Դրսից գնված մոմը արժեզրկու՞մ է աղոթքի ուժը

Դրսից գնված մոմը արժեզրկու՞մ է աղոթքի ուժը

Վերջերս լսեցի երկու դասընկերոջ զրույց, ովքեր քայլում էին դեպի եկեղեցի՝
 

-Արտ, արի պապիից գնենք մոմերը ու ներս մտնենք

-Չէ, մոմը պետք է եկեղեցուց գնենք, քայլի…
 

Քաղաքում զբոսնելիս հաճախ կարելի է հանդիպել եկեղեցու հարակից տարածքում մարդկանց, ովքեր մոմ են վաճառում: Որքանո՞վ է ճիշտ կամ սխալ մոմը գնել դրսից և արդյո՞ք պարտադիր պայման է գնել եկեղեցուց. նախքան այս հարցերին սպառիչ պատասխան տալը՝ փորձեցինք ճշտել մեր համաքաղաքացիներից իրենց կարծիքը:
 

37-ամյա Լաուրան կտրականապես դեմ էր դրսից մոմ գնելուն. «Ինձ համար, կարծես, արժեզրկվի աղոթքի ուժը, եթե մոմը եկեղեցուց չեն գնում: Չեմ կարող, իհարկե, հիմնավորում տալ, որովհետև տեղյակ չեմ եկեղեցու կանոնակարգին, բայց չեմ ողջունում ես նման մոտեցումը»:
 

Ի տարբերություն Լաուրայի՝ Անահիտը, ով, գրեթե, միշտ մոմը գնում է դրսից, տվեց իր նման մոտեցման բացատրությունը. «Կարծում եմ, որ այդ չնչին գումարի կարիքը դրսում կանգնած մարդն ունի: Ասեմ ավելին՝ եթե մարդը մոմ է վաճառում եկեղեցու բակում, ապա պիտի անտարբեր չանցնես, գուցե դա նրա միակ միջոցն է գոյատևելու, իսկ ինչու՞ չգնել իրենից, չեմ կարծում, որ դրանով մեղք եմ գործում՝ լավություն անելու փոխարեն»:
 

«Իհարկե, ոչ ոք չի կարող արգելել մարդկանց, որ մոմը գնեն դրսից, բայց խրախուսվում է եկեղեցուց գնելը»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը և հավելեց. «Եկեղեցուց մոմ գնելու ամբողջ իմաստն այն է, որ վաճառված մոմի եկամուտը ծառայում է եկեղեցու կարիքների (աշխատավարձ, կոմունալ ծախսեր, հարկեր և այլն) համար: Սակայն պետք է հստակ իմանալ, որ եկեղեցին մոմ վառելու տեղ չէ, և չենք գալիս եկեղեցի մոմ վառելու համար: Ամենակարևոր պայմանը աղոթքն ու Աստծո հետ հանդիպումն է: Մարդը, եթե եկեղեցում մոմ չի վառում, ապա չի նշանակում, որ ինքը վատ քրիստոնյա է կամ չի փրկվի, ուստի մոմավառության և մոմը եկեղեցուց կամ դրսից գնելու կոնֆլիկտը արհեստական է: Կան մարդիկ, ովքեր իրավմամբ համոզված են, որ պետք է մոմը եկեղեցուց գնել, սակայն դա չի խանգարում օգնել դրսում կանգնած մոմ վաճառողներին, ովքեր իրապես սոցիալական խնդիրներ ունեն: Բարի գործ կատարելու համար յուրաքանչյուր մարդ ազատ է: Ամեն մարդ թող անի այնպես, ինչպես ճիշտ է համարում: Կարևորը մաքուր սիրտն է ու բարի կամքը՝ դիմացինին և եկեղեցուն օգտակար լինելու»:
 

Լիլիանա Օսիպյան

  • 2021-08-09
×