Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տարին մեկ անգամ հիշատակում է հրեշտակների տոնը: Նրանց հիշատակությունը կա տարվում է Խաչի ութերորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը՝ «Սրբոց հրեշտակապետացն՝ Գաբրիէլի եւ Միքայէլի եւ ամենայն երկնային զօրացն» անվամբ:
«Հրեշտակ» բառը (եբրայերեն՝ «մալախ», հունարեն՝ «անկելոս») նշանակում է «պատգամաբեր»: Հրեշտակները Սուրբ Գրքի մեջ ներկայացված են որպես «Աստծո բանակ», (Ծննդոց ԼԲ 2), «Հազարք հազարաց եւ բիւրք բիւրուց» (Դանիել Է 10): Նրանց հիմնական պաշտոնն է Աստծո պատգամները և տնօրինությունները մարդկանց փոխանցելը, հրամանները գործադրելը ազգերի երկրի վրա կամ տիեզերքում (Ծննդոց ԺԶ 7, Դատավորներ Զ 11, Դանիել Զ 22):
Աստվածաշնչում Ծննդոց գրքից մինչև Հայտնություն բազմաթիվ հիշատակություններ, դեպքեր ու դրվագներ կան հրեշտակների մասին: Օրինակ, հրեշտակներ այցելեցին Աբրահամին՝ Սոդոմ և Գոմոր ամբարիշտ քաղաքների բնաջնջման կապակցությամբ (Ծննդոց ԺԸ և ԺԹ գլուխներ), Քրիստոսի Ծննդյան ավետիսը տվեցին հովիվներին, քրիստոնեական եկեղեցու առաջին երգը՝ «Փառք ի բարձունս»-ը ավանդեցին նրանք (Ղուկաս Բ 8-15):
Քրիստոսին ծառայեցին անապատում Նրա փորձությունից հետո, ինչպես գրում է Մատթեոս ավետարանիչը. «Այն ժամանակ սատանան թողեց Նրան ու հեռացավ, և ահա հրեշտակները մոտեցան և ծառայում էին Հիսուսին» (Մատթեոս Դ 11): Նրա հարության առաջին երջանիկ ավետաբերները եղան (Մատթեոս ԻԸ): Հրեշտակները կարևոր դեր կատարեցին առաքյալների կյանքում (Գործք առաքելոց 12 գլուխ):
Մեր եկեղեցու պատմությունից հայտնի է, որ սուրբ Գրիգոր Լուսավորչին Խոր Վիրապում ամեն օր այցելում էր չորրորդ դասի մի հրեշտակ: Իսկ Սուրբ Էջմիածնի տաճարի հիմնարկեքին Աստծո Միածինը մի խումբ հրեշտակների գլխավորությամբ իջավ Հայաստան հողի վրա և ցույց տվեց տեղը և ձևը առաջին քրիստոնեական տաճարի:
Հրեշտակների դասակարգումը
Ըստ Դիոնիսիոս Արիոպագացու «Երկնային քահանայապետություն» նշանավոր գրքի՝ հրեշտակների դասակարգերը բաժանված են երեք քահանայապետությունների, որոնցից յուրաքանչյուրն ունի երեք խմբեր: Առաջին քահանայապետության մեջ մտնում են Քերովբեները, Սերովբեները և Աթոռները, երկրորդ քահանայապետությունն են Տերությունները, Զորությունները, Իշխանությունները, իսկ երրորդը՝ Պետություններ, Հրեշտակապետեր և Զինվորություններ:
Սերովբեները՝ երկնքի երգիչները, նկարագրված են Եսայի մարգարեի գրքում: «Սուրբ, սուրբ, սուրբ Տէր զօրութեանց, լի է ամենայն երկիր փառօք նորա» (Եսայի Զ 1-7). այս երգն էին երգում Սերովբեները Եսայի մարգարեի տեսիլքում:
Երբ Ադամը դրախտից վտարվեց, Քերովբեներին հանձնվեց Կենաց ծառի ճանապարհը պահպանելու պարտականությունը (Ծննդոց Գ 24): Քերովբեները համարվում են Աստծո աթոռը, նրանք ունեն չորս դեմք. մի երեսը՝ քերովբեի, մյուսը՝ մարդու, երրորդը՝ առյուծի և չորրորդը՝ արծվի: Ունեն չորս թևեր, բազմաթիվ աչքեր, որոնց համար էլ կոչվել են «բազմաչյա Քերովբեներ»: Նրանց քանդակները և արձանները Աստծո հրամանով դրվել են Ուխտի Տապանակի վրա՝ Սողոմոնի տաճարում:
Հրեշտակապետեր
Գաբրիելը մարդկանց աղոթքները Աստծուն հասցնող յոթ հրեշտակապետներից մեկն է: Դեռևս Հին Ուխտում նա բացահայտում և մեկնաբանում էր մարգարեների տեսիլքները, որոնք առնչվում էին Փրկչի գալստյանը: Իսկ Նոր Կտակարանում Գաբրիել հրեշտակապետը Հովհաննես Մկրտչի և մեր Փրկչի ծննդյան ավետաբերը եղավ (Ղուկաս Ա 26-38):
Սուրբ Գրքից մեզ հայտնի մյուս հրեշտակապետը՝ Միքայելը, մարտնչում էր Իսրայելի ժողովրդի թշնամիների դեմ: Նա, որպես երկնային զորքերի հրամանատար, ինչպես Հին Ուխտում՝ Իսրայելի, այնպես էլ նորում՝ Քրիստոսի Եկեղեցու հետ, անտեսանելի կերպով մարտնչում է չարի դեմ: Սուրբ Հովհաննես ավետարանչի Հայտնության գրքում նկարագրված է նրա պատերազմը երկնքում և հաղթանակը՝ վիշապի, սատանայի, և նրա չար զորակիցների նկատմամբ: Այդ իսկ պատճառով պատկերներում Միքայելը ներկայացվում է զրահավորված՝ սուրը ձեռքին, վիշապը ոտքերի տակ: Ինչպես նաև պատկերվում է կշեռքը ձեռքին, որ կշռում է ննջեցյալների հոգիները:
Հայ միջնադարյան գրականության մեջ հրեշտակներին նվիրվել են բազում ճառեր, քարոզներ, ներբողներ, շարականներ, հոգևոր երգեր:
Հրեշտակների կամ Սրբոց Հրեշտակապետաց անունով հայտնի են Զվարթնոց տաճարը, Սբ. Էջմիածին մայրավանքի զանգակատան խորանը, Աստապատի Հրեշտակապետ եկեղեցին, Թոքատի Սբ. Հրեշտակապետ վանքը, Սեբաստիայի Սբ. Հրեշտակապետաց վանքը, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի Սուրբ Հրեշտակապետաց, ինչպես նաև՝ Կ. Պոլսի Պալաթ թաղամասում գտնվող նույնանուն եկեղեցին:
Պատրաստեց Լուսինե Օհանյանը
Սկզբնաղբյուր` «Շողակն Արարատյան» ամսաթերթ