Մեղքի գիտակցության և զղջման նշանակությունը քրիստոնյայի կյանքում

Մեղքի գիտակցության և զղջման նշանակությունը քրիստոնյայի կյանքում

Մեղքի գիտակցությունն ու զղջումը հատուկ են եղել բոլոր սրբերին: Թե՛ մարգարեները, առաքյալները և թե՛ մեծահամբավ հայրապետներն ու վարդապետները, սրբակեցությամբ և մեծամեծ շնորհներով փայլելով հանդերձ, իրենց անձերը խիստ մեղավոր ու անկատար են համարել: Ըստ նրանց վկայության՝ զղջումն ու արտասուքը աստվածամերձ և աստվածասեր լինելու նշան է, իսկ հարատև արտասուքը՝ մեծագույն շնորհ, եթե այն ի ցույց մարդկանց չէ, այլ՝ ծածուկ, իսկ Աստված, որ տեսնում է ծածուկը, հայտնապես հատուցում է: Ինչպես որ մեր եկեղեցու հայրերից Գրիգոր Վկայասերն է ասում. «Արտասուքի կաթիլները մաքրում են հոգու ախտերը և սրբագործում այն»:
 

Ցավոք, այս կարևոր աստվածային շնորհին խորապես անտեղյակ են այսօրվա բազում քրիստոնյաներ, մանավանդ՝ օրավուր աճող ավետարանական-բողոքական հարանվանությունների և աղանդավորական ուղղությունների հետևորդները, որոնց որդեգրած պաշտամունքային ձևերը գնալով առավել ժամանակակից ու խրախճական հնչերանգ են ստանում: Նրանք փառաբանության խնդությունը հակադրում են արտասուքի  մռայլությանը, մերժում են արտասուքի կարևորությունը քրիստոնյայի կյանքում՝ այն համարելով հոգևոր կյանքին խորթ, ավելորդ հոգեկան զեղում և հնացած, միջնադարյան մոլեռանդություն:
 

Նման մարդիկ աներկյուղ հանդգնությամբ հաճախ անտեսում են Սուրբ Գրքի բոլոր այն խոսքերը, որոնցում մատնաշված է կամավոր ճիգերի, արտասուքի ու վշտակրության անհրաժեշտությունը: Մեղքի հանդեպ իրենց անտարբեր վիճակը շփոթում են հոգևոր խաղաղության հետ, և ինչպես Հովհան Մանդակունին է ասում. «Չարիքներով խոցոտվում ենք, սակայն առողջների նման անհոգ ենք»: Եթե որևէ մեկը զուրկ է զղջման այս աստվածային շնորհից, պատճառը սեփական մեղանչումներն անտեսելն է՝ դրանք համարելով բնական և օրինաչափ երևույթներ: Որտեղ բացակայում է հոգևոր նորոգության ընթացքը, այնտեղ մեղանչումները սրտին ոչ մի ցավ չեն պատճառում, քանզի նրա խիղճը արդեն բթացել է անընդհատ խարազանումների և անպատասխան մնալու հետևանքով և անտեղյակ է Սուրբ Հոգու տրտմությանը: Քանզի Սուրբ Հոգին տրտում է այն ժամանակ, երբ մենք մեղք ենք գործում կամ սայթաքում ենք: Պողոս առաքյալը հորդորում է անդադար աղոթել և Սուրբ Հոգուն չտրտմեցնել, իսկ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Մեղքի մեջ անզգայացած այնպիսի մարդիկ կան, որոնք ասում են, թե ինչու իրենք պետք է տրտմեն ու արտասվեն, եթե Աստված պատվիրում է միշտ ուրախ լինել և ցնծալ: Իրենց այս ծիծաղն ու թվացյալ երջանկությունը սատանայից է և ոչ թե՝ Աստծուց: Այսուհետև մի խնդրիր Աստծուց այն, ինչ սատանայից ես ստանում: Քանզի Աստված ուրախություն և ցնծություն է տալիս միայն խոնարհ ու զղջացող մարդուն»:
 

Զղջման և սուգի միջոցով է, որ առատանում է ուրախությունը:

 

