Աստվածաշնչի դժվարըմբռնելի էջերը. Ի՞նչ էր գրում Հիսուս գետնի վրա

Աստվածաշնչի դժվարըմբռնելի էջերը. Ի՞նչ էր գրում Հիսուս գետնի վրա

Հովհաննես Ը 6

 

Շատ անգամ ընթերցելով Սուրբ Գիրքը՝ հանդիպում ենք այնպիսի հատվածների, որոնք իրենց մեջ հարցականներ են պարունակում։ Թվում է, թե հեղինակը մեզ ամբողջությամբ չի հայտնում պատահածը, այլ խոսում է խորհրդաբանական լեզվով, հնարավորություն է տալիս ընթերցողին մտածել աստվածաշունչ խոսքերի մասին։ Դա ևս մեկ անգամ օգնում է անհատին մտքում ունենալ Տիրոջ պատգամների խորիմաստ գանձերը, փնտրել բացատրություններ, ի վերջո հասնել այն երանությանը, որի մասին սաղմոսերգում ասում է. «Նրա օրենքների մասին է խորհում օր ու գիշեր» (Սաղմոս Ա 2)։ Սուրբգրային պատգամը մշտապես բացահայտվում է փնտրողներին, միաժամանակ մնալով վերջնականապես անմեկնելի խորհուրդ, որի մասին մտածելն արդեն աստվածահաճո ընթացք է, իսկ ընկալելը՝ աստվածային պարգև։ Եկեղեցու սուրբ հայրերը իրենց ամբողջ կյանքն ընծայում էին սուրբգրային մեկնությանը, որի միջոցով ճանաչելի էին դարձնում Աստծուն Իր ժողովրդին։ Աստված այսօր ևս ներկա է Իր սուրբ Եկեղեցում, ներկա է յուրաքանչյուր հավատացյալի կյանքում և այսօր նույնպես խոսում է մեզ հետ Աստվածաշնչի էջերից: Աստվածային Խոսքի անհուն խորությունը դարձյալ մղում է մեզ փնտրել այն «ագարակում թաքնված գանձը», որի համար «մարդը վաճառում էր իր ամբողջ ունեցվածքը ու գնում այդ ագարակը»։
 

Հովհաննեսի Ավետարանում ներկայացված պոռնիկ կնոջ դատը Ավետարանների ամենախրթին հատվածներից մեկն է։ Մի կողմից ներկայացված է պարզ մի պատմություն. Հիսուս չի դատապարտում մեղավոր կնոջը՝ ցույց տալով դպիրներին ու փարիսեցիներին, որ բոլորն էլ մեղանչական են, և արդար դատաստանը պետք է փոխարինվի այն ողորմածությամբ, որն Աստված հայտնեց Իր Միածին Որդու աշխարհ գալով։ Սակայն պատմության հանգամանքները մի շարք հարցեր են առաջացնում․ ինչո՞ւ դատապարտողները փոխեցին իրենց դիրքորոշումը և խղճահար լինելով լքեցին վայրը, և ինչո՞ւ Հիսուս միանգամից պատասխան չի տալիս նրանց, այլ նշաններով է խոսում՝ որպես մարգարե, և ի՞նչ է այդ նշանների իմաստը։ Սույն հատվածը դարեր շարունակ այնքան խնդրահարույց է եղել, որ երկար ժամանակ բացակայել է Ավետարանի հիմնական բնագրերից։ Այն հնագույն ձեռագրերից միայն մեկում է պահպանվել, որը թվագրվում է  5-րդ դարի սկզբով։ Իսկ հատվածի ամենահին մեկնությունն արևելյան հայրերից Եվթիմիոս Զիգաբենոսին է պատկանում (12-րդ դար)։ Սակայն մի կողմ թողնելով բնագրային հարցերը՝ հարկ է անդրադառնալ հատվածի բովանդակային վերլուծությանը։
 

Հայրաբանական մեկնաբանության ամենահին և ամենատարածված տարբերակն է Դ դարի մեկնիչ Հիերոնիմոս Ստրիդոնացու  մոտեցումը, որի համաձայն, Քրիստոս «մատով գետնի վրա գրում էր» ամբաստանողների մեղքերը: Ավետարանիչը չի նշում, թե ո՞ր մեղքերն էին այնտեղ գրվում, որովհետև դրանք նողկալի էին և չպիտի գրվեին Սուրբ Գրքում։ Ըստ ավանդության՝ Հիսուս բացահայտում էր քահանայապետների, դպիրների և փարիսեցիների գաղտնի անօրենությունները։ Նրանք, ովքեր ուրիշների մեղքերի հետևից էին ընկնում, ծածկում էին իրենց մեղքերն արհեստականորեն։ Սակայն Ամենատեսից անհնար էր որևէ բան թաքցնել։  Նման մոտեցումը կարծես թե բավարարում էր ժամանակաշրջանի ընթերցողներին, չնայած այն հանգամանքին, որ կային և այլ տարբերակներ։ Մյուս կողմից մեկնիչները նաև հարց էին տալիս, թե արդյոք ճի՞շտ են դատում այդ կնոջը։ Նախ շատ կարևոր է նկատել, որ այստեղ կիրառվում է «կին» (γίνομαι) գոյականը, որը նշանակում է, թե նա ամուսնացած է։ Իսկ «եթե մի տղամարդ շնանա ամուսնացած մի կնոջ հետ, կամ իր ընկերոջ կնոջ հետ մահապատժի թող ենթարկվեն և՛ շնացողը, և՛ շնացածը» (Ղևտական Ի 10)։ Հարց․ ինչո՞ւ է պատժվում միայն կինը։ Ասում են․ «Օրենքում Մովսեսը մեզ պատվիրել է այսպիսիներին քարկոծել»։ Բայց իրականությունն այլ է․ Օրենքում թեև նշվում է շնացողին մահվան պատիժ տալու հանգամանքը, սակայն խոսք չկա քարկոծելու մասին (տե՛ս Ղևտական Ի 10, Բ Օրենք ԻԲ 22)։ Այդ իսկ պատճառով Քրիստոս սկզբում լռում էր՝ թողնելով նրանց խղճի վրա։ Սակայն նրանք կրկին հարցրեցին նույնը՝ ստիպելով պատասխան տալ։ Իսկ Նա պատասխանեց երկնային իմաստությամբ․ «Ձեր միջից անմեղը նախ թող քար գցի դրա վրա»։ Ըստ Օրենքի՝ առաջինը վկան պետք է քար նետեր մեղադրյալի վրա և ապա մյուսները (տե՛ս Բ Օրենք ԺԳ 10, ԺԷ 7)։ Այսպիսով՝ Օրենսդիրը ամեն կերպ փորձում է արթնացնել քարկոծողների մեջ օրենքի ճշմարիտ ընկալումը՝ ցույց տալով, որ այն, ինչ Նա ժամանակին մատով գրել է քարեղեն տախտակների վրա, չպետք է ջնջվի ավազի վրա մատով գրվածի պես, այլ պետք է անաչառորեն իրականացվի երկյուղով և աստվածպաշտությամբ։


 

Պատրաստեց Տաթև ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-08-09
×