Ս. Պատարագն ու Ս. Հաղորդությունը՝ եկեղեցի գնալու կարևոր պայման

Ս. Պատարագն ու Ս. Հաղորդությունը՝ եկեղեցի գնալու կարևոր պայման

Շատ հաճախ դեպքեր են լինում, երբ մարդիկ եկեղեցի հաճախելը երկրորդական պլան են մղում, իսկ թե ինչու՞, փորձեցինք պարզել մեր համաքաղաքացիներից: Անցկացված հարցման արդյունքում պարզ դարձավ, որ մարդիկ եկեղեցի չեն հաճախում տարատեսակ պատճառներից ելնելով՝ ժամանակի սղություն, ծանրաբեռնվածություն, չհամակարգված գրաֆիկով աշխատանք և այլն:
 

Հասկանալի է, որ եթե այս պատճառները դիտարկենք հոգևոր տեսանկյունից, բնականաբար, եկեղեցին ընդունում է, որ մարդկանց սոցիալական վիճակն այնպիսին է, որ նրանք պետք է աշխատեն և հաճախ հնարավոր չի լինում համատեղել աշխատանքն ու Պատարագը: Սակայն  ոչ բոլոր պատճառաբանություններն են հասկանալի ու արդարացված:
 

Կա նաև մարդկանց այնպիսի զանգված, որը չի այցելում եկեղեցի, որովհետև այն համարում է ոչ այդքան կարևոր. «Իմաստ չեմ տեսնում: Եթե մարդ Աստծուն կրում է իր մեջ, ապա նա կարող է աղոթել ցանկացած վայրում. պարտադիր չէ դրա համար գնալ եկեղեցի: Ես գտնում եմ, որ Աստված ամենուր է և Նա միշտ լսում է մեզ»,- իր խոսքում նշեց 34-ամյա Արմինեն:
 

Տեր Եսայի քահանա Արթենյանը պարզաբանում է, որ մարդ, եթե գնում է եկեղեցի մոմ վառելու կամ քահանայի օրհնությունը ստանալու նպատակով, ապա կարող է դա խնդրել ցանկացածին, ով եկեղեցի հաճախ է այցելում. «Մենք պետք է ինքներս առաջնահերթ գիտակցենք Աստծո տուն գնալու իրական նպատակը. եթե մարդը պարզապես մոմ վառելու կամ աղոթելու ցանկություն ունի, ապա, ամենևին, էական չէ, որ նա եկեղեցի գնա: Այո, այն տեսակետը, որ Աստված ամենուր է և մեզ միշտ լսում է, անխոս, ճշմարիտ է, բայց եկեղեցում տեղի է ունենում մի բան, որը հնարավոր չէ այլ վայրերում հանդիպել. խոսքս Սուրբ Պատարագի և Ս. Հաղորդության մասին է»:
 

Տեր Հայրը համոզված է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր արտահայտվում են, թե Աստծուն կրում են իրենց մեջ և դա իրենց համար բավական է, սխալ պատկերացումների և լիարժեք տեղեկացված չլինելու արդյունք է. «Մարդիկ պետք է գիտակցեն, որ Աստծուն իրենց մեջ կրելը նշանակալի իրադարձություն է, և, ամենակարևորը, մեզնից յուրաքանչյուրն ինքն իր համար պիտի հասկանա՝ այդ ինչպե՞ս և ինչի՞ համար: Մարդիկ, իրականում հավատում են այն ուժերին, այն կերպարին, որ իրենք են ստեղծել իրենց մեջ ու անվանել Աստված, բայց դա, ամենևին, այդպես չէ. հաճախ մենք ավելի կարևորում ենք Աստծո մասին մեր պատկերացումները, քան հենց Իրեն՝ Աստծուն: Աստծուն մենք մեր մեջ կարող ենք կրել, միայն Սուրբ Պատարագին և Սուրբ Հաղորդությանը մասնակից լինելով, որովհետև մենք ինքներս ապաշխարությամբ, զղջումով, մեղքերը սրբագործելով պիտի ջանք գործադրենք, հաղորդակցվելու Տիրոջ հետ, իսկ դրա միակ ու պարտադիր միջոցը Հաղորդության խորհուրդն է»:
 

39-ամյա Անժելան խոստովանում է, որ, չնայած իր մեծ ցանկությանը, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով՝ չի կարողանում եկեղեցի հաճախել. «Դեռևս մանկուց լավ հիշում եմ, որ պապիկիս հետ գնում էի Սուրբ Պատարագի, հաճախ էի այցելում եկեղեցի: Իմ ընտանիքն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այդ ամենին. սկզբից մեզ՝ երեխաներիս հետ, հիմա արդեն թոռնիկների հետ են գնում եկեղեցի: Կարծում եմ՝ ամեն քրիստոնյայի մոտ պիտի լինի ցանկություն՝ Աստծո տուն գնալու: Ուրախ եմ, որ ծնվել ու մեծացել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ քրիստոնեական արժեքներն ամուր հիմքի վրա են կառուցված և այդ ամենի խորհուրդը փոխանցվում է սերընդեսերունդ»:
 

56-ամյա տիկին Սոնան անկեղծացավ, որ անկախ առօրյա կենցաղային ծանրաբեռնվածությունից միշտ փորձում է ժամանակ հատկացնել եկեղեցի գնալու համար. «Օրվա մեջ պատահում է, երբ իջնում եմ թոռնիկիս հետ զբոսանքի, պարտադիր մտնում եմ եկեղեցի, աղոթում ու դուրս գալիս. գեղեցիկ ավանդույթ է դարձել, որը չեմ խախտում»:
 

Չնայած կարծիքները տարաբնույթ էին և բազմազան՝ այդուհանդերձ պետք է միշտ հիշել, որ Աստծո տուն գնալու կարևորագույն նպատակը պետք է լինի Նրա հետ հաղորդակցվելու իրական ցանկությունը և դրա համար ոչ մի ջանք չխնայելը:
 

 

Լիլիանա Օսիպյան

  • 2021-08-09
×