Եթե Հիսուս երանի է տալիս սգավորներին, ապա այդ դեպքում Պողոս առաքյալը փիլիպեցիներին ուղղված նամակում ինչո՞ւ է հորդորում ամեն ժամ ուրախ լինել: Պողոս առաքյալի խոսքը արտասուքների խնդության մասին է: Ով ճշմարիտ հավատքով հաղորդ է աստվածային բնությանը, նրա համար փառաբանության երանությունը և զղջման արտասուքը ոչ թե հակասելի են, այլ միմյանց լրացնող ամբողջություն են կազմում, ինչպես շունչն ու արտաշունչը: Եվ որքան մեծ է զղջումն ու սեփական անձի անարժանության զգացումը, այնքան խորն է առ Աստված գոհությունը:
 

Աստված Իր փառավորումը ամենից առաջ մեր ներսում է փնտրում և ոչ թե արտաքին փառաբանությունների և գովաբանությունների մեջ, ինչպես որ Եսայի մարգարեի բերանով է ասում. «Նրանք միայն շրթներով են ինձ պաշտում, սակայն նրանց սրտերը հեռացել են ինձանից»: Եթե հավատացյալը զլանում է քննել իր անձը՝ սեփական մեղքերն ու արարքները հայտնաբերելով զղջալու և խոստովանելու համար, ակամայից հաշտվում է մեղքերի հետ: Չարը ձգտում է ամեն գնով խափանել ապաշխարելու մտադրությունը՝ բազում հնարներ գործադրելով, այդ իսկ պատճառով երբեմն դժվարին է լինում ապաշխարության սկիզբը: Շատ հաճախ մարդիկ, բազում մեծամեծ մեղքերի մեջ ընկնելով, անիմաստ են համարում զղջումն ու խոստովանությունը, պատճառաբանելով, որ իրենք այլևս անհույս կորած են իրենց չար և անբարո կենցաղավության պատճառով և երբեք էլ չեն կարող արժանանալ Աստծու կողմից ներման և թողության: Սակայն ադպիսիները չարի կողմից ուղղակի խաբված են և չեն գիտակցում, որ նա իր բազմատեսակ մեքենայություններով խանգարում է մեղավորների զղջումն ու ապաշխարությունը՝ նրանց մշտապես անհուսության մեջ թողնելով, որպեսզի փրկության չարժանանան: Զղջման և ապաշխարության վերաբերյալ նման պատկերացումներին որպես հակակշիռ հանդիսանում են սուրբգրային և սրբոց վարքագրական գրականության մեջ հայտնի այն սրբազան դեմքերը, ովքեր նախապես չարի կողմից մահացու մեղքերով բռնված լինելով հանդերձ կարողացել են զղջմամբ և ապաշխարությամբ հասնել հոգևոր բարձունքների: Ճշմարիտ զղջումը սկսվում է ինքնաքննությունից: Քանզի եթե մարդ խորապես քննի իր անձը՝ թափանցելով սեփական հոգու խորքերը, և մանրակրկիտ վերլուծելով իր մտածումները, խոսքերն ու արարքները, ապա ներհայեցողությամբ կտեսնի ամենից առավել իր անարժան և մեղավոր վիճակը: Նման խորը ինքնաքննության բացակայության դեպքում զղջումը մակերեսային բնույթ է կրում և միայն արտաքին մեծ սայթաքումների հետ է կապվում՝ զանց առնելով մեղքի բուն արմատը: Ինչպես որ առանց համապատասխան դարմանումի, խորը վերքին միայն վիրակապ դնելով, հնարավոր չէ լիարժեք բուժումը, նույնպես և առանց խորը զղջման և ապաշխարության անհնար է հոգու ախտերի բուժումը: Այսպիսի զղջումը գրեթե չի նպաստում հոգևոր առաջընթացին, և նման ձևով շարժվող մարդիկ ոչ թե էական բժշկություն են փնտրում, այլ շուտափույթ արդարացում:
 

Այսպիսով, միմիայն զղջման արտասուքն է մարդուն ուրախություն պատճառում, սրբացնում և դեպի կատարելություն առաջնորդում, քանզի տրտմությունը կամ սուգը նման է մի վարդապետի, որ մարդկանց ուսուցանում է այն ամենը, ինչ որ օգտակար է նրանց:


 

Պատրաստեց Գայանե ԳԱԼՍՏՅԱՆԸ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-08-09
×