Հարցեր, որոնց պատասխանները կցանկանայինք լսել Աստծուց

Հարցեր, որոնց պատասխանները կցանկանայինք լսել Աստծուց

Ողջ աշխարհում մարդիկ կյանքին վերաբերող լուրջ հարցեր ունեն, որոնք կցանկանային տալ Աստծուն: Շատերն իրենց հարցերը տվել են հոգևոր հայրերին, բայց բավարարող պատասխաններ չեն ստացել։ Մյուսները այդ հարցերի շուրջ ինքնուրույն են խորհել։ Ոմանք աղոթել են՝ խնդրելով առաջնորդություն։ Բայց արդյո՞ք հնարավոր է Աստծուց ստանալ մեզ մտահոգող հարցերի պատասխանները։ Ահա այն հարցերից մի քանիսը, որ մարդիկ կցանկանային տալ Աստծուն։
 

Իրականում ո՞վ է Աստված. այս հարցը բոլոր ժամանակներում մարդկանց ամենից շատն է հետաքրքրել: Քրիստոնեությունը ասում է՝ Աստված պարզ Էություն է, ամենապարզը բոլոր գոյություններից։ Նա ավելի պարզ է, քան արեգակը։ Նա այն իրողությունը չէ, որի մասին մենք կարող ենք դատողություններ անել և դրա միջոցով հասկանալ ու ճանաչել։ Ինչպես ասում է Աստվածաշունչը. «Կան բազում աստվածներ և բազում տերեր։ Բայց մեզ համար միայն մե՛կ Աստված կա, Հայր, որ ստեղծել է ամեն բան, և մենք ապրում ենք նրանով» (Ա Կորնթացիս 8։5, 6):
 

Ինչու՞ է տառապանքը այսքան շատ. երբեմն մարդիկ իրենց մեղքով չէ, որ ծանր տառապանքներ են կրում։ Ոմանք քրոնիկական հիվանդություններ ունեն։ Մյուսները պայքարում են անհաղթահարելի թվացող դժվարությունների դեմ՝ իրենց գլխավերևում տանիք և ընտանիքի համար բավականաչափ սնունդ ունենալու համար։ Միլիոնավոր մարդիկ էլ զոհ են դառնում հանցագործության, պատերազմի, բնական աղետների, իշխանավորների անարդարության, ինչպես նաև բռնության: Զարմանալի չէ, որ շատերը հարցնում են. Ինչո՞ւ են նման երևույթներն այսքան տարածված դարձել։ Ինչո՞ւ է Աստված թույլատրում այսքան տառապանք:
 

Ո՞րն է կյանքի իմաստը. այս հարցը հաճախ առաջանում է հիասթափությունից, երբ անհատը զգում է, որ իր առօրյա գործունեությունը բավարարվածություն չի պատճառում իրեն: Միլիոնավոր այլ մարդիկ հավատում են, որ յուրաքանչյուր անհատի կյանքը ինչ–որ ձևով նախասահմանված է Աստծո կողմից։ Արդյո՞ք այդպես է։  Միայն Աստվածաշնչում մենք կկարողանանք գտնել մեզ հուզող հարցերի պատասխանները: Շատերը կարծում են, որ անհատն ինքը պետք է որոշի, թե որն է իր կյանքի նպատակը: Նա, ով իր կյանքում հստակ նպատակ ունի, կարողանում է հաղթահարել դժվարությունները և արագ ոտքի կանգնել։ Կյանքի իմաստը գտնելու ամենատրամաբանական միջոցը Աստծուն դիմելն է:

 

Մարիետտա Խաչատրյան

  • 2021-08-09
×