննեսը, ով ուներ նկարելու մեծ տաղանդ, և ում շնորհիվ էլ ունենք Քրիստոսի կենդանագիր պատկերը: Բանն այն է, որ երբ Անանեն Քրիստոսին փոխանցեց Աբգար թագավորի ընծաները և խնդրեց Նրան, որ իրենց հետ գա Եդեսիա Աբգար թագավորի մոտ և բժշկի նրան, Քրիստոս Իր օրհնությունը փոխանցեց թագավորին, և քանի որ Իր առաքելությունը Երուսաղեմում փառավորվելն էր, ուստի չգնաց, սակայն փոխարենը խոստացավ, որ իր աշակերտներից մեկին կուղարկի թագավորի մոտ՝ բժշկելու և Ավետարանը քարոզելու նպատակով: Այս ողջ ընթացքում Հովհաննեսը, ով հմուտ նկարիչ էր, կարողացավ պատկերել Քրիստոսին: Հիսուս, երբ տեսավ նկարը, օրհնեց այն, որն էլ բերեցին Աբգար թագավորին: Ասել է թե՝ Աբգարը տեսավ Քրիստոսին:
Աշխարհում անթիվ դեմքերից ուրիշ ոչ մեկինը մարդիկ այդքան շատ չեն պատկերել, փառաբանել, որքան այս Միակը՝ Հիսուսի դեմքը: Վերջին երկու հազար տարիների ընթացքում նա դարձել է մարդկության հայելին, որտեղ արտացոլվել է մեր հավատը, հույսն ու ցասումը, իմաստությունն ու կարեկցանքը: Քրիստոսի պատկերը դարձել է մարդկային պատմության ամենատարածված սրբապատկերը. հազիվ թե մեկ այլ պատկեր այնքան բազմատեսակ ու, միաժամանակ, անխուսափելիորեն ճանաչելի լինի, որքան Աստծունը: Պատճառը մեկն էր՝ ոչ մի այլ աստված այդքան հասկանալի ու մոտ չէ մարդկային կերպարին, որքան Քրիստոսինը: Հիսուսի բոլոր պատկերներն արված են Նրա մահից հետո, համարյա բոլորը, բացի այս մեկից: Տիրոջ կենդանագիր պատկերը նկարված է Քրիստոսի կենդանության օրոք` խաչելությունից երկու օր առաջ:
Կենդանագիր պատկերը բերվեց Եդեսիա և հայոց Աբգար թագավորը խնամքով պահեց այն: Պատկեր, որը ոչ միայն պաշտպանել է իր ժողովրդին, այլ դարձել բազմաթիվ հաղթանակների առաջնորդող սուրբ խորհրդանիշ:
Լիլիանա Օսիպյան