«Մեծ Պահքի ընթացքում ես առանձնահատուկ հետևում եմ բոլոր այն ծիսական կանոններին, որոնք կարևոր են: Ինձ համար առաջնահերթ է կիրակի օրերին Ս. Պատարագներին մասնակցելը. անկեղծ ասած այդ օրը կարծես ամփոփվում է ամբողջ շաբաթը: Ի դեպ, կենսակերպի մաս է դարձել նաև ամեն առավոտ հետևել Մեծ Պահքի տվյալ կիրակիի խորհրդին: Ինչպես գիտենք, Մեծ Պահքն իր մեջ ընդգրկում է յոթ կիրակիներ` Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի և Գալստյան` միասնաբար կազմելով մի «ոսկե շղթա»:
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է կարողանում հեշտ և սննդի խիստ սահմանափակումներին հետևելու տանել Մեծ Պահքի օրերը, տիկին Ալվարդը առանց մի պահ վարանելու, շատ կտրուկ պատասխանեց՝
-Հավատով, բալե՛ս, միայն հավատով:
Աստվածաշնչում ասվում է՝ «Հավատը հուսացած բաների հաստատուն ակնկալությունն է և ակնհայտ ապացույցը այն իրողությունների, որոնք տեսանելի չեն» (Եբրայեցիներ 11։1)։
-Եթե դու հավատ չունենաս, որևէ գործ կսկսե՞ս: Չես սկսի, հաստատ չես սկսի: Գիտես՝ ինչի՞ են մարդիկ Պահքի սկսվելու նախորդ շաբաթ օրը ընկնում սթրեսի մեջ կամ սկսում են անհանգստանալ, որովհետև ցանկանում են սկսել մի գործ, որին չեն հավատում: Արդեն կյանքը բավականին ապրել եմ. հոգով տասնութ մնացի, բայց վաթսունը բոլորեցի: Տասնինը տարեկան էի, երբ որոշեցի առաջին անգամ Պահք պահել ու դա եղավ կյանքիս այն որոշումներից, որը ստիպեց հետագայում պատասխանատվություն կրել իմ բոլոր որոշումների համար: Հիմա կհարցնեք՝ ինչու՞: Պատասխանեմ. Մեծ Պահքը, եթե իրապես իր բոլոր խորհուրդներով ընկալես ու պահես, ապա ամբողջ աշխարհընկալումդ կփոխվի, բալե՛ս: Կփոխվես այնքան, որ տեսնելով փոփոխություններդ՝ ինքդ կցանկանաս շարունակել այն ամենը, ինչը սկսել ես, միայն թե այդ քառասունութ օրերը դանդաղ անցնեն, որ աչքիդ առաջ տեսնես սեփական անձնային աճդ: Այդպես է, չէ՞:
Ես ամենևին ոգևորելու միտում չունեմ, պարզապես ցանկանում եմ, որ մարդիկ կյանքում հավատան այն ամենին, ինչը սկսում են:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին