«Բալես, հո դու արդարության ծարավ չե՞ս»

«Բալես, հո դու արդարության ծարավ չե՞ս»

7-րդ դասարանում էի սովորում, երբ առաջին անգամ առերեսվեցի անարդարության հետ (դե, գոնե, իմ պատկերացմամբ այդպես էր): Իհարկե, դեպքն ինձ հետ բացարձակ կապ չուներ, բայց ուսուցչուհին դասընկերոջս հետ արդար չվարվեց, ինչից ես բարկացա և փորձեցի համոզել նրան, որ նա ճիշտ չէ:Երկար ու բուռն քննարկումից հետո, ես երջանիկ էի, որովհետև կարողացել էի օգնել դասընկերոջս, իսկ նա գոհ էր, որովհետև հասել էր սպասված արդյունքին:

 

Այդ օրվա  ստացածս տպավորությունների ազդեցության տակ՝ գնացի տատիկիս տուն ու սկսեցի պատմել օրվա իրողությունը: Տատիկս լուռ լսեց, հետո ասաց՝ բալես, հո դու արդարության ծարավ չե՞ս:

 

Ես, իհարկե, հասկացա տատիկիս, բայց շտապեցի նրա հետ չհամաձայնել ու 7-րդ դասարանցուն բնորոշ համառությամբ դեռ շարունակում էի պնդել, որ այս կյանքում ամենից կարևորն արդարությունն  է և ոչ մի դեպքում պիտի թույլ չտալ, որ մարդիկ անարդարացի վարվեն դիմացինի հետ:

 

Երբ ցանկացա դուրս գալ խոհանոցից, լսեցի՝ ինչպես է տատիկս, խմորը հունցելով, քթի տակ ցածրաձայն ասում՝ երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:

-Տատ, ի՞նչ ասեցիր:

-Գնա, նստի դասերդ արա, կգամ, կբացատրեմ:

Չանցած երկու ժամ՝ ես արդեն ավարտել էի տնայիններս և սպասում էի, թե երբ է տատիկս բացատրելու՝ ի՞նչ նկատի ուներ:

-Բալես, գնա Աստվածաշունչը բեր: Սուրբ Գիրքը երբ կարդաս, կհանդիպես Լեռան քարոզին. Հիսուս իր աշակերտներին պատգամել է ինը Երանիներ, որոնց թվում էր նաև իմ քիչ առաջվա ասածը: Ես ուրախ եմ, որ դու այդ ոգով ես մեծանում, բայց հիշի՛ր, որ կյանքիդ ճանապարհը բարդ է լինելու, որովհետև դու անտարբեր մարդ չես մեծանում, իսկ դա շատ լավ է:
 

Կան երևույթներ, որոնց հանդեպ տարբեր մարդկանց ռեակցիան տարբեր է լինում: Ոմանք անտարբեր են, մյուս մասը՝ չեզոք, իսկ ահա այն երրորդ խումբը բուռն արձագանք է տալիս տվյալ երևույթին: Պատճառն այն է, որ այդ խմբին պատկանող մարդկանց մոտ իքս երևույթի հանդեպ զգայունակությունը շատ բարձր է և, հետևաբար, նա դառնում է ծխնելույզը, որի միջով անցնում ու բարձրաձայնվում է: Ամենևին կարիք չկա կարծելու, որ նմանատիպ մարդկանց բնորոշ է բողոքելը, դժգոհելը, հակառակը՝ նման մարդիկ կարողանում են հավասարակշռել կյանքում հանդիպող բոլոր երևույթները և առարկաները կոչում են իրենց անուններով:

 

Տատիկի խոսքերում թաքնված խորհուրդը մեկն էր՝ Արդարության (Հիսուս Քրիստոսի) քաղցն ու ծարավն ունեցողները, հաղորդվելով Հիսուսի մարմնին ու արյանը, կհագենան հավիտենական հացով ու հավիտենական ջրով։

 

Բարձրացիր ինը երանիների սանդուղքներով և միայն այդժամ կարող ես քեզ թույլ տալ ասել, որ կյանքդ արժևորված է ու իմաստալից…

 

Լիլիանա Օսիպյան

  • 2021-08-09
×