Հրեշտակների գոյությունը մեր կյանքում

Հրեշտակների գոյությունը մեր կյանքում

րոշ մարդիկ ասում են, թե հավատում են միայն այնպիսի բաների, ինչը կարելի է տեսնել։ Իրականում գոյություն ունեն շատ բաներ, որ մենք երբեք չենք կարող տեսնել։ Օրինակ՝ հրեշտակներին, ովքեր բնակվում են երկնքում և տիեզերքի սահմաններից դուրս են գտնվում:


Իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում հրեշտակների ծառայությունը: Հրեշտակները պարզապես հոգիներ չեն, այլ սպասավոր հոգիներ են՝ ուղարկված Աստծո կողմից Իր ժողովրդին և Իր կամքին ծառայելու համար: Հրեշտակներն իրենց զորությամբ և ունակություններով գերազանցում են մարդկանց: Նրանք ստեղծվել են շատ վաղուց՝ նախքան երկրի արարումը։ Երբ Աստված արարում էր երկիրը, հրեշտակները «բարձրաձայն գովաբանություն էին անում» (Հոբ 38:4–7)։

Աստվածաշունչը կոնկրետ չի նշում, թե քանի հրեշտակ կա, սակայն վկայում է, որ նրանց թիվը շատ մեծ է:


Հրեշտակները անձնավորություններ են. նրանք կարող են հաղորդակցվել իրար հետ, ունեն մտածելու ունակություն, ազատ կամք: Յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը, որն անտեսանելիորեն, անդադար հուշում է նրան բարի խորհուրդներ, պատսպարում դևերի հարձակումներից, հեռու պահում փորձություններից և պահպանում աղետներից: Հրեշտակները օգնում են, որ Քրիստոսի հետևորդները զերծ մնան չարի կողմից ապականվելուց (Մատթեոս 13:49)։


Սուրբ Գիրքը հիշում է հրեշտակների մի քանի անուններ, ինչպես օրինակ՝ Գաբրիել, Միքայել, Ռափայել, Սուրիել, Պատաքիել, Զազիել, Սուլիել:
Հրեշտակները կամ երկնային զորությունները բաժանվում են 9 դասի, որոնք միմյանցից տարբերվում են իրենց դիրքով և նշանակությամբ. դրանք են՝ աթոռք, քերովբեներ, սերովբեներ, տերություններ, զորություններ, իշխանություններ, պետություններ, հրեշտակապետներ, հրեշտակներ:


Առաջին երեքը ամենամերձն են Աստծուն և անմիջականորեն լցվում են Նրանից ճառագող շնորհներով:


Հաջորդ երեքը միջին դիրք են գրավում. նրանք իրենց շնորհի լույսը ստանում են առաջին դասերի միջոցով և այն հաղորդում ստորիններին:
Իսկ վերջին երեքը առավել մերձ են մեզ. վերևի դասերից ստանալով շնորհ և զորություն՝ փոխանցում են մեզ և սպասավորում ողջ մարդկությանը՝ ի վերուստ տրված հրամանների համաձայն: Այս պատճառով մեզ առավել հայտնի են ամենավերջին դասի հրեշտակապետներն ու հրեշտակները:


«Գաբրիել», որ թարգմանվում է «Աստծու մարդը» կամ «Աստծու Զորությունը», բոլորին ծանոթ հրեշտակապետն է:Գաբրիելը Տիրոջ կարևորագույն որոշումներն ու տնօրինություններն իրագործող անմիջական պաշտոնյան է, ով մարդկանց աղոթքները Աստծուն է հասցնում:


Հաջորդը Միքայել հրեշտակապետն է: Սուրբ Գրքից նա մեզ հայտնի է իբրև Իսրայելի ժողովրդի իշխանը, որ մարտնչում էր նրա թշնամիների դեմ: Որպես երկնային զորքերի հրամանատար՝ նա անտեսանելի կերպով մարտնչում է սատանայի դեմ: Հովհաննես ավետարանչի Հայտնության գրքում նկարագրված է նրա պատերազմը երկնքում և հաղթանակը՝ վիշապի, սատանայի և նրա չար զորակիցների նկատմամբ:
Միքայել հրեշտակապետին Եկեղեցին պատվում է հնագույն ժամանակներից ի վեր՝ նրա հիշատակը տոնելով Գաբրիել հրեշտակապետի և բոլոր հրեշտակների հետ մեկտեղ:

 


Մարիետտա Խաչատրյան

  • 2021-08-09
×