Կասկած չկա, որ մաքրություն սովորեցնելու համար անցյալում գործադրված բոլոր ջանքերը նպաստել են մարդու կենսամակարդակի բարձրացմանը։ Եվ իրոք այդպես է, քանի որ մաքրությունը այն հատկությունն է, որը բնորոշ է սուրբ և մաքուր Աստծուն և բխում է Նրանից։ Աստված սովորեցնում է, որ մեզ համար օգտակար է սուրբ ու մաքուր լինել բոլոր առումներով: Աստվածաշունչը մատնանշում է չորս ոլորտներ, որոնցում Աստծո զավակները պետք է ջանք թափեն մաքրություն պահպանելու համար։
Հոգևոր մաքրություն։ Քրիստոնյաների ծոմ պահելու պատճառներից մեկը հոգևոր մաքրությունն ու ներդաշնակությունն է, ինչպես ճգնավորների դեպքում, ովքեր փակվել են սառը խցերում և վարել ժուժկալ կյանք, որպեսզի գտնվեն ներդաշնակության մեջ իրենց և Աստծո հետ: Այս ամենի միջոցով մարդիկ փորձել և փորձում են խաղաղություն ձեռք բերել իրենց հոգիներին: Կարծում եմ, որ ամեն ոք պետք է ինքը մշակի իր ուրույն մեթոդներն ու ճանապարհը դեպի հոգևոր ներդաշնակություն: Այս ոլորտում մաքրություն պահպանելը պետք է ամենակարևորը համարվի, պարզ ասած՝ «հոգեպես մաքուր լինել» նշանակում է, երբեք չանցնել ճշմարիտ և կեղծ երկրպագությունների միջև Աստծո կողմից սահմանված գիծը, քանի որ նրա համար կեղծ երկրպագության ցանկացած ձև անմաքուր է։
Բարոյական մաքրություն։ «Բարոյական արժեք» ասելով` հասկանում ենք այն վեհ գաղափարները, պատվիրանները, ուսուցումները, որոնք ապահովում են մարդու բարոյական, առաքինի կյանքն ու նկարագիրը: Այս ոլորտում ևս Աստված հստակ սահման է դրել մաքուրի և անմաքուրի միջև։ Աստծուն սիրող անհատները գիտեն, որ անբարոյականությունը, միասեռականությունը, նախաամուսնական սեռային հարաբերությունները ամբողջովին խախտում են բարոյական մաքրության վերաբերյալ Աստծո չափանիշները։ Սակայն, նման արարքները սովորական երևույթ են դարձել այսօրվա աշխարհում և նույնիսկ մոդայիկ են համարվում։
Մտային մաքրություն։ Անհատի թաքնված մտքերը, որոնք միայն իրեն են հայտնի, չպետք է սկիզբ տան անմաքուր գաղափարների։ Հիսուսն այդպիսի մտքերը նկատի ուներ, երբ ասաց. «Ամեն մարդ, որ կնոջը նայում է նրան ցանկանալու համար, արդեն շնացավ նրա հետ իր սրտում» (Մատթէոս 5։28)։ Այսպիսով՝ քրիստոնյաները չպետք է թույլ տան, որ անմաքուր մտքերը զբաղեցնեն իրենց, ինչը կարող է դրդել անմաքուր, անսուրբ խոսքի և գործերի։
Ֆիզիկական մաքրություն։ Աստվածաշնչում սրբությունն ու ֆիզիկական մաքրությունը սերտորեն կապված են, ինչպես Պողոս առաքյալն է գրել. «Սիրելինե՛ր, և որովհետև այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծո երկյուղով» (Բ Կորնթացիս 7։1)։ Հետևաբար, ճշմարիտ քրիստոնյան պետք է իր ուժերի ներածին չափով աշխատի հետևել իր անձնական հիգիենային, ինչպես նաև իր բնակարանն ու շրջապատող միջավայրը մաքուր և կոկիկ վիճակում պահել, որովհետև մաքրությունը քրիստոնյայի կյանքի անբաժան մասն է։
Մարիետտա Խաչատրյան