Հպարտությունը յոթ մահացու մեղքերից առաջինն է և բոլոր մեղքերի գլուխը: Այն հեռացնում է մեզ Աստծուց և խանգարում սիրել մարդկանց: Հպարտ մարդն ինքն իրեն այնքան շատ է սիրում, որ սկսում է ատել ուրիշներին: Հիսուս սովորեցնում էր Իր աշակերտներին՝ լինել հեզ ու խոնարհ: Նա Ինքն էր հեզ ու սրտով խոնարհ: Հպարտությամբ էր, որ սատանան, իրեն անչափ մեծ մեկը կարծելով ու նախանձելով Աստծո մեծ փառքին, ցանկացավ Նրա տեղը գրավել: Հպարտությունից ծնվում են փառասիրությունը, սնափառությունը, ինքնահավանությունը, մեծամտությունը, կեղծավորությունը, անհնազանդությունը:
Այս մեղքերը մարդուն դատապարտում են հավիտենական կործանման, եթե դու քեզ Քրիստոսի հետևորդ ես համարում, ինչպե՞ս կարող ես գովերգել քեզ բոլոր հնարավոր և անհնարին կերպերով, չէ՞ որ Տերն ասում է Ավետարանում. «Երբ այդ բոլոր բաները կատարեք, ասացեք` անպիտան ծառաներ ենք. ինչ պարտավոր էինք անել, այն արեցինք» (Ղուկ. ԺԷ 10), այսինքն` ինչպիսի առաքինություն ու բարիք էլ գործես, ոչ միայն մի բարձրաձայնիր, այլև համարիր, որ պարտավոր էիր անել ու արեցիր: Հպարտությունն ընդդիմություն է ստեղծում առանձին մարդկանց միջև և Աստծո միջև: Հպարտ մարդն իրեն վեր է դասում շրջապատի մարդկանցից և ավելի շատ հետևում է սեփական կամքին, քան Աստծո կամքին: Այդպիսի մարդիկ չպետք է մոռանան թե ինչ է ասվում Աստվածաշնչում իրենց մասին. «Կործանումից առաջ գնում է հպարտությունը» (Առակ. ԺԶ.18):
Քրիստոնեության ամենամեծ առաքինություններից մեկը խոնարհությունն է, դրա համար էլ Հիսուս երանի է տալիս խոնարհին։ Մեր օրերում խոնարհության ճիշտ ճանապարհը սովորեցնում է եկեղեցին: Եկեղեցի այցելելը, Սուրբ Պատարագին մասնակցելը, կատարած մեղքերի համար զղջալը, արդեն իսկ խոնարհության նշան է, բայց ճշմարիտ խոնարհները երբեք չեն համարում, թե հասել են կատարյալ խոնարհության, որովհետև խոնարհը միշտ իր սխալներն է փորձում գտնել ու վերացնել դրանք: Ցավոք, խոնարհությունը շատերի մոտ ընկալվում է որպես թուլության նշան: Երբ մարդկանց հետ խոսում ես խոնարհության մասին, նրանց թվում է, թե լինել խոնարհ՝ նշանակում է լինել խեղճ ու թուլամորթ: Բայց խոնարհությունը ենթադրում է քաջություն: Այս երկու առաքինությունները հանդես են գալիս միմյանց լրացնելով. խոնարհությունն առանց քաջության խեղճություն է, իսկ քաջությունն առանց խոնարհության՝ ամբարտավանություն:
Թեև, Աստված որևէ պարտավորություն չունի մարդկանց հանդեպ, բայց իր անզուգական բարության շնորհիվ պատրաստ է ողորմություն և հաճություն ցույց տալ նրանց, ովքեր խոնարհեցնում են իրենց Նրա առաջ։ Չկա ավելի մեծ խոնարհություն, քան ապրել կյանքը՝ չնախանձելով ուրիշի հաջողությանը և թույլ չտալով թե սատանային, թե ինքդ քեզ և թե այլ մարդկանց գողանալու քո շնորհներն ու պարգևները, որոնցով Աստված այնքան առատորեն օրհնել է մեզ բոլորիս:
Հիշենք տերունական խոսքը, որ ասում է. «Ով բարձրացնում է իր անձը` կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը` կբարձրացվի» (Մատթ. ԻԳ 12):
Մարիետտա Խաչատրյան