Տեր Եսայի քահանա Արթենյան.« Հոգևոր պահքը ամբողջ կյանքի համար է»

Տեր Եսայի քահանա Արթենյան.« Հոգևոր պահքը ամբողջ կյանքի համար է»

Նոր տարի, ճոխ սեղաններ, առատ ուտելիքներ, կերուխում և պահք: Ի՞նչ անել: Պահե՞լ թե՞ չպահել: Ահա այն կոնֆլիկտը, որն առաջանում է տոնական եռուզեռի մեջ ու մարդիկ սկսում են մտածել. շատերը խուսափում են, ոմանք` երկմտում, իսկ ահա կամքի ուժ ունեցողները վաղուց կայացրել են այդ որոշումը` միանշանակ պահել: Հետևել պահքի սննդակարգին, բայց չլինել Աստվածաշնչյան պատգամներին հավատարիմ, նշանակում է զբաղվել ինքնախաբեությամբ. «Հոգևոր կյանքում չկա սահմանազատում սննդի պահքի և հոգևոր պահքի: Պահքի այս երկու դրսևորումները պետք է միասին հանդես գան: Առհասարակ, քրիստոնյան միշտ պետք է հոգևոր պահքով ապրի` չստի, չբարկանա, միշտ պատրաստ լինի ընկածին օգնել, բարի լինի, կախվածություններից հեռու մնա, մեղքեր չգործի և նման այլ արժեքներով առաջնորդվի: Հոգևոր պահքն ամբողջ կյանքի համար է»,- նշեց Ս.Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը: 

 
Նազենին մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ չի կարողանում հրաժարվել համեղ ուտելիքներից և հետևել պահքին. «Ամեն տարի ինքս ինձ խոստանում եմ` պահելու եմ, բայց, չանցած մի քանի ժամ, ես սեղանի շուրջ նստած մոռանում եմ, որ պահքի մեջ եմ»: 
 
Հակառակ Նազենիի կարծիքի` Անին արդեն երկար տարիներ է, ինչ պահքի օրերին հետևողական է. «Անկեղծ եթե լինեմ, ապա ես հեշտությամբ եմ պահք պահում, որովհետև իմ սննդակարգը մեծ փոփոխությունների չի ենթարկվում. ես բուսակեր եմ»:
 
 Մեր այն հարցին, թե ինչու՞ է պահք պահում, Անին վստահ պատասխանեց. «Այլ կերպ հնարավոր չէ: Էլ ի՞նչ քրիստոնյա, եթե ժամանակ առ ժամանակ չկարողանա իրեն զրկի ուտելիքներից: Նման մարդիկ կարող են նաև հեշտ կախվածության մեջ ընկնել և տրվել մոլությունների: Եթե մարդը չի կարողանում սննդից հրաժարվել, ապա կամք դրսևորել մյուս կարևոր հարցերում, ես չեմ պատկերացնում: Ամեն ինչ մեզնից է կախված»: 
 
Տեր Եսայի քահանա Արթենյանը լիահույս է, որ կգա մի ժամանակ, երբ պահքը բոլորիս համար կդառնա միայն սննդակարգի փոփոխություն. «Եթե մենք գանք այն գիտակցման, որ հոգևոր պահքը ամենօրյա պահանջ է, ապա պահքի օրերին մեզանից կպահանջվի միայն հեռու մնալ կենդանական ծագում ունեցող ուտելիքներից, ինչը շատ հեշտ է: Մենք փոքր, բայց վստահ քայլերով գնում ենք նրան, որ վաղ թե ուշ բոլորը պահեն պահքը»:
 
 Ի վերջո, մենք ինքներս ենք որոշում պահե՞լ պահքը, թե՞ ոչ: Կարևորը տոնական բարձր տրամադրությունն ու լավատեսությունն է և սննդակարգի փոփոխությունը երբեք չի կարող ազդել դրանց վրա:
 
 
 Լիլիանա Օսիպյան
  • 2021-08-09
